HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նոր խորհրդարանի նորեկները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն գրանցեց ընտրված 107 պատգամավորների անունները, ներկայացնենք նրանց, որոնք առաջին անգամ են հայտնվելու օրենսդիր մարմնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախյան երկրորդ պատերազմից հետո որոշակի կադրային վերադասավորումներ կատարեց, ինչից հետո որոշ ՔՊ-ականներ պաշտոնից ազատվեցին և այլ պաշտոնում չնշանակվեցին:

2018-ի իշխանափոխությունից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը 2021-ի հունվարի 18-ին ազատվեց պաշտոնից, նրան փոխարինեց առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Նրանք երկուսն էլ կլինեն խորհրդարանում: Օրենսդիր մարմնում իր գործունեությունը կշարունակի նաև պաշտոնանկ եղած աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՔՊ վարչության անդամ Զարուհի Բաթոյանը: Պատգամավոր է ընտրվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանը, որը հրաժարական էր ներկայացրել լրագրողի հետ ունեցած միջադեպից հետո:

Պատգամավոր է ընտրվել նաև «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, ՔՊ հիմնադիր վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը:

Առաջին անգամ օրենսդիր մարմնում է հայտնվելու նաև «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն (որը ներկայացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը) Արուսյակ Մանավազյանը, վերջինս 2020-ի հունվարի 13-ից հանդիսանում է Կոնդի առանձնատներ տնտեսություն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար:

Փաշինյանի կատարած կադրային վերադասավորումների հետևանքով պաշտոնանկ էր եղել նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, նրան փոխարինել էր Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը: Բաբայանը ևս կլինի խորհրդարանում:

Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական էր ներկայացրել 2019-ին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ ծեծի էր ենթարկվել ՊՆ փոխգնդապետ, և շրջանառվում էր Սարգսյանի անունը որպես միջադեպի մասնակից/ականատես:

Առաջին անգամ պատգամավոր ընտրվածներից է Ալխաս Ղազարյանը, նա պատգամավորի թեկնածու է եղել նաև 2018-ի արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:

Պատգամավոր է ընտրվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օգնականը՝ Հասմիկ Հակոբյանը, վերջինս մասնագիտությամբ լրագրող է, աշխատել է araratnews.am կայքում և «Ա թիվի» հեռուստաընկերությունում:

Մարինա Ղազարյանը 2018թ.-ի արտահերթ ընտրություններին ևս մասնակցում էր, նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 12 ընտրատարածքում:

Պատգամավոր է նաև Լիլիթ Մակունցի օգնականը՝ Մարիամ Պողոսյանը:

Երևանի ավագանուց խորհրդարան է տեղափոխվել Հռիփսիմե Հունանյանը:

ՔՊ-ի ցուցակով պատգամավոր է դարձել Գուրգեն Մելքոնյանը, ով 2000-2008 թվականներին եղել է ՊՆ թիկունքի գծով տեղակալ:

Ընդդիմության շարքերում ևս կան պատգամավորներ, որոնք խորհրդարանում առաջին անգամ են ներկայացված լինելու:

«Հայաստան» դաշինքից պատգամավոր ընտրված, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը իշխանափոխությունից հետո զբաղեցնում էր Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ է:

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դեռ 1997 թվականից աշխատել է գործադիր մարմնում: Նա ևս կլինի այս խորհրդարանում: Պաշտպանության երկարամյա նախկին նախարար Սեյրան Օհանյանը ևս պատգամավոր է դարձել:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը ևս պատգամավոր է:

«Հայաստան» դաշինքի ցուցակով առաջին անգամ պատգամավոր ընտրվածների շարքում են լրագրողներ Ագնեսա Խամոյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը: Առաջին անգամ ընտրված կին պատգամավորներից են Քրիստինե Վարդանյանը, Ելենա Կիրակոսյանը, Հռիփսիﬔ Ստամբուլյանը («ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է):

Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Աշոտ Սիմոնյանը նույնպես պատգամավոր են:

«Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր են դարձել «Իզմիլյան« ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը, փաստաբան Արամ Վարդևանյանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից է, նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, դաշնակցական գործիչ Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը:

«Պատիվ ունեմ» դաշինքի առաջին անգամ ընտրված պատգամավորներն են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սերժ Սարգսյանի օգնական Աննա Մկրտչյանը, ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանը, Բակո Սահակյանի նախկին խորհրդական, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter