
Վահան Քերոբյան․ «Գյուղերում հովիվների պակաս կա, ստիպված տարբեր երկրներից են բերում»
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում, խոսելով աշխատատեղերի մասին, նշեց, որ շատ մարդիկ նպաստ են ստանում՝ շարունակելով մնալ աղքատ և չզբաղվելով որևէ աշխատանքի որոնմամբ։ Նա հորդորեց նման քաղաքացիներին հրաժարվել նպաստներից և մտնել տնտեսական գործունեության ոլորտ։
Վահան Քերոբյանի խոսքով՝ Հայաստանում հիմա կան բազմաթիվ աշխատատեղեր, և այն մարդիկ, որոնք իրենց բախտը դրսում են փորձում, այստեղ հաստատ կկարողանան լավ աշխատանք գտնել։
«Գյուղերում նույնիսկ հովիվների պակաս կա, չեն կարողանում ճարել, ստիպված տարբեր երկրներից հովիվ են բերում։ Ստիպված ենք գնալ ու հովիվներ բերել տարբեր երկրներից։ Սևանում կա ցեղական ոչխարաբուծարան, ամիսը 200 հազար դրամով հովիվ են փնտրում։ Նրանք փորձում են գտնել մարդկանց Տաջիկստանից կամ այլ երկրներից, որոնք իրենց մոտ կաշխատեն։ Սպիտակում ագրոհոլդինգ կա, որտեղ հնդիկներ են աշխատում։ Կարող եմ բազմաթիվ նման օրինակներ բերել, գյուղացիները չեն աշխատում»,- ասաց նա։
Մեկնաբանել