HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրը փակվում է

«Լեռ-էքս» ՍՊԸ-ն հրաժարվում է Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայրի արդյունահանման թույլտվությունից և հանքավայրի ու կոմբինատի փակման ծրագիր է ներկայացրել։

«Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Հանքասարի պղինձ-մոլիբդենային կոմբինատը՝ որպես մեկ միասնական համակարգ, բաղկացած է հանքավայրից, հարստացուցիչ ֆաբրիկայից և պոչանքային տնտեսությունից։ Պոչանքային տնտեսությունն իր հերթին ներառում է պոչամբարը, պոչանքները, որը 420 մ երկարությամբ խողովակաշարով տեղափոխվում է պոչամբար, ինչպես նաև ջրամատակարարման համակարգը։

Համաձայն ներկայացված նախագծի՝ պոչերը խյուսի տեսքով տեղափոխվել և պահեստավորվել են պոչամբարում։ Պինդ մասը կուտակվել է պոչամբարում, իսկ պարզվածքը վերադարձել է շրջանառու համակարգ։ Ներկայում պոչամբարում առկա թափոնների՝ պոչանքների ծավալը 455 հազար տոննա է։

Փակման ծրագրով նախատեսված է ստորգետնյա հանքից բոլոր տեխնոլոգիական սարքավորումները դուրս բերել, վաճառել կամ տեղափոխել Քաջարան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բազա։ Հիշեցնենք՝ «Լեռ-էքս» ՍՊԸ-ն 100 տոկոսով պատկանում է ԶՊՄԿ-ին։

Ստորգետնյա հանքի 2 բովանցքերը կփակվեն երկաթբետոնով՝ թողնելով ջրահեռացման առու։

Պոչամբարը կապամոնտաժվի, խողովակները կվաճառվեն։ Կապամոնտաժվի նաև հարստացուցիչ ֆաբրիկան և սարքավորումները, դրանք կտեղափոխվեն ԶՊՄԿ-ի բազա՝ հետագա իրացման կամ օգտագործման համար։

Լեռնահանքային համալիրի կառուցման և շահագործման պատճառով խախտված հողատարածությունները կռեկուլտիվացվեն։ Երկու բովանցքերի լցակույտերից ապարները պետք է բարձվեն և տեղափոխվեն պոչամբարի հրապարակ, որտեղ դրանք կփռվեն համապատասխանաբար 0.5 մ շերտերով և բուլդոզերի օգնությամբ կհարթեցվեն: Տվյալ տարածքը 0,82 հա է։

Հարստացման ֆաբրիկայի վերականգնվող տարածքի մակերեսը կազմում է 1.06 հա: Տարածքի ռեկուլտիվացման կենսաբանական փուլը նախատեսվում է իրականացնել խոտաբույսերի ցանքի միջոցով։

Պոչամբարի տարածքը նույնպես հարթեցվելու է, որպեսզի նախապատրաստվի հետագա տեխնիկական ռեկուլտիվացմանը: Պոչամբարի հողերի վերականգնվող տարածքի մակերեսը կազմում է 2.53 հա:

Հիշեցնենք՝ «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունքը ստացել էր 2008թ․-ին, այն վավեր է մինչև 2030թ.: Սակայն ընկերությունը չէր շահագործում հանքավայրը 2014թ. վերջին եռամսյակից:

Այստեղ հաստատված են եղել պղնձի 13582.3 տ և մոլիբդենի 5640.8 տ պաշարներ: Հանքավայրի հաստատված պաշարները 01.01.2007թ.-ի դրությամբ կազմում էին 2762.4 հազար տոննա, այդ թվում C1 կարգի՝ 1147.4 հազար տոննա, C2 կարգի՝ 1615.0 հազար տոննա: Հանքավայրի մնացորդային պաշարները 01.01.2018թ.-ի դրությամբ կազմում են 2591.695 հազար տոննա, այդ թվում․ C1 կարգի՝ 1084.246 հազար տոննա, C2 կարգի՝ 1507.449 հազար տոննա:

Լուսանկարն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter