HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երեք տարում Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող 2 ընկերությունները 6 արտոնություն են ստացել

Կառավարությունը 3 տարվա ընթացքում 3-րդ արտոնությունն է տրամադրում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի դստերը՝ Աստղիկ Ալեքսանյանին պատկանող «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությանը։ Աստղիկ Ալեքսանյանը փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներից մեկն է, սակայն՝ որքան բաժնեմասն է նրան պատկանում, հայտնի չէ։ Սա միակ արտոնությունը չէ, որ ստանում է գործարարի դստեր ընկերությունը։ Հուլիսի 1-ին կառավարության մեկ այլ որոշմամբ՝ մաքսատուրքից ազատվել է Աստղիկ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն ևս՝ «Ալեքս տեքստիլ»-ը։ Այս ընկերությունը նույնպես իր 3-րդ արտոնությունն էր ստանում։ 

 

Կառավարության հուլիսի 29-ի նիստում գործադիրը 52 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Տեքսաս Փրոդաքշըն» փակ բաժնետիրական ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի և հումքի ներմուծման նպատակով։

«Տեքսաս Փրոդաքշըն» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին, զբաղվում է հագուստի արտադրությամբ։ Ընկերությունը երկու բաժնետեր ունի, որոնցից մեկը Սամվել Ալեքսանյանի դուստր՝ Աստղիկ Ալեքսանյանն է, մյուսը՝ Բուլղարիայում գրանցված «Կայֆ» ՍՊԸ-ն, որի տնօրենն ու միակ սեփականատերը ֆրանսահայ Սևագ Պողոս Ջիջիրյանն է։ Ե՛վ «Ալեքս տեքստիլ», և՛ «Տեքսաս փրոդաքշըն» ընկերությունների տնօրենը Մարատ Մովսիսյանն է։ 

Սա «Տեքսաս փրոդաքշըն»-ի երրորդ արտոնությունն էր։ Վերջինս մաքսատուրքից ազատման արտոնություն ստացել էր նաև 2018 և 2019 թվականներին։

Ընկերության կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է  իրականացնել 995․3 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 20 նոր աշխատատեղ` 180,000 դրամ միջին աշխատավարձով։

Ընկերությունը ծրագրով նախատեսված արտադրանքի 80%-ը նախատեսում է արտահանել ՌԴ և ԵՄ, իսկ մնացած մասը իրացնել Հայաստանի տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 994․1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 52 մլն դրամ:

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում նյութերի ներմուծումն իրականացվելու է կառավարութան որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 տարվա ընթացքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter