HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համլետ Հայրիյանը վիրավորվել և չի կարողացել դուրս գալ շրջափակումից․ նոյեմբերի 17-ին են մարմինը գտել

2020 թ.-ի հոկտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի պաշտպանական մարտերի ընթացքում, գրեթե միաժամանակ, վիրավորվել են համագյուղացիներ Սպարտակ Հակոբջանյանը, Գառնիկ Սարգսյանը և Համլետ Հայրիյանը։

Սղնախ գյուղի բնակիչները մինչև հոկտեմբերի 24-ը գյուղում են եղել։ Այդ օրը կանանց և երեխաներին տեղափոխել են Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղ։ «Հոկտեմբերի 26-ի առավոտյան Համլետը զանգեց, ասեց, որ դրությունը վատ է»,- ամուսնու հետ վերջին խոսակցությունն է հիշում Համլետի Հայրիյանի կինը՝ Նուբարը։

Համլետ Հայրիյանի որդիներից Էդիկն այդ ժամանակ արդեն վերադարձել էր Ստեփանակերտ։ Մինչ այդ որպես Արցախի ոստիկանության պետական պահպանության վարչության աշխատակից ծառայություն է իրականացրել Սարսանգի ջրամբարի տարածքում։ Ստեփանակերտում 2 օր մնալուց հետո՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության ծառայողներից կազմված ՄՈԲ-ով միացել է ծննդավայրի պաշտպանությանը։ Մյուս եղբայրը՝ Էրիկը, թեև առողջական խնդիրներ է ունեցել և զենք կրելու իրավունք չի չունեցել, բայց գյուղը չի լքել։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Համլետ Հայրիյանը որդուն ասել է, որ պետք է իրենց գառներից մորթեն, սնունդ պատրաստեն գյուղի պաշտպանության ջոկատի տղաների համար։ «Ինքը գնացել է, մորթել, երբ ես գնացի, արդեն կտրտել էր։ Մտել եմ տուն, լվացվել, զանգել և ասել են, որ մեր տղաների կողմից ականապատված հատվածում ականը պայթել է»,- պատմեց Էդիկ Հայրիյանը՝ շարունակելով, որ ամեն բան թողնում և գնում են դիրքավորվելու։ Հայրը չի թողել, որ որդին իր հետ միասին նույն դիրքի կողմը գնա։ Այդ ժամանակվանից ընդմիշտ բաժանվել են։

Համլետ Հայրիյանը իր դիրքն է զբաղեցրել, որդին՝ իր։ Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, ադրբեջանական ուժերը հարձակում են սկսել Սղնախի ուղղությամբ, բայց հաջողության չեն հասել։ Գյուղացիներին թվացել է, որ վերջ, գյուղը կպահեն, բայց 2 ժամ անց նոր գրոհ է սկսվել։

«Հայրս զանգել է՝ բա ի՞նչ կա։ Ասեցի՝ ոչ մի բան, արդեն մտել են, ձեր ներքևով էլ են գալիս։ Մենք տեսնում էինք, իրենք չէին տեսնում»,- ասաց Էդիկ Հայրիյանը։ Հակառակորդը նոր գրոհով Սղնախ գյուղը բաժանում է երկու մասի։ Համլետ Հայրիյանը մյուս գյուղացիների հետ հայտնվում են դիրքային այնպիսի իրավիճակում, որ թիկունքային ապահովում չեն կարողացել ստանալ։ Որոշել են դուրս գալ իրենց դիրքերից, բայց արդեն հակառակորդի նշանառության տակ են եղել։ Հակառակորդի արձակած գնդակից հրազենային վիրավորում է ստացել Սպարտակ Հակոբջանյանը, որոշ ժամանակ անց վիրավորվել են նաև Գառնիկ Սարգսյանը և Համլետ Հայրիյանը։

Գյուղի պաշտպանական ջոկատի կազմում կռվող տղաներից Արտակը ոտքից և թևից վիրավորված Համլետ Հայրիյանին մի քանի հարյուր մետր կարողացել է հեռացնել կրակահերթի տակից, սակայն ավելին չի հաջողվել։

Մինչև Համլետ Հայրիյանի վիրավորվելը, Էդիկն անընդհատ հեռախոսով խոսել է հոր հետ։ Իր դիրքից հակառակորդի շարժը տեսանելի է եղել և պարբերաբար տեղեկություններ է տրամադրել։ Հոր վիրավորվելուց հետո շատ է զանգահարել, բայց զանգերն անպատասխան են մնացել։ Մտածում է, որ գուցե հայրը վիրավորվելուց հետո հագից հանել է ձմեռային զինվորական համազգեստը, որի գրպանում էլ մնացել է հեռախոսը։

Հետո Էդիկին զանգահարել է հորը որոշ տարածություն բերած համագյուղացին և նկարագրել է, թե որտեղ է գտնվում հայրը։ Էդիկը փորձել է մոտենալ վիրավոր հորը, սակայն տեսնելով, որ Արցախի հատուկ նշանակության զորքը, գյուղը հետ վերցնելու փորձից հետո 3 զոհ տալով, վերադարձել է ելման կետ, հասկացել է, որ չի կարող առաջ գնալ։ Վիրավորները մնացել են շրջափակման մեջ։

Էդիկը ցավով նկատում է, որ եթե հեռախոսը հայրը մոտը պահած լիներ, ինքը տեղանքը գիտեր և ինչ-որ կերպ կկարողանար մտնել անտառ և հասնել վիրավոր հորը։

Պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 17-ին, «Կարմիր խաչի» միջոցով գյուղացիներից Առուշանը Սղնախում զոհվածների աճյունների որոնման աշխատանքներին է մասնակցել։ Համլետ Հայրիյանի համագյուղացին Էդիկին պատմել է, որ հոր աճյունն այն վայրից 50 մետր հեռու է գտել, որտեղ, որ թողել էին։ Վիրավոր վիճակում Հալետ Հայրիյանը փորձել է մոտենալ գետին՝ հավանաբար ջուր խմելու նպատակով։ Հարևանությամբ ադրբեջանական դիրք է եղել, բայց հակառակորդի զինվորները պատերազմից հետո չեն տեսել Համլետ Հայրիյանի մարմինը։

«Եթե զինադադարը տվել են, նույն օրը կամ դրանից 1-2 օր հետո գնացած լինեին, ողջ կլիներ հայրս։ Որովհետև նոյեմբերի 10-ին է մահը գրանցվել։ Ասում են 7 oր առաջ է մահացել»,- նշեց Էդիկ Հայրիյանը։

Նոյեմբերի 28-ին Համլետ Հայրիյանին համագյուղացիների հետ հուղարկավորել են Ստեփանակերտի «Եղբայրական գերեզմանոց»-ում։

Համլետ Հայրիյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, որից հետո մինչև 1999 թ.-ը որպես դասակի հրամանատար ծառայել է Պաշտպանության բանակում, պարգևատրվել է «Արիության» մեդալով։ 2016 թ.–ի ապրիլյան պատերազմին որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ։

«2016 թ-ին տղաս էլ Ջաբրայիլում է եղել ծառայության(Էդիկ Հայրիյանը, հեղ․)։ Ես էլ ասում էի՝ ինչի ես Ասկերան գնում, Ջաբրայիլ գնա, երեխան այնտեղ է։ Ասում էր՝ մի ուրիշն էլ այնտեղ է գնում, սաղ մեր երեխեքն են։ Ես մինչև հիմա ասում եմ, եթե այս կորուստը մենք չունենայինք էլ, մեկ է, բոլորն էլ իմ երեխաներն են, իմ հարազատներն են»,- ասում է կինը՝ Նուբարը։

Համլետ Հայրիյանը երեք որդի է ունեցել, որոնցից կրտսերը 2017 թ.-ին ավտովթարից մահացել է։ Մյուս տղաները՝ Էդիկը և Էրիկը, կնոջ հետ ժամանակավոր վարձով ապրում են Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասի շենքերից մեկի բակում բնակարանի վերածված ավտոտնակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter