
Պեսկով. «Ռուսաստանը կողջունի Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը»
Ռուսաստանը պատրաստ է ողջունել Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում ԵՄ երկրների միջնորդական ջանքերը, եթե դրանք կնպաստեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե միջնորդական ջանքերը բերում են կայունություն և կանխատեսելիություն ու օգնում առկա պայմանավորվածությունների իրականացմանը, ապա դրանք միայն կարելի է ողջունել։ Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ աշխատանքները վատ չեն ընթանում»,- նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԵՄ երկրներից հնչող այն հայտարարությունները, թե մտադիր են ներգրավվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափին։
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածություններին հնարավոր է եղել հասնել միայն «նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ ջանքերի միջոցով»։ «Նա մշտական կապի մեջ է թե վարչապետ Փաշինյանի և թե նախագահ Ալիևի հետ»,- նշել է Պեսկովը։ Վերջինս նաև հավելել է, որ ներկայումս իրենք աշխատում են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ։
Լուսանկարը՝ Андрей Никеричев / АГН «Москва»
Մեկնաբանել