HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի նախկին խորհրդականն ու ռուս գործընկերները ոսկի կկորզեն նոր տեխնոլոգիայով

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հաստատել է Տաշտունի ոսկու կորզման գործարանի վերազինման նախագիծը, որը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության էր ներկայացվել։

Վարչապետի նախկին խորհրդական Համլետ Հովսեփյանին, նրա ընտանիքին և ռուս գործընկերներին պատկանող «ԱՏ Մետալս» ընկերությունը Սյունիքի մարզի Տաշտուն գյուղում՝ Մեղրի-Տաշտուն ճանապարհի հարևանությամբ, ոսկու կորզման գործարան է կառուցել, որի նպատակն է Քարասար-Մեղրի տեղանքում բազմամետաղային հանքաքարի վերամշակում  իրականացնել նոր՝ առաջատար տեխնոլոգիաների փորձարկմամբ և ներդրմամբ։

Գործարանի նախագիծը մշակվել էր 2013թ․ և փորձագիտական դրական եզրակացության արժանացել։ Դրանով նախատեսվում էր ոսկու կորզումն իրականացնել՝ որպես լուծազատիչ օգտագործելով թիոկարբամիդի լուծույթը։ Սակայն փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ հանքաքարից ոսկու և արծաթի կորզումն այդ եղանակով արդյունավետ չէ։

Այս նոր նախագծով նախատեսվում է հանքաքարից ոսկու և արծաթի կորզման համար փորձարկել չինական մասնագետների կողմից երաշխավորված նոր՝ SD-0103 լուծազատիչը։ Բացի այդ, ի տարբերություն նախկինում ընդունված ուղիղ լուծազատման տեխնոլոգիայի, նոր տեխնոլոգիայով նախատեսվում է  համատեղել լուծազատման և սորբացիոն տեխնոլոգիաները՝ որպես սորբենտ օգտագործելով ակտիվացրած ածուխը։

Փորձարարական աշխատանքները SD-0103 լուծազատիչով նախատեսվում է կազմակերպել գործարանի գոյություն ունեցող շենքում՝ օգտագործերով առկա սարքավորումներն ու մեխանիզմները։

SD-0103 լուծիչը պատկանում է նույն վտանգավորության դասին, որին պատկանում է գործարանում օգտագործվող թիոմիզանյութը, ուստի անվտանգության բոլոր կանոնները, որոնք նախատեսված էին թիոմիզանյութի համար, անփոփոխ պետք է գործեն նաև այս ռեագենտի համար։

Ձեռնարկությունն աշխատելու է լրիվ շրջանառու համակարգով։ Արտադրական կեղտաջրերի արտահոսքը բաց ջրավազաններ բացառվում է։

Արտադրությունն ամսական վերամշակելու է 4800 տ հանքաքար, տարեկան՝ 52000 տ։

Նախագիծը դրական եզրակացություն է ստացել փորձաքննական մի քանի պահանջներով։ Մասնավորապես՝ ֆաբրիկայի աշխատանքի արդյունքում առաջացած արտադրական թափոնների հեռացումը և տեղադրումը իրականացնել թափոնների անձնագրով սահմանված պահանջներին համապատասխան, շահման ընթացքում պահպանել բնապահպանական և մոնիթորինգի պլաններով նախատեսված միջոցառումները, պահպանել աշխատանքի անվտանգության նորմերը, խստագույնս հետևել ՇՄԱԳ հաշվետվությունում և նախագծային փաստաթղթերում ամրագրված նորմերին, բնապահպանական և սոցիալական կառավարման ծրագրի պահանջներին։

Հիշեցնենք, որ  «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ն ընդերքօգտագործման իրավունք ունի Մեղրասարի ոսկու հանքավայրի համար, որը ստացել է 2014-ին։ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Թաղամիրի ոսկու հանքերևակման տեղամասերում հետախուզական աշխատանքներ իրականացվելու «ԱՏ-Մետալս» ՍՊԸ-ի նախագծին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter