
Վահրամ Դումանյան․ «Քննարկվում է Կամերային թատրոնի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու հարցը»
Քննարկվում է Կամերային երաժշտական թատրոնի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու տարբերակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
Հիշեցնենք, որ Կառավարությունը ցանկանում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին։
«Միավորումներ կան, որոնք փրկություն են։ Մեր տեսակետն այն է, որ այս քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է և բխում է ոլորտի շահերից»,- նշեց Դումանյանը և հավելեց, որ աշխատակազմի կրճատման մասին խոսք չկա։
Նշենք, որ հուլիսի 20-ին հրավիրած ասուլիսին Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը թատրոնները միավորելու ԿԳՄՍ նախարարության փաստարկներն անհեթեթ է համարել։
Նրա խոսքով՝ եթե թատրոնները միավորվեն, ապա Կամերային երաժշտական թատրոնն ամբողջությամբ կվերանա, իսկ Պարոնյանի անվան թատրոնը երկար ժամանակ կլինի «կատաստրոֆիկ վիճակում», և այդ ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում պահանջներին, քանի որ 12 կամ 80 հոգի չեն տեղավորվի։
Մեկնաբանել