HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ խաղաղապահներն Աֆղանստանը լքել են դեռ այս տարվա մարտին

Աֆղանստանում հայ խաղաղապահ զորախումբն իր ծառայությունն ավարտել է դեռ այս տարվա մարտի սկզբին և Հայաստանի Հանրապետություն վերադարձել 2021 թվականի մարտի 4-ին։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

Հիշեցնենք, որ հայկական զորախումբն Աֆղանստանում իր խաղաղապահ առաքելությունն իրականացնում էր 2010 թվականի փետրվարից: Խաղաղապահ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացրել Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Բացի դրանից, հայ խաղաղապահները իրենց առաքելությունն իրականացրել են նաև Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, Կունդուզում, ինչպես նաև Մազարի Շարիֆ քաղաքներում տեղակայված ռազմական զինավաններում:

2020 թվականին Դոհայում ԱՄՆ-ն ու «Թալիբան» արմատական խմբավորումը, պատերազմի մեկնարկից 18 տարի անց, կնքել էին խաղաղության առաջին դաշնագիրը։ Այն նախատեսում էր 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկիզբ՝ գերիների փոխանակումից հետո։ Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը Աֆղանստանն ամբողջությամբ կլքեն մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ Զուգահեռաբար, «Թալիբան» արմատական շարժումը իր վերահսկողության տակ է վերցրել երկրի մեծ մասն ու հարձակումներ է գործում աֆղանական կառավարական ուժերի ուղղությամբ։

Այս տարվա մարտի 5-ին Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Հայաստան են վերադարձել վերջին ամիսներին Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահները, սակայն որևէ խոսք չկար այն մասին, որ դրանով մեր երկիրն ավարտել է իր առաքելությունը ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» ծրագրի շրջանակներում։ Հենց դա էր պաշտպանական գերատեսչություն հարցում ուղարկելու մեր հիմնական նպատակը։

Պաշտպանական գերատեսչությունը նաև նշում է, որ 2010 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Աֆղանստանում հայկական խաղաղապահ առաքելությանը մասնակցել է ընդհանուր 3200 զինծառայող։ Ներկայում հայ զինծառայողները շարունակում են իրենց առաքելությունն իրականացնել Կոսովոյում (ԿՖՈՐ) և Լիբանանում (ՅՈւՆԻՖԻԼ)՝ համապատասխանաբար Միացյալ Նահանգների և Իտալիայի խաղաղապահ առաքելությունների կազմում։ ՊՆ-ն հայտնում է, որ այս պահին այլ միջազգային խաղաղապահ առաքելությունների կազմում ընդգրկվելու վերաբերյալ քննարկումներ չեն իրականացվում։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2021 թվականի փետրվարին հայտարարել էր, որ 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմի պատճառով ՀՀ-ն Աֆղանստանում իր խաղաղապահների թիվը կրճատել է 52 %-ով, իսկ Կոսովոյում՝ 95 %-ով։ Աֆղանստանում անձնակազմի թիվը 121-ից հասել էր մինչև 58-ի, իսկ Կոսովոյում՝ 40-ից մինչև 2-ի։

Հարևան Վրաստանն էլ իր վերջին զորախումբը Աֆղանստանից հանել է այս տարվա հունիսի 28-ին։ Այդ երկրի խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում է 2004 թվականից։ 17 տարվա ընթացքում վրացի շուրջ 20 000 զինծառայող մասնակցել է խաղաղապահ առաքելությանը, որոնցից 32-ը զոհվել են տարբեր պայմաններում։ 2021 թվականի մայիսի 7-ին խաղաղապահ խմբի դուրսբերման մասին (120 զինծառայող) հայտարարել էր նաև Ադրբեջանը։

ՆԱՏՕ-ի ուժերից միայն թուրքական զինուժը որոշ ժամանակ դեռևս կմնա Աֆղանստանում։ Թուրքական բանակը պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանը։ Այդուհանդերձ, թալիբները հայտարարել են, որ թույլ չեն տա թուրքական զինուժին մտնել Աֆղանստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter