HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Մարտերը Քարին Տակում, նահանջն ու գյուղի անկումը․ մաս 2

Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը 2020 թ.-ի նոյեմբերի 4-ի երեկոյան անցել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մինչ այդ, սակայն, հարևան Սղնախ գյուղի մոտակայքում գտնվող «Չախմախ» տեղամասում և դեպի Քարին Տակ տարբեր հատվածներում մարտեր են ընթացել։

Քարին Տակի անկումը. մաս 1

Հոկտեմբերի 24-ին, երբ դեռ Ավետարանոց և Սղնախ գյուղերը հակառակորդին չէին անցել, «Եղնիկներում» գտնվող ՄՈԲ-ը (նրանց հետ նաև պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ), Մռավում գործողություն կատարելու նախնական պլանի փոխարեն, հանձնարարություն է ստանում մեկնել Քարին Տակ։ 

«Եղնիկների» զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանի (Քյոխ) հրամանով Քարին Տակ են մեկնում կամավորականներից բաղկացած «Քեռու ջոկատից» 9 հոգի, «Եղնիկների» հետախուզական դասակից 12 հոգի, նույն զորամասից ևս 12 պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև պահեստազորայիններ, որոնց մեջ է եղել հետագայում հետմահու «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Հակոբ Հարությունյանը։ Ընդհանուր՝ մոտ 40 հոգի։ Զորքի հրամանատար է նշանակվել Կարեն Ջալավյանի՝ սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Վարդանյանը։ Հոկտեմբերի 27-ին նրանց է միացել Հադրութից բերված ժամկետայինների մոտ 50 հոգանոց վաշտը՝ հրամանատար Գեղազնիկ Տոնոյանի գլխավորությամբ։

«Քեռու»՝ Հայկ Մանուկյանի ջոկատը, Քարին Տակ հասնելուն պես տեղակայվել է գյուղի դպրոցում։ Այնուհետև 5-6 հոգանոց խմբով գնացել են «Չախմախ» տեղամաս, որը գտնվում է Քարին Տակ և Սղնախ գյուղերի մեջտեղում՝ ավելի մոտ Սղնախին։ Սղնախ գյուղում հանդիպել են գյուղապետ Եղիշե Ղահրամանյանին, ապա վերադարձել Քարին Տակ և զորքին տեղափոխել «Չախմախ» տեղամաս՝ դիրքավորելու։ Դիրքավորվելուց հետո Հայկ Մանուկյանը, Արման Պետրոսյանը մի քանի հոգու հետ լինում են Ավետարանոցում և Սղնախում։

Հոկտեմբերի 28-ին Սղնախը գրավելուց հետո այնտեղի գյուղացիներից կազմված ՄՈԲ-ը նահանջում է դեպի «Չախմախ» տեղամաս, հետո՝ Ստեփանակերտ։ «Քեռու ջոկատի» կազմում պատերազմին մասնակցած Արման Պետրոսյանի խոսքով՝ այդ հատվածում «լինիայի» հրամանատարը, ում ընդհանրապես չեն տեսել, ՊԲ գեներալ Արթուր Հարությունյանն էր, որին «33» էին ասում։ «Լինիայի» պատասխանատուն եղել է ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը։

Սղնախի՝ ադրբեջանցիների կողմից գրավվելուց հետո «Չախմախ» տեղամասում տղաները դիրքերի ամրացման աշխատանքներ են իրականացրել։

Հոկտեմբերի 29-ին տեղամաս են գալիս Քարին Տակի գյուղապետ Մխիթար Առուշանյանը, գյուղի պաշտպանական ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանն ու նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Տեղ հասնելուց րոպեներ անց, ըստ Արման Պետրոսյանի, ռումբից երեքն էլ զոհվում են։

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Սղնախից շարժվում է «Չախմախ» տեղամաս։ Դիտարկում իրականացնող Հադրութի վաշտի ժամկետային զինվորներից մեկը ռացիայով հայտնում է, որ հակառակորդը մոտենում է։ Հրաձգային զենքերից մեր տղաների մոտ եղել է նռնականետ և առանց հրթիռների «Մետիս» հակատանկային հրթիռային համակարգ։ «Մետիս»-ը տեղափոխել են, և այդ դիրքն օգտագործել է «ПК» տեսակի գնդացրորդը։ Փոխհրաձգություն է սկսվել, որը ժամեր է տևել։ Խմբված ադրբեջանցիներին խոցելու համար հակատանկային նռնականետից 17 կրակոց են արձակել։ Ադրբեջանցիներն այդ ընթացքում 4 գրոհ են կազմակերպել, որպեսզի կարողանան «Չախմախից» Քարին Տակ տանող ճանապարհը վերցնել։

Վերջին գրոհից 1 ժամ անց «Չախմախից» դեպի հյուսիս-արևելք գտնվող դիրքերից մեկից իջնում են «Եղնիկների» հետախուզական դասակի զինվորները, ապա՝ նահանջում։ Արման Պետրոսյանը կապ է հաստատում նրանց հրամանատար Եգանյանի հետ և պարզում, որ հրամանատարն ավելի վաղ է նահանջել։

Ադրբեջանական ուժերը «Չախմախի» ուղղությամբ հարձակում գործելուն զուգահեռ, այլ խմբերով շրջանցել են տեղամասը, Քարին Տակ գյուղը և առաջացել դեպի Նաբիլար երբեմնի գյուղ, ապա հատելով Լիսագոր-Շուշի ճանապարհը՝ գնացել են «Իսայի աղբյուր» (Իսաբուլաղ) կոչվող տարածք և շարժվել դեպի Շուշի։

Հոկտեմբերի 31-ին «Չախմախում» մարտերը շարունակվել են։ Իրավիճակը քննարկել և ելքեր են փորձել գտնել Նարեկ Հովհաննիսյանը և Թովմաս Թովմասյանը (Արցախի հերոսներ, հետմահու), որոնք տեղակայվել են այն դիրքերում, որտեղից զորքը նահանջել էր։ «Նարեկը կապ տվեց ՊԲ, ասեց իրավիճակն այսպես է։ Թովմասն էլ ռացիայով Քյոխի հետ էր կապի: Քյոխը ասեց՝ թողեք գամ ես ընդհանուր ղեկավարեմ, դրանց ջարդեմ, տամ ձեզ, չթողեցին (ՊԲ-ից, հեղ․)»,- իրավիճակը վերհիշեց Արման Պետրոսյանը։ Նարեկ Հովհաննիսյանն առաջարկել է գրոհ կազմակերպել կարևոր նշանակություն ունեցող բարձունքը գրավելու համար։ Նրանք պատրաստվում են գործողության, սակայն տեղում կռվող տղաներին հրամաններ տալու համար ՊԲ-ի հրամանով Քարին Տակ է գործուղվում սպա Հարություն Մնացականյանը, որի եղբայրը՝ Գառնիկ Մնացականյանը, զոհվել էր Շուշիի մատույցներում պաշտպանական մարտերի ժամանակ վիրավորներին դուրս բերելուց։

Հարություն Մնացականյանը զորքին փոխանցում է ՊԲ-ի հրամանը, որ պետք է նահանջեն, որպեսզի կուտակված ադրբեջանական զորքին հրետանային համակարգով խոցեն։ Տղաները հավաքում են զենքերը և նահանջում Քարին Տակ գյուղ։ Մի մասը մնում է գյուղում, իսկ հիմնական մասը բարձրանում է դեպի Շուշի-Քարին Տակ խաչմերուկ։ Հենց խաչմերուկից էլ նոյեմբերի 1-ին «ՏՕՍ» համազարկային կրակի համակարգով 1 անգամ կրակահերթ է արձակվում Քարին Տակ և Սղնախ գյուղերի միջնամաս հասած հակառակորդի կենդանի ուժի ուղղությամբ։ Գործողությունն այդքանով ավարտվում է։

Հոկտեմբերի 31-ին մի կողմից նահանջում է «Եղնիկների» և Հադրութի զորքը, մյուս կողմից մոտ 250 հոգանոց ՄՈԲ է բերվում Քարին Տակ։ Նրանց հրամանատարը Արմեն Բարխուդարյանն էր։ ՄՈԲ-ը ձևավորվել է հոկտեմբերի 24-ին, Երևանում։ Նրանց մեջ եղել են պատերազմի առաջին օրերի մասնակիցները։ Հոկտեմբերի 26-ին գնացել են Արցախ, տեղակայվել զորամասերից մեկում, ապա հոկտեմբերի 31-ին շարժվել Քարին Տակ։

Հրետակոծությամբ պայմանավորված՝ Շուշիի Էլեկտրակայանի մոտից այլևս մեքենաները չեն իջել Քարին Տակ։ ՄՈԲ-ը ոտքով է իջել գյուղ՝ նպատակ ունենալով հասնել մինչ Սղնախ։ Ճանապարհին նրանք հանդիպել են «Չախմախից» նահանջող զորքին։

«Խոսում էինք հետները, իրենք չէին պատասխանում, հոգնած էին։ Միայն ասում էին՝ պատրոն վերցրեք, որքան շատ կարող եք։ Գյուղից դուրս գալով՝ գետն անցանք և բարձրացանք»,- պատմեց դասակի հրամանատար Վահե Գարեգինյանը։ Ճանապարհին նրանց է միացել «ANNA news» գործակալության նկարահանող խումբը և երբ փորձել են բարձրանալ «Չախմախ» տեղամաս տանող սարը, նկատել են ադրբեջանական զորքը, որը մի շարքով քայլելով առաջացել է։

Դասակի դիպուկահար Վարդան Ավետիսյանն էլ հիշում է, որ աղբյուրի մոտ դիրքավորվելու հրաման են ստացել։ «Աղբյուրի մոտի պավառոտի դիրքը վերցրինք ու նստանք։ Կռիվը սկսվեց, մինամյոտով էին խփում և այլն։ Հա՛մ մեր դիմացից էին կրակում, հա՛մ ճանապարհի տակից։ Երկու տեղից դուրս եկան։ Ես դիպուկահարն էի, խփում էի, բայց այնքան էին կրակում, որ չէի հասցնում դիրքավորվեի»,- պատմեց Ավետիսյանը։ ՄՈԲ-ի տեղակայված դիրքերից պարզ երևացել է Լիսագոր-Շուշի ճանապարհը։

Նոյեմբերի 1, 2-ին մարտերը ինտենսիվ բնույթ չեն կրել։ Ադրբեջանական ուժերը առաջխաղացման փորձեր են արել, սակայն ՄՈԲ-ին հաջողվել է հետ մղել։ Այդ ժամանակ պաշտպանական երկրորդ գծում, որը բաղկացած է եղել գյուղացիներից, ամրաշինական աշխատանքներ են իրականացրել։ Խրամատների մոտ գյուղացիները թաքստոց են կառուցել։

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Քարին Տակում մառախուղ է եղել։ ՄՈԲ-ի գումարտակի մեկ այլ դասակի հրամանատար Արամ Պետրոսյանին իր զինվորներից մեկն ասել է, որ ձորակով շարժ է նկատել։ Սկզբում չեն հավատացել, բայց չեն էլ փորձել անլուրջ վերաբերել այդ լուրին։ Գիշերային դիտման սարքեր չեն ունեցել, իսկ դիպուկահար հրացանների (СВД) վրայի գիշերային տեսանելիության հեռադիտակներն օգուտ չեն տվել, քանի որ մարտկոցներում էներգիա չի եղել, մի մասինն էլ «նագարակալած» է եղել։ Հետո են պարզել, որ հակառակորդն այդ ձորակով ներթափանցել է գյուղ։ Նրանց նկատել են գյուղի պաշտպանական ջոկատի տղաները և գնդացրի կրակահերթերով կանխել առաջխաղացումը։

Նոյեմբերի 3-ին Արամ Պետրոսյանի խոսքով՝ ադրբեջանցիները Քարին Տակի գյուղացիներից կազմված ջոկատին խոցելու նպատակով «ՏՕՍ» համալիր են բերել, որը սարի հետևից դուրս է եկել գիշերը, լույսերը միացրել և կրակահերթ արձակել։  «Տեղը ճշգրտեցինք, մեռանք ռացիայով ասելով, որ էսինչ տեղն է, մի հատ մինամյոտ բերեք, խփեք։ «ՏՕՍ»-ին խփելը մի վայրկյան է, լուցկի էլ գցես, կտրաքի։ Ինչ արինք-չարինք, ըտենց էլ չխփեցին»,- պատմում է Արամ Պետրոսյանը։ Լուսադեմին նկատել են, որ ադրբեջանական ուժերը կուտակվել են մոտակա բլրի հետևում։ Տղաները մարտի են բռնվել, վիրավորներ տվել։

ՄՈԲ-ի կազմում մարտերին մասնակցած Վահե Գարեգինյանի դասակն էլ լուսադեմին նկատել է, որ մոտ 700 մետր հեռավորության վրա դիրքավորվել է հակառակորդը։ Այդտեղից էլ կրակ են վարել ՄՈԲ-ի դեմ։ Այդ պայմաններում դասակի դիրքը անհաջող է եղել, որոշ ժամանակ անց դիրքը փոխել են, րոպեներ անց ազատված դիրքի մեջ հակառակորդի արձակած արկն է ընկել։

ՄՈԲ-ի նահանջը 

«Նոյեմբերի 4-ի առավոտյան 11:00-ի կողմերը թշնամին փորձ արեց դեպի մեզ գալ, կրակում էինք, զոհեր ունեին, քարշ էին տալիս։ Այդ ժամանակ իրենք սկսեցին հրետանի օգտագործել։ Խփեցին մեր 3-րդ դասակի մեջ»,- պատմեց Վահե Գարեգինյանը՝ նշելով, որ դրանից հետո ռացիայով իրեն հայտնել են, որ դասակը շրջափակման մեջ է ընկնում, պետք է նահանջել։ Սկզբում կրակով ապահովել են, որ մյուս դասակները նահանջեն։ Երբ արդեն նահանջի իրենց հերթն է եկել, զգուշացրել են, որ իրենց դիրքից դեպի Քարին Տակ տանող ճանապարհն արդեն հակառակորդի վերահսկողության տակ է և հորդորել են ճանապարհով չնահանջել։

Նահանջի միակ ճանապարհը զառիթափ սարն է եղել, որտեղով գլորվելով զորքը իջել է Քարին Տակ։ Գետի մոտից Վահե Գարեգինյանը զեկուցել է հրամանատարությանը իրավիճակի մասին, որից հետո իր զորքի մի մասը նահանջել է դեպի Շոշ գյուղ, մյուսները՝ Քարին Տակով Շուշիի խաչմերուկ։ Դասակի հրամանատարը երկու հոգու հետ է եղել այդ ժամանակ, որից մեկը՝ վիրավոր։ Վիրավորին մեքենայով ուղարկել են, իրենք որոշ ժամանակ մնացել են Քարին Տակի դպրոցի մոտ։ Ժամը 17:00-ի սահմաններում իրենք էլ են նահանջել՝ բարձրանալով Շուշի-Քարին Տակ խաչմերուկ։ Այդտեղ հանդիպել են «Եղնիկների» զորքի մի մասին, որն ավելի վաղ է նահանջած եղել։

Դասակի հրամանատար Արամ Պետրոսյանն էլ իր դասակի նահանջը կազմակերպել և տեղակայել է Քարին Տակ գյուղում։ Կապ են հաստատել ՄՈԲ-ի հրամանատար Արմեն Բարխուդարյանի հետ, որը հարցրել է, թե կարող են արդյոք հետ գնալ, որտեղից նահանջել են։ Նրան տեղեկացրել են, որ հրետակոծությունն այնպիսին է, որ եթե իրենց ներկայիս տեղից էլ դուրս գան, զոհեր կտան։ Գյուղացիներն առաջարկել են, որ գետով դեպի Շոշ փորձեն նահանջել, բայց վերջում որոշել են նահանջել Քարին Տակի հիմնական ճանապարհի ուղղությամբ դեպի Շուշիի խաչմերուկ։

Դասակի հրամանատար Վահե Գարեգինյանը դժվարացավ պատասխանել հարցերին, թե ինչու օգնություն չի ուղարկվել իրենց, ինչու հրետանիով չի ոչնչացվել «Չախմախ»-Քարին Տակ ճանապարհը վերահսկող հակառակորդը։ Նույն հարցին ի պատասխան դիպուկահար Վարդան Ավետիսյանն էլ ասաց․ «Հա ռացիայով կապնվեցինք, ասեցինք տեխնիկան իջնում է։ Ասեցինք հեսա երևի կխփեն։ Ավտոյի լույսը պարզ վառած գալիս է (ТОС համակարգը, հեղ․), ասում ենք` էսինչ սարի գլխին, գագաթից դեպի ձախ, պազիվնոյով իրենք գիտեին աջուձախը որն է: Մի հատ-երկու հատ սնարյադը գցում էին, կանգնում էին, բայց եթե նորմալ խփեինք, մարդ չէր մնա»։

Դասակի հրամանատար Արամ Պետրոսյան էլ ՄՈԲ-ի հրամանատար գնդապետ Բարխուդարյանին ընդհանրապես չի տեսել։ Ռացիայով է միայն լսել ձայնը։ Իմացել է, որ գյուղում հրամանատարական կետ է եղել, որտեղ պետք է լիներ ինքը, իսկ երբ արդեն նահանջել են Քարին Տակ, նա այնտեղ չի եղել։ 

Քարին Տակ գյուղի անկմանը հաջորդել է Շուշի քաղաքի գրավումը։

Քարին Տակ գյուղի մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Տեսանյութերը՝ մարտական գործողությունների մասնակիցների, մոնտաժը՝ Սարո Բաղդասարյանի, ինֆոգրաֆիկան՝ Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանություններ (3)

Մարինե
Որդիներս էլ են մինչեւ վերջ սկզբում Քարին Տակում, հետո Շուշիում եղել։ Կրթսեր որդոս, Արսենս ողջ է, կարող է լիքը բան պատմել
Artak
Կան տեղեկեւթյուններ,որոք չեն համապատասխանում իրականությանը։ Ես նույնպես մասնակցել եմ գործողություններին։ Ճշտումների համար խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ։
Սամվել
Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատ ,նույնպես հոկտեմբերի 24 ից մասնակցել են Շուշի և հարակից բնակավայրերում մղվող մարտերին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter