
98-ամյա Արաքսյա Խաչատրյանն ուզում է Ավետարանոցի իր տուն վերադառնալ
Արաքսյա Խաչատրյանն Ավետարանոց գյուղի ամենատարեց բնակիչն է։ Նրա հայրական տունը, ունեցվածքը, ծնողների ու ամուսնու գերեզմանները, 13 մեդալն ու զինվորական համազգեստը մնացել են գյուղում, որը հոկտեմբերի 27-ին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հիմա նա կրտսեր որդու ընտանիքի հետ ապրում է Ստեփանակերտի մերձակայքում գտնվող, «Հորիզոն-95» ընկերությանը պատկանող տարածքում։
10-րդ դասարանում իրենց դասարանի աղջիկներից մի քանիսին հաշվառել ու կանչել են զինկոմիսարիատ՝ Հայրենական մեծ պատերազմ ուղարկելու համար։ Արաքսյան ասել է, որ պատրաստ է զորակոչվել։ Սկզբում մոտ 3 ամիս Բաքվում սովորել է նռնակ նետել և կրակել, որից հետո նրան ուղարկել են 3-րդ ուկրաինական ճակատ, կապավոր է եղել։
Հայրենական պատերազմի ավարտից հետո Արաքսյան վերադարձել է Ավետարանոց, նրան նշանակել են գյուղի ակումբավար, որոշ ժամանակ հետո ամուսնացել և ունեցել է երեք որդի։ Հետո տեղափոխվել են Բաքու, որտեղ էլ 11 տարի աշխատել է կարի ֆաբրիկայում։ Մոտ 40 տարի ապրել է այնտեղ։ 1988-ին Արաքսյա Խաչատրյանի ընտանիքը վերադարձել է Ավետարանոց։ Մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմն ապրել են գյուղում։
Ավետարանոցում նրանք հող են մշակել, անասնապահությամբ զբաղվել։ Տարեց կինը ուզում է իր տուն վերադառնալ, պատմում է, թե որտեղ է թողել զինվորական համազգեստն ու մեդալները։ Մեզ հարցնում՝ դրանք մնացած կլինեն, թե ադրբեջանցիները տարել են: Հարազատները նրան ասել են, որ վերադառնալու են գյուղ: Ու մեզ հարցնում է՝ երբ ենք գնալու մեր գյուղ:
«Ուզում եմ իմ գյուղ գնամ, իմ տուն գնամ, որ մահանամ՝ իմ գյուղում մահանամ»,- ասում է Արաքսյա Խաչատրյանը:
Տեսանյութը՝ Անի Ղուլինյանի
Մեկնաբանել