
Արմեն Չարչյանին ծափահարություններով դիմավորեցին. դատարանը քննում է նրա խափանման միջոցի հարցը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը:
Կալավայրից դատարան բերված Չարչյանին դահլիճում գտնվող անձինք ծափահարություններով դիմավորեցին:
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է համացանցում մեկ ամիս առաջ հայտնված մի ձայնագրությունից հետո, որում նա զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։
Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։ Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունք է դրսևորելու։
Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով, ապա նրան նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել և խափանման միջոց ընտրվել կալանավորումը` մեկ ամիս ժամկետով: Մինչ կալանավորման մեկամսյա ժամկետի լրանալը, Չարչյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և գործն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Վահե Միսակյանին:
Դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո՝ մինչև դատաքննություն նշանակելը, դռնբաց նիստով անդրադառնում է մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցին, և այսօր հենց այս հարցի քննությունն է դատարանում: Նշենք, որ Չարչյանի պաշտպանները բարձրաձայնել են այն մասին, որ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումն ի սկզբանե անօրինական է եղել:
Մեկնաբանել