HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդհանրապես վախ չուներ»․ Սղնախում զոհված Սպարտակ Հակոբջանյանի մարմինը գտել են 20 օր անց

2020 թ.-ի պատերազմի հենց առաջին օրը Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչ Սպարտակ Հակոբջանյանը եղբոր հետ մեկնել է ռազմաճակատ։ Նույն օրը արդեն որդու՝ Կոլյայի հետ նույն մարտական դիրքում է եղել։ Եղնիկների դիրքերում հայր ու որդի պաշպանել են Արցախի սահմանը։

Սպարտակի որդին, կորոնավիրուսով պայմանավորված, մեկ տարի արձակուրդ չէր գնացել։ Մի տարի ծնողները որդուն չէին տեսել։ «Սեպտեմբերի 27-ի երեկոյան եկել է։ Որ պոստում ես կանգնում էի, եկել էին հենց այդ պոստը, իրար հետ էինք կանգնում, հոպարիս հետ էր եկել»,- հոր հետ հանդիպման մասին պատմեց որդին, ապա նշեց, որ դրանից հետո հայրն առողջական խնդիրներ է ունեցել ու վերադարձել է Ստեփանակերտ։ Ապաքինվել է ու միացել ծննդավայրի՝ Սղնախի պաշտպանությանը։  «Հետո հեռախոսով եմ խոսել հետ։ Ասում էր՝ նորմալ է։ Միշտ դուխը տեղն էր»,- ասաց Կոլյա Հակոբջանյանը։

Հակոբջանյանները Սղնախում զբաղվում էին գյուղատնտեսությամբ, փոքրաթիվ խոշոր եղջերավոր կենդանիներ էին պահում։ Սպարտակ Հակոբջանյանն աշխատում էր «Արցախէներգո» ընկերությունում։ Ընտանիք է կազմել 1996 թ.-ին, երեք երեխաների և կնոջ՝ Լուսինեի հետ գյուղում էին ապրում (հետագայում որդիներիc մեկը ծառայության է անցել Եղնիկներում)։

Պատերազմի ժամանակ, երբ սղնախցիները տեղեկացել են, որ ադրբեջանական ուժերը գրավել են Հադրութը, գյուղի պաշտպանությամբ են զբաղվել։ Սպարտակ Հակոբջյանյանը գյուղացիներից կազմված մի խմբի հետ եղել է Սղնախից դեպի Քիրս լեռն ընկած հատվածում։ Իսկ երբ հակառակորդն առաջացել է դեպի Ավետարանոց գյուղ, հենց գյուղի մատույցներում սղնախցիները պաշտպանական դիրքեր են ձևավորել։ Միևնույն ժամանակ, մի քանի խմբեր շարունակել են դեպի Քիրս սարի դիրքերը պահել։

Սղնախի կանայք մինչև հոկտեմբերի 24-ը գյուղում են եղել։ Սնունդ են պատրաստել մարտերին մասնակցողների համար, ուղարկել դիրքեր։ Հոկտեմբերի 24-ին գյուղում մնացել են միայն տղամարդիկ։ Սպարտակ Հակոբջանյանի կինն էլ մյուսների հետ տեղափոխվել է Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղ։ Տեղակայվել են մանկապարտեզում, որից հետո, օրեր անց, տեղափոխվել են Երևան, ապա՝ Մարալիկ։

Հոկտեմբերի 28-ին հակառակորդը հարձակվել է Սղնախ գյուղի վրա։ Գյուղը բաժանվել է երկու մասի։ Գյուղացիներից Սպարտակ Հակոբջանյանը, Համլետ Հայրիյանը և Գառնիկ Սարգսյանն այլ անձանց հետ մնացել են թիկունքային ապահովումից կտրված հատվածում։ 

«Հեռախոսով խոսում էինք ամեն օր։ Վերջին օրը՝ հոկտեմբերի 28-ի առավոտյան ենք խոսել։ Ինքը կարճ էր խոսում։ Հարցնում էր՝ ո՞նց ես, լա՞վ ես, երեխայից նորություն ունե՞ս։ Ասեցի՝ հա, դա էր, վերջ։ Ասում էր՝ շուտ-շուտ չզանգես, ես կզանգեմ»,- պատմում է Սպարտակի կինը՝ Լուսինեն։

Սպարտակ Հակոբջանյանի կինը վատ կանխազգացում է ունեցել, երբ համագյուղացիներն ասել են, թե գյուղից տեղեկություն չկա։ «Որովհետև ինքը, երբ լսում էր՝ մի տեղ կռիվ է, առաջինն էր գնում։ Հենց իմացավ կռիվ ա, մի րոպե չի կանգնի, հետ չի մնա կռվից»,- նշում է Լուսինեին։

Սղնախ գյուղի պաշտպանական վճռորոշ մարտի ժամանակ Սպարտակ Հակոբջանյանը զոհվում է։ Սկզբում վիրավորվում է, ապա շրջափակման մեջ հայտնվում և զոհվում։ Կա վարկած, որ Սպարտակ Հակոբջանյանը նռնակով պայթեցրել է իրեն և հակառակորդին։ Այդ վարկածի մասին լսել է նաև Հակոբջանյանի ընտանիքը։

Սպարտակ Հակոբջանյանի մարմինը հայտնաբերվել է պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 18-ին, որոնողական աշխատանքների արդյունքում։ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սղնախ գյուղի հենց այն տարածքից են գտել Սպարտակի մարմինը, որտեղ նա համագյուղացիների հետ միասին դիրքային մարտ է վարել։ ԴՆԹ հետազոտությունից հետո մարմինը հանձնել են ընտանիքին։ Սպարտակ Հակոբջանյանին հուղարկավորել են Ստեփանակերտի «Եղբայրական» գերեզմանատանը։ 

«Շատ լավ բնավորություն ուներ, շատ լավ ամուսին էր, շատ լավ հայր, ընկերասեր։ Գերազանց մասնակցություն ուներ երեխաների դաստիարակությանը, շատ լավ ընտանիքի մարդ էր։ Որ դեմքին էլ նայեք, կհասկանաք»,- ասում է Սպարտակի կինը, ապա հավելում, որ ծրագրել էր որդու զորացրվելուց հետո նրա բնակարանի հարցը լուծել եւ ամուսնացնել։

Հակոբջանյանների ընտանիքը պատերազմից հետո վարձակալությամբ բնակվում է Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter