HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը

Ի հեճուկս ՀՀ կառավարության և միջազգային հանրության գործադրած ջանքերի՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի երկարությամբ չի կայունանում։ Այս մասին կառավարության հուլիսի 29-ի հերթական նիստին հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հռետորաբանության և գործողությունների գործադրումը՝ միևնույն ժամանակ անպատասխան թողնելով իրադրության քաղաքական և երկարաժամկետ կարգավորմանն ուղղված միօջազգային հանրության բոլոր առաջարկները»,- ասաց Փաշինյանը։

Նա կրկին մատնանշեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարությունը, որով նրանք կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել երկխոսությունը համանախագահների հովանու ներքո։

Վարչապետի պաշտոնակատարը նաև հիշեցրեց, որ մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել այս կոչին, մինչդեռ Հայաստանը բազմիցս ընդգծել է ցանկացած պահի բանակցությունները սկսելու իր պատրաստակամությունը։

«Ադրբեջանն իր բոլոր գործողություններով փորձում է խաթարել երկխոսության որևէ հնարավորություն՝ հռետատորաբանությամբ և գործողություններով վարկաբեկելով նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները»,- նշեց նա։

Փաշինյանը շեշեց, որ Ադրբեջանը չի կատարում եռակողմ հայտարարության 8-րդ կետով սահմանված պարտավորությունը։ «Ադրբեջանում շարունակում են հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց շինծու դատավարությունները, որի հետևանքով նրանք դատապարտվում են երկար տարիների ազատազրկումների։ Վերջին շրջանում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո, խաղաղապահների պատասխանատվության գոտիներում։ Եթե այս փաստը համադրում ենք այն լայնածավալ հակաքարոզչության հետ, որ Ադրբեջանում վարվում է ընդդեմ խաղաղապահների և այն փաստի հետ, որ Ադրբեջանը մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մադատը, ակնհայտ է դառնում, որ սա խաղաղապահների, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու կայունության դեմ իրականացվող գործողությունների շարք է։

Ադրբեջանը հետևողական գործոություններ է ձեռնարկում նաև վարկաբեկելու տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման։ Ի հեճուկս այն բանի, որ ո'չ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ վերաբերելի կետում, ո'չ հունվարի 11-ի հայտարարության մեջ չկա որևէ «միջանցք» արտահայտություն կամ սահմանում, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, Ադրբեջանը շարունակում է արծարծել ինչ-որ «միջանցքի» թեմա՝ մատնանշելով կոնկրետ երթուղիներ և ուղղություններ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը ևս մեկ անգամ հավաստիացրեց՝ Հայաստանը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանության որևէ հարց, Ադրբեջանը փորձում է խաթարել տարածաշրջանային կոմունիկացիների բացման թեման։ 

«Ինչպես Հայաստանը Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանը Հյասատանի տարածքով՝ դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան։ Այս ծրագրի իրականացման համար սահմանի համապատասխան կետերում պիտի ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պիտի իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն, օրինակ՝ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան մաքսային սահմանային և այլ տեսակի հսկողություններով։ Ադրբեջանի զինված ուժերը ոչ միայն շարունակում են ապօրինի կերպով մնալ Հայաստանի տարածքում, խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է, այլև շարունակաբար սադրիչ գործողություններ են ձեռնարկում՝ փորձելով վարկաբեկել Հավաքական անվտանգության պայմանագրի համակարգը»,- հայտնեց կառավարության ղեկավարը։

Նրա խոսքով, այս գործողություններին զուգահեռ՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է, իբր, սադրանքներ գործելու մեջ։

«Լինելով ՀԱՊԿ անդամ, որը սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը, և ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով։ ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։ Առկա իրավիճակը հաշվի առնելով, կարծում եմ, իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter