HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գործարարները տրոհում են բիզնեսը հարկերից խուսափելու համար

Հայաստանում բազմաթիվ են դեպքերը, երբ նույն սեփականատերն իր բիզնեսը տրոհում է մի քանի ընկերությունների` հարկերից խուսափելու կամ պակաս հարկ վճարելու համար: Դեպքերի մի մասը պարբերաբար հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, նույնիսկ քրեական գործեր են հարուցվում, մի մասն էլ կարողանում է «հաջողությամբ» մանևրել ու նույն ոճով աշխատել:  Հետք Մեդիա Գործարանի թիմը փորձել է հասկանալ ընկերությունները տրոհելու այդ մեխանիզմը, բացահայտված գործերի վիճակագրությունը և ամենակարևորը՝ ի՞նչն է դրդում տնտեսվարողներին հաճախ դիմել նման քայլի. տարիների ընթացքում ձևավորված մշակու՞յթը, թե՞ «Հարկային օրենսգրքի» թերությունները: 

Գործունեությունը տրոհում են մի քանի ընկերությունների, որ մնան հարկային առավել բարենպաստ դաշտում

 «ՀՀ հարկային օրենսգրքի» համաձայն՝  Հայաստանում գործում են հարկման ընդհանուր և հատուկ  համակարգեր։ Ընդհանուր համակարգի շրջանակներում հարկային բեռն անհամեմատ ավելի ծանր է, քան հատուկ համակարգի:  

Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են ԱԱՀ-ով (ավելացված արժեքի հարկ) և  շահութահարկով։ Ավելացված արժեքի հարկի դրույքաչափը  20% է: Եվ, ինչպես բոլոր մնացած դեպքերում, այստեղ էլ կան բացառություններ ու նրբություններ, որոնք սահմանված են Հարկային օրենսգրքով:

Իսկ շահութահարկի դրույքաչափը 18% է՝  կրկին իր բացառություններով հանդերձ:

Եթե կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի տարեկան իրացման շրջանառությունը չի գերազանցում 115 մլն դրամը, բառացությամբ գործունեության որոշ տեսակների,  օրենքը նրանց թույլ է տալիս ավելի թեթև հարկային բեռով աշխատել, քան ընդհանուր համակարգում է: Դրանք հատուկ համակարգերն են՝ միկրոձեռնարկատիրության ու շրջանառության հարկի համակարգերը: 

Այսպես, եթե անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության տարեկան իրացման շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը և եթե համապատասխանում է օրենքով սահմանված դրույթներին, ապա կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում և ազատվել ինչպես շահութահակից, այնպես էլ ԱԱՀ-ից ու շրջանառության հարկից: Միայն բացառության կարգով կան գործունեության որոշ տեսակներ, որոնք շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել, օրինակ՝ բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները և այլն. նրանք միշտ աշխատում են հարկման ընդհանուր համակարգում: Շրջանառության հարկի համակարգում ներառվող գործունեության տեսակների ցանկն ու այլ դրույթներ ևս  սահմանված են օրենքով: 

Իսկ երբ տարեկան իրացման շրջանառությունը 24 մլն դրամը գերազանցում է, բայց չի անցնում 115 մլն դրամը, տնտեսվարողը «հայտնվում է» շրջանառության հարկի դաշտում: Այստեղ նա ոչ ԱԱՀ է վճարում, ոչ էլ՝ շահութահարկ: Փոխարենը հարկվում է շրջանառության հարկով, որի դրույքաչափերը, ըստ գործունեության տեսակների, տարբեր են: 

Հաճախ տնտեսվարողները  տրոհում են իրենց ընկերությունը, այսինքն՝ նույն գործունեությունը սկսում են իրականացնել մի քանի ընկերությունների միջոցով: Ոմանց դեպքում տրոհված ընկերությունների շրջանառությունը առանձին վերցրած չի գերազանցում միկրոձեռնարկատիրության համակարգի  շեմը և նրանք կարողանում են աշխատել այդ դաշտում: Մի մասն էլ,  եթե անգամ գերազանցում է 24 մլն դրամի շեմը, ձգտում է գործունեությունը տրոհելու միջոցով մնալ  շրջանառության հարկի համակարգում: 

Այսինքն՝ միկրոձեռնարկատիրության համակարգից սկսում են օգտվել ոչ թե փոքր, այլ միջին տնտեսվարողները, մինչդեռ այդ համակարգը ստեղծվել է փոքրերի բեռը թեթևացնելու համար: Իսկ նրանք, ովքեր ավելի խոշոր են և նույնիսկ գործունեությունը տրոհելու պարագայում չեն կարողանում «տեղավորվել» միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակներում, սկսում են աշխատել շրջանառության հարկի համակարգի դաշտում, որն էլ իր հերթին հիմնականում միջին տնտեսվարողների համար է ստեղծվել:

2019-2020թթ․ 380 տնտեսվարող սուբյեկտներ 134 դեպքով ճանաչվել են փոխկապակցված

2019-2020թթ․ տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով Պետական եկամուտների կոմիտեն 134 դեպք է բացահայտել, որում ներգրավված է եղել 380 տնտեսվարող սուբյեկտ: Այս մասին «Հետքի» հարցին ի  պատասխան հայտնել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից: 

Նրանցից 17 սուբյեկտի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր։ Մնացած դեպքերում, ըստ էության, տնտեսվարողները ընդունել են «մեղքը» և բյուջե վճարել  հարկերը, որոնցից ժամանակին խուսափել են:

Մեր մի քանի հարցումներին ի պատասխան այդպես էլ չկարողացանք ստանալ  նշված  17 տնտեսվարող սուբյեկտի ցանկը՝ հասկանալու, թե ովքեր են կանգնած այդ ընկերությունների հետևում:  ՊԵԿ-ը բնորոշում է դա որպես հարկային գաղտնիք ու տրամադրման ոչ ենթակա տեղեկություն: Դատախազությունը ևս այդպես է կարծում:

Ու չնայած պաշտոնական տվյալներով՝ երկու տարում ընդամենը 380 տնտեսվարող սուբյեկտ է ճանաչվել տնտեսական շահերից ելնելով համաձայնեցված գործելու հիմքով  փոխկապակցված, սակայն ակնհայտ է, որ Հայաստանում այդպիսի դեպքերը բազմաթիվ են: Սա հարկային իրավախախտումների ամենատարածված տարբերակերից մեկն է:

Հաշվապահ. «Միկրոձեռնարկատիրության  և շրջանառության հարկի համակարգերի համար սահմանված շեմերը հատելը  հեշտ է»

Հաշվապահ Աննա Ստեփանյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ միկրոձեռնարկատիրության  և շրջանառության հարկի համակարգերի համար սահմանված շեմերը  հեշտ է հատել և այդ պատճառով ընկերությունների տրոհման դեպքերը բազմաթիվ են։ 

Քանի որ Հայաստանում շրջանառության հարկի համակարգի վերին շեմը սահմանված է 115 մլն դրամը, ամսական 9.6 մլն դրամ շրջանառությունը գերազանցող տնտեսվարողը մեխանիկորեն անցնում է ԱԱՀ դաշտ։ 

«Դա իրականում շատ փոքր թիվ է, հատկապես առևտրի մեջ։ Որպես օրինակ կարող ենք դիտարկել Երևանի «Փեթակ»  տոնավաճառում տարածք վարձակալած մի շարք ԱՁ-ներ, որոնք այդ շեմերը հեշտությամբ անցնում են, կամ օրինակ բակում գործող խանութները, հատկապես եթե դրանք տվյալ տարածքում գործող միակն են, հեշտությամբ  կարող են անցնել 115 մլն դրամի շեմը», - ասում է Աննա Ստեփանյանը։

ԱԱՀ դաշտում չհայտնվելու համար ընկերությունները տարբեր այլ քայլերի էլ են դիմում, օրինակ՝ բացում են մեկ այլ ՍՊԸ կամ ԱՁ, աշխատում են մինչև ԱԱՀ շեմին հասնելը ու երբ արդեն մոտենում են ԱԱՀ շեմին, ԱՁ-ն փակում են ու նորն են բացում։  

«Առավել փորձված ընկերություններն այլ ճանապարհով են գնում։ Նրանք հստակ պատկերացում ունեն իրենց տարեկան շրջանառության մասին, այդ իսկ պատճառով բացում են միանգամից մի քանի ԱՁ-ներ։ Եթե նորից դիտարկենք տոնավաճառների օրինակը, ապա այստեղ մարդը գիտի, որ լավ առևտուր է անում ու պատկերացում ունի իր շրջանառության մասին։ ԱՁ-ն փակելու ու նորը չբացելու համար մարդը նախապես գնահատում է իր ռիսկերը, որ հարկային մարմինները չտեսնեն՝ նույն հասեցում մի ԱՁ փակվեց, մեկը բացվեց, և այդպես շարունակ։ Նա բացում է միանգամից մի քանի ԱՁ ու սկսում է դրանցով աշխատել», - ասում է հաշվապահը։

Ինչ վերաբերում է պետության կողմից նման դեպքերի բացահայտմանը, ապա Ստեփանյանը նշում է՝ դրանք հեշտ բացահայտվող գործեր են։ ԱՁ-ները հիմնականում նույն ապրանքներ կամ համանման ապրանքներ են վաճառում, համանման ծառայություններ մատուցում, բացի այդ էլ, եթե նայենք ապրանքների ձեռքբերման փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ բոլոր տնտեսվարողների կողից ապրանքները ձեռք են բերվում հիմնականում նույն մատակարարից։ Դրանք նաև հեշտ բացահայտելի են այն տեսանկյունից, որ եթե մի մարդ ունի, ենթադրենք, մեկից ավելի ԱՁ, ապա երկուսի աշխատողներն էլ նույն տեղում են գործում, նույն գրասենյակում և այլն։

Հաշվապահը բացատրում է, որ հարկային մարմինների կողմից նման դեպքերի բացահայտվելուց հետո այդ ընկերությունները ճանաչվում են փոխկապակցված, օպերատիվ միջոցառումներ են կիրառվում, հստակեցվում է, թե որ պահից է ընկերությունը հատել ԱԱՀ շեմը, ու այդ պահից սկսված ընկերությունը պարտավորվում է վճարել 20% հարկ՝ տույժերի հետ միասին։

«Հիմա գնամ մյուս տաղավարից բերեմ». բազմաթիվ տաղավարների գաղտնիքը

Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Երևանում ու մարզերում բազմաթիվ են ընկերությունները տրոհելու դեպքերը՝ հատկապես առևտրի ոլորտում:  Օրինակ՝ երբ մի տաղավարում գնորդը որևէ հագուստ է ցանկանում փորձել և նրա ցանկացած չափով, գույնով կամ այլ չափանիշներով հագուստ այդ տաղավարում բացակայում է, վաճառողը գնորդին ուղեկցում է իրեն պատկանող մեկ այլ տաղավար՝ իր ուզած չափանիշներով հագուստը փորձելու:  Կամ խնդրում սպասել մինչև մյուս տաղավարից կբերեն: Ու թեև երկու տաղավարների գործունեությունն էլ կարգավորում է նույն անձը, սակայն տաղավարները վարձակալել են տարբեր  Ա/Ձ-ներ, որոնք փոխակապակցված են նույն անձին:

Տնտեսվարողը տրոհում է գործունեությունը և եթե շրջանառությունը մեծ չի լինում, կարողանում է միկրոձեռնարկատիրության համակարգի դաշտում աշխատել, իսկ ավելի մեծ շրջանառություն ունեցող խանութները կարողանում են աշխատել շրջանառության հարկի համակարգի դաշտում: Այդ պարագայում կրկին ավելի բարենպաստ դաշտում են, քան եթե դառնային ԱԱՀ և (կամ) շահութահարկ վճարող: 

Այդպիսի օրինակները բազմաթիվ են: Սակայն, առանձին տնտեսվարողների վրա ուշադրություն չգրավելու և ակամա չվնասելու համար, հոդվածում չենք նշում անունները:

Նմանատիպ օրինակներով են աշխատում նաև բեռանփոխադրողների մի մասը: Դիցուք, կոպիտ հաշվարկով՝ մեկ Ա/Ձ-ն իրեն պատկանող բեռնափոխադրող  մեկ ավտոմեքենայով, միջին հաշվարկներով, տարեկան շուրջ 20 անգամ բեռնափոխադրում է իրականացնում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: Մեկ փոխադրումը՝ գնալը և վերադառնալը, արժենում է 2-2.5  մլն դրամ: Տարեկան կտրվածքով շրջանառությունը կկազմի 40-50 մլն դրամ: Այսինքն՝ եթե նույն տնտեսվարողը իրեն պատկանող ևս երկու մեքենայով փոխադրում իրականացնի, կգերազանցի 115 մլն դրամի շեմը և կհայտնվի հարկման ընդհանուր համակարգում: Դրանից խուսափելու համար նույն տնտեսվարողը իրեն պատկանող բեռնափոխադրող մեքենաները գրանցում է տարբեր Ա/Ձ-ներով, որոնցից յուրքանչյուրը մնում է շրջանառության հարկի դաշտում:

«Հարկային օրենսդրությունը չի խթանում, որ փոքր բիզնեսն աճի»

Փորձագետների ու բիզնես շրջանակների հետ մեր զրույցները ցույց տվեցին, որ ինչպես ընկերությունները տրոհելու միջոցով, այնպես էլ՝ այլ եղանակներով հարկերից խուսափելը Հայաստանում պայմանավորված է և՛ տարիների ընթացքում հաստատված մշակույթով, և՛ հարկային օրենսդրության թերություններով: 

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը կարծում է, որ ներկայում Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը հիմնականում չի զարգանում և չի վերաճում խոշոր բիզնեսի: Խնդիրները շթղայական են, և այդ շղթայի մի մասն էլ  հարկային հատուկ և ընդհանուր համակարգերի անցման տարբերությունն է, երբ փոքր բիզնեսը չի ցանկանում հատել միկրոձեռնարկատիրության ու շրջանառության հարկի համակարգերի շեմերը, որ չդառնա ԱԱՀ և շահութահարկ վճարող: 

«Դրանով պայմանավորված՝ նրանք աճելու ու նոր գաղափարներ իրագործելու ուղղությամբ չեն էլ աշխատում: Նաև հարկ վճարելու էթիկայի խնդիրը կա: Ես գտնում եմ, որ պետք է հարկային միանման դաշտ լինի, որ այս խնդիրը վերանա»,- ասում է Օսիպյանը: 

Լուսանկարը՝ Ռուբեն Օսիպյանի ֆեյսբուքյան էջից

Լինում են դեպքեր, երբ սեփականատերը իր տրոհված ընկերությունները համախմբելու և իր իրական շրջանառությունն ու շահույթը հասկանալու ժամանակ խնդիր առաջ է կանգնում: Պարզվում է՝ հաշվապահությունն այքան թերի է վարվել, որ  բազմաթիվ այլ խնդիրներ են առաջ գալիս: Այդպիսով, ըստ Ռուբեն Օսիպյանի, տնտեսվարողը շարունակում է աշխատել փոքր բիզնեսի «հոգեբանությամբ». «Մինչդեռ, եթե իրական պատկերը լիներ, կարող էր պարզվել, որ բիզնեսը բավականին աճել է և կարող է վճարել ԱԱՀ ու շահութահարկ, տնտեսվարողն էլ փորձեր իր բիզնեսն ավելի զարգացնել ու մեծացնել»: 

«Խնդիրը հարկային համակարգերի շեմերի կտրուկ անցումն է»

«Մանթաշև» գործարարների միության ղեկավար Վահրամ Միրաքյանի կարծիքով գործարարներին բիզնեսը տրոհելու միջոցով հարկերը թաքցնելու քայլին ստիպում է գնալ հարկային համակարգը։

«ԱԱՀ հարկի տարբերությունը շատ կտրուկ է, հետևաբար բիզնեսն այդ անցումը չի կարողանում անել։ Երբ մարդ շրջհարկով է աշխատում, դա լրիվ ուրիշ տրամաբանություն է, երբ անցնում է ԱԱՀ դաշտ, այնտեղ հարկերը կտրուկ տարբերվում են, անգամ մինչև 20% կարող է տարբերություն տալ: Բիզնես մոդելները պատրաստ չեն դրան։ Հայաստանում բիզնես մոդելներն ունեն 10-15% շահույթ, երբ ստիպված են լինում հարկերը մոտ 20%-ով ավելացնել, նշանակում է, որ գինն էլ պետք է ավելացնեն մոտ 20%-ով։ Այդ դեպքում նրանք ուղղակի չեն դիմանում ու պայթում են, հատկապես երբ իրենց կողքին կան բիզնեսներ, որոնք դեռ աշխատում են շրջհարկով։ Այսինքն՝ խնդիրը կտրուկ անցումն է։ Դրա արդյունքում մարդիկ նախընտրում են բաժանել բիզնեսը իրենց բիզնես մոդելը պահպանելու համար, որ շուկայում կարողանան գոյատևել»,- ասում է Միրաքյանը։

Միջազգային փորձի մասին խոսելով՝ Միրաքյանը պնդում է, որ տնտեսապես զարգացած երկրներում լավագույն լուծումը հարկի աստիճանաբար փոփոխությունն է․ ԱՄՆ-ում օրինակ՝ մինչև 1 մլն դոլար շրջանառության դեպքում վճարում են շրջանառության 2 տոկոսը, և այդպես շարունակ, որքան ավելանում է շրջանառությունն, այնքան աճում են հարկերը։ Գործարարի խոսքով՝ աստիճանական աճի դեպքում բիզնեսները կարողանում են ադապտացվել ու դիմանալ։

Լուսանկարը՝ «Մանթաշև» գործարարների միության ֆեյսբուքյան էջից

 «Եթե չեմ սխալվում, Հայաստանում բիզնեսի միջին շահութաբերությունը 13-14% է, հետևաբար այդ 20%-ը չեն կարող գին չբարձրացնել ու շարունակել ապրել, իսկ իրենց կողքն էլ կան շրջհարկով ապրող բիզնեսներ։ Եթե դիտարկենք մարզասրահի օրինակով, մեկը շրջհարկով է աշխատում, ու եթե դրա կողքը գործող մարզասրահն անցնի ԱԱՀ դաշտ, ապա միանգամից մրցակցային դաշտից դուրս կմղվի ու կփակվի։ Դրանից ելնելով էլ մարդիկ բացում են մի քանի բիզնեսներ, որ գոյատևեն», - ասում է Միրաքյանը։

Ըստ նրա՝ Հայաստանում ևս աստիճանաբար անցումն իդելական լուծում կլիներ, գործարարն այլ, իր որակմամբ՝ «ավելի կոշտ» լուծում է տեսնում։

«Վրաստանում, օրինակ, 20 մլն դրամից ավելին արդեն ԱԱՀ դաշտում են աշխատում ու այնտեղ դրա համար բիզնես մասնատելու հարց չի առաջանում։ Այս դեպքում շուկան բոլորի համար է: Իսկ Հայաստանում հիմա շուկան բոլորի համար չէ, ով կարողանում է լավ խուսանավել, հարկային աշխատողի հետ լեզու գտնել, իր գործերը լավ են: Այսինքն՝ մարդիկ փող են աշխատում ոչ թե բիզնեսից, այլ թաքցնելով հարկերը կամ լավ լեզու գտնելով ինչ-որ մարդկանց հետ: Դա սխալ է»,- նշում է Միրաքյանը։

Միկրոձեռնարկատիրության համակարգի ընձեռած հնարավորությունները չարաշահելու խնդիրը այս տարվա հուլիսի 22-ին  քննարկվեց նաև կառավարության նիստին:  «Տեսնում ենք, որ օրինակ տարեկան 100 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն այս օրենսդրական փոփոխություններից օգտվելու կամ ավելի ճիշտ չարաշահելու համար կիսվում են 4 մասի և դառնում են 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերութուն, որը մեր բարեփոխման նպատակից անդին է»,- հայտարարեց վարչապետը:  Թեև թեման քննարկվեց, սակայն լուծումներ այդպես էլ չառաջարկվեցին: 

Առհասարակ, Հայաստանում գործող հարկային համակարգերի առավելությունների ու թերությունների թեման շատ ավելի լայնածավալ է, քան ներկայացված է հոդվածում: Դրանց վերաբերյալ մասնագետներն ու պետական մարմինները  անդադար բանավեճերի մեջ են: Ընկերությունները տրոհելու միջոցով պակաս հարկեր վճարելու մեխանիզմը ընդամենը շղթայի մեկ օղակն է: 

Վարդուհի Ստեփանյան

Նարեկ Ալեքսյանյան

Համակարգող՝ Սեդա Հերգնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter