HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանին պարտադրում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

Այն, ինչ հիմա և վերջին մի քանի օրերին կատարվում է հայ-ադրբեջանական շփման գծի տարբեր մասերում ունի միայն մեկ տրամաբանական բացատրություն. Ադրբեջանը, Թուրքիայի և Ռուսաստանի հովանու ներքո, Հայաստանին պարտադրում է ստորագրել խաղաղության պայմանագիր, որը ենթադրում է փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում։

Դեռ հուլիսի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք Հայաստանին առաջարկել են սկսել սահմանազատման աշխատանքներն ու կնքել խաղաղության պայմանագիր։ «Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել` խաղաղության պայմանագիր: Թող ասեն, որ չեն ուզում, թող հրաժարվեն: Ես իմ կողմից բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Ադրբեջանը պատրաստ է այս հարցի շուրջ բանակցությունների: Պատերազմն ավարտվել է, ուզո՞ւմ եք խաղաղություն, կարծես թե` այո, ուրեմն` ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր և լուծվի սահմանազատման հարցը»։

Չսպասելով ՀՀ-ում նոր կառավարության ձևավորմանը՝ ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել սեփական պլանի իրականացմանը։ Մարտավարությունը մեկն է։ Հայաստանի ողջ սահմանի երկայնքով անընդհատ լարված պահել իրավիճակը, ինչը կդրդի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը զիջումներ անելու և ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրանով Հայաստանը վերջ կդնի Ազատ Արցախի գոյությանը։

Բաքուն իր մտադրությունները չի թաքցնում նաև լարվածության ժամանակ։ Մասնավորապես, այսօր տարածած հաղորդագրության մեջ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը կոչ էր արել Հայաստանին ընդունել տարածաշրջանում առկա նոր իրողություններն ու սկսել պետական սահմանների սահմանազատման ուղղությամբ բանակցություններ։ Ադրբեջանական կողմը խնդիր չունի թաքցնելու իր մտադրությունները։ Դրանք իրենց հավանությունն են ստացել Անկարայում և Մոսկվայում։

Վստահաբար հարցն Ալիևը քննարկել է Պուտինի հետ, երբ մի քանի օր առաջ մեկնել էր Մոսկվա, իսկ հարձակումը հաջորդել էր նախօրեին Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Պաշտպանության նախարարի նորանշանակ առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի հանդիպմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։ Միգուցե, այս անգամ հայկական կողմը դիմեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, սակայն Մոսկվան շտապեց միջամտել դրան՝ բանակցություններ վարելով երկու կողմերի հետ՝ հրադադարի հաստատման առնչությամբ։

Վաղ թե ուշ սահմանազատման հարցի առնչությամբ բանակցությունները սկսվելու են։ Այլ տարբերակ կարծես թե չունենք։ Վարչապետը իր հայտարարություններում ընդգծել էր խաղաղության դարաշրջանի գալստյան մասին։ Դեռևս անհայտ է, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվելու, ինչ դրույթներ են լինելու, ինչ նոր պատուհաս է գալու մեր երկրի գլխին, որը հաճախ բնորոշվում է որպես խաղաղության դարաշրջանի մեկնարկի կարևորագույն նախապայման։ Բայց ակներև է, որ պարտված պետությունն այլ տարբերակ չունի, քան ստորագրել իրեն պարտադրված պայմանների տակ։ 2020 թվականի արցախյան պատերազմի արդյունքները մանևրելու տեղ չեն թողել։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter