
Զորահավաքի անհրաժեշտության վերաբերյալ պատգամավորները չեն ցանկանում խոսել
Դեռևս լիազորությունները չավարտած, 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորները չեն շտապում որևէ դիրքորոշում հայտնել սահմանային իրավիճակի և զորահավաք հայտարարելու անհրաժեշտության մասին: Տեղեկացնենք, որ «Իմ քայլը» խմբակցության թե՛ գործող, թե՛ նոր խորհրդարանի խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածուների հետ կապ հաստատել չի հաջողվում, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակների:
Մեր հեռախոսազանգերին պատասխանեցին միայն Արտաքին հարաբերությունների և Պետական-իրավական մշտական հանձնաժողովների նախագահներ Ռուբեն Ռուբինյանն ու Վլադիմիր Վարդանյանը, սակայն զորահավաքի վերաբերյալ որևէ դիրքորոշում չհայտնեցին: Ռուբինյանը խորհուրդ տվեց դիմել Պաշտպանության նախարարությանը, Վարդանյանն էլ` հետևել պաշտոնական լրահոսին:
Վարդենիսից ընտրված պատգամավոր Թագուհի Թովմասյանը գիշերը ծննդավայրում է եղել, ասում է` կրակոցների ձայների ներքո է գիշերն անցել, լսելի են եղել նույնիսկ քաղաքի կենտրոնում: Այժմ իրավիճակը հանգիստ է։ Պատգամավորին հայտնի է դարձել, որ հայկական կողմը գիշերը դիրքային կորուստ է ունեցել, սակայն առավոտյան հաջողվել է այն վերադարձնել:
«Ցավոք, զոհեր ունենք, կարծում եմ` վերջնական ամփոփումից հետո զոհերի թիվը մի փոքր էլ կավելանա, քանի որ ինտենսիվ փոխհրաձգություն է եղել»,- ասաց նա: Թագուհի Թովմասյանի կարծիքով` եթե հրադադարի պայմանավորվածությունը պահպանվի, ապա զորահավաք հայտարարելու անհրաժեշտություն չկա, սակայն նա նաև հավելեց, որ երկիրն այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած պահի պատրաստ պետք է լինել նման հարձակումների:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ առայժմ զերծ կմնա զորահավաքի անհրաժեշտության մասին խոսել, սակայն պնդեց` միանշանակ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են սադրիչ գործողություններ իրականացնել` հավակնություններ ունենալով ՀՀ տարածքների նկատմամբ: Ըստ նրա` դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը միտված է լինելու Հայաստանի տարածքների զավթման լեգիտիմացմանը: Պատգամավորը հայտնեց, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի վերաբերյալ պաշտոնական գրությամբ դիմել է ԱԳՆ-ին:
Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ գրությամբ դիմել է ԱԺ նախագահին հատուկ նիստ հրավիրելու համար, որտեղ համապատասխան գերատեսչությունների ղեկավարները կներկայացնեն սահմանային իրավիճակը, որից հետո կարելի է խոսել զորահավաք հայտարարելու կամ չհայտարարելու մասին:
«Քիչ առաջ զրուցել եմ Գեղարքունիքի մի քանի համայնքապետերի հետ, ովքեր բավական քչախոս են, բայց մեկ բան նշում են, ինչը հաստատեց նաև մարզպետը, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ես մնում եմ իմ կարծիքին, որ հրատապ պետք է նիստ հրավիրել, որովհետև իրավիճակը պայթունավտանգ է, քաղաքական էլիտան պետք է արագ համախմբվի և երկրի ղեկավարության հետ համարժեք լուծումներ գտնի, որ ինչպես սեպտեմբերի 27-ին էր, չասենք` իրար չհասկացանք»,- ասաց Զոհրաբյանը:
Մեկնաբանել