
«Վալլեքս»-ի նախագահը միջադեպի համար ներողություն է խնդրել թեղուտցիներից (վիդեո)
Ապրիլի 20-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը հանդիպեց թեղուտցիներին:
Մինչ հանդիպումը սկսելը Թեղուտի երիտասարդները պահանջեցին, որպեսզի դահլիճից դուրս գան ոչ թեղուտցիները: Նրանք պատճառաբանում էին, որ, մասնավորապես, դահլիճի առաջին շարքում նստած Շնողի գյուղապետ Հայկազ Քոչինյանը իր ներկայությամբ խոչընդոտելու է Վալերի Մեջլումյանի հետ գյուղացիների անկաշկանդ խոսակցությանը: Հակառակ Վալերի Մեջլումյանի հորդորներին` թեղուտցիները մնացին անդրդվելի, և Շնողի գյուղապետը լքեց դահլիճը:
Հանդիպումն սկսվելուն պես Վալերի Մեջլումյանը ապրիլի 16-ի միջադեպի համար ներողություն խնդրեց թեղուտցիներից. «Ես, որպես Թեղուտ ընկերության գլխավոր բաժնետոմսերի տեր և որպես Թեղուտ ընկերության գլխավոր տնօրեն, ներողություն եմ խնդրում թեղուտցիների առջև, որ էդ բանը կատարվեց: Որովհետև մեր ընկերության թեղուտցի մի խումբ աշխատողներ կռիվ են արել մեկ այլ խումբ աշխատողների հետ և մեզ խայտառակ են արել աշխարհով մեկ: Պետք է աշխատենք կարճ ժամանակում այդ հարցը լուծենք, ապրենք, գնանք առաջ, բայց չմոռանանք, որ այդ բանը կատարվել է»,- ասաց Վալերի Մեջլումյանը:
Վերջինիս կարծիքով, մեկը մյուսին ներելով պետք է գնալ առաջ. «Բերեք այդ հարցը մեծ քանակով չքննարկենք, թող էդ գործով զբաղվի իսկապես այն մարմինը, որ պետք է էդ գործով զբաղվի»:
Այդուհանդերձ, Վալերի Մեջլումյանը թեղուտցիներին տեղեկացրեց, որ կռվին ակտիվ մասնակցողները արդեն իսկ «Թեղուտ ՓԲԸ»-ում չեն աշխատում. «Այն հարցը, որ ապագայում մենք թույլ չտանք` որևէ մեկը գա Թեղուտ, դա իմ և իմ ընկերության անձի հետ կապված չէ, որովհետև նրանց մի մասը ոչ միայն լոռեցի, այլ շնողնեցի են»: Այս առումով Վալերի Մեջլումյանը Շնողի գյուղապետին դահլիճից դուրս հրավիրելը համարեց սխալ քայլ:
«Եվ նաև մի հարց էլ կար. այն մարդիկ, ովքեր ընկերությունում այս կամ այն կարգի գողություն են արել, ինչո՞ւ չեն նրանց այս կամ այն կերպ նորից վերցնում աշխատանքի»,- թեղուտցիների մարզպետին ներկայացրած հարցաշարից հիշեց Վ.Մեջլումյանը և ասաց, որ չգիտե, թե ինչպես վարվի այս մարդկանց հետ: «Ամեն ընկերություն ունի իր ներքին կանոնները: Ու եթե կա մի մարդ, ում գիտես, որ նա դեռ չի գողացել, նրան ավելի ես վստահում»:
Վալերի Մեջլումյանի ասելով` կռվի պատճառներից մեկը եղել է, որ անվտանգության աշխատողների մեծ մասը բորբոքված են եղել հենց այդ գողության հարցում: «Նրանք շատ սխալ են վարվել, բայց, նորից եմ ասում, դրա հիմքում հենց այդ գողության հարցն է եղել»,- հայտարարեց Վալերի Մեջլումյանը:
Նկատի ունենալով, որ ապրիլի 17-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ թեղուտցիների բարձրացրած հարցերի մեծ մասը առնչվել են աշխատատեղերի ստեղծմանը, Վալերի Մեջլումյանը նպատակահարմար գտավ գյուղացիներին տեղեկացնել Թեղուտում նոր աշխատատեղերի ստեղծման իր հեռահար ծրագրերին:
Վ.Մեջլումյանն ասաց, որ մինչև աշնան կեսը կաշխատեն Թեղուտի հյուրանոցը, մեկ տարվա ընթացքում ` ռեստորան–ճաշարանը, 2-3 տարվա ընթացքում ծրագրված է կառուցել նաև սպորտային ակումբ և 25 մետրանոց լողավազան, և դրանց հետ միասին կառուցվելու է հատուկ ֆաբրիկա, որտեղ փիրուզից հայկական զարդարանքներ են արտադրվելու: Ընկերության աշխատողների աշխատավարձի բարձրացումը «Վալլեքսի» սեփականատերը տեսնում էր 2 տարի հետո սկսվող արտադրությունից հետ: Այն հողամասերը, որոնք «Թեղուտ ՓԲԸ»-ն ժամանակին գնել էր գյուղացիներից, Վալերի Մեջլումյանը հայտարարեց, որ մնում են ազատ: Նա վստահեցրեց, որ ընկերությունը պատրաստ է դրանք տրամադրել այն գյուղացիներին, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց տնտեսությունը:
Վալերի Մեջլումյանը առաջարկեց նաև ընկերության գործընկերային աջակցություն անասնապահությամբ զբաղվող թեղուտցիներին`ելնելով իր ընկերության գյուղատնտեսական մթերքների պահանջարկի անհրաժեշտությունից:
Արամ Սահակյանը, որպես ականատես, Վալերի Մեջլումյանին ներկայացրեց ապրիլի 16-ի միջադեպի մանրամասները: Նա նաև հայտնեց, որ անվտանգության աշխատողները ընկերության մեխանիզմների և բանվորական ուժի օգտագործմամբ աշխատանքային ժամին իրենց համար բնակարան են կառուցում Թեղուտում: Արամ Սահակյանը դա նույնպես որակեց գողություն: Վերջինս ի նկատի ուներ ընկերության անվտանգության պետ և ապրիլի 16-ի միջադեպի «հեղինակ» Սամվել Դավթյանին:
Թեղուտի նախկին գյուղապետ Աշխարհաբեկ Մեհրաբյանը Վալերի Մեջլումյանին մեղադրեց թեղուտցիների վարելահողերը էժան գնելու համար: Ուսուցչուհի Անահիտ Ամիրջանյանը Մեջլումյանին ասաց. «Դուք, որ ընկերության ամենավերևի ղեկավարն եք, ամենայն հավանականությամբ չգիտեք, թե ներքևներում ինչ է կատարվում»: «Կարող է»,- չառարկեց Վակերի Մեջլումյանը: Անահիտ Ամիրջանյանը պահանջեց, որ ընկերության գլխավոր տնօրենը հանուն Թեղուտի հասարակության և հանուն ընկերության ապագայի հաճախ հանդիպի ժողովրդին:
Վալերի Մեջլումյանը պատասխանեց թեղուտցիների բարձրացրած հարցերին: Նա խոստացավ ընդունելության օր սահմանել Թեղուտում:
Թեղուտցիները վերջում Վալերի Մեջլումյանից կրկին պահանջեցին աշխատանքից ազատել ընկերության անվտանգության այն աշխատողներին, ովքեր ապրիլի 16-ին` երեկոյան, ծեծի էին ենթարկել իրենց համագյուղացիներին: Նրանք հայտարարեցին, որ այլապես ամբողջ գյուղով չեն մասնակցի մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին:
Հանդիպման վերջում Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը «Հետքին» հայտնեց, որ, իր կարծիքով, Թեղուտում ստեղծված լարվածությունը մեղմացնելու համար առաջին հերթին պետք է լուծել թեղուտցիներին ծեծի ենթարկած անվտանգության աշխատողների աշխատանքից հեռացման հարցը: «Նրանք հիմա ժամանակավորապես են հեռացված աշխատանքից, քանի որ իրավաբանորեն մինչև չապացուցվի, բնականաբար, օրենքի խախտում կլինի նրանց աշխատանքից ազատելը»,- ասաց Հարություն Մելիքսեթյանը:
«Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանն էլ «Հետքին» հայտնեց, որ Թեղուտի միջադեպի հետ կապված` ընկերության անվտանգության պահպանության աշխատողների աշխատանքից հեռացման հարցը կլուծվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան` իրավական եզրակացություն ստանալուց հետո:
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել