HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ստանիսլավ Զասը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին նշվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ։ 

«2021 թվականի հուլիսի 28-ի գիշերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որի արդյունքում զոհվել է երեք հայ զինծառայող, ևս չորսը վիրավորվել են։ Հայտնում եմ իմ խորը ցավակցությունը զոհերի ընտանիքներին և վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Բացի այդ, Զասը նշել է, որ տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության կետերի իրագործման վրա։ Ըստ ՀԱՊԿ քարտուղարի՝ ուժի կիրառումն անընդունելի է, իսկ հակասությունների կարգավորման համար պետք է կիրառվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 3-ին նույն Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ Հայաստանի հարավում իրավիճակի սրումը, որը պայմանավորված է Ադրբեջանի հետ նոր սահմանների հաստատմամբ, «սահմանային միջադեպ է» և չի մտնում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ։ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործարկվում է միայն անդամներից մեկի նկատմամբ ագրեսիայի կամ հարձակման պարագայում։ Այստեղ գործ ունենք, որպես այդպիսին, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, այնտեղ զոհեր չկան, կրակոցներ՝ ևս։ Դա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծել։ Եվ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,- նշել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ փաստացի մերժելով ավելի վաղ ՀՀ կողմից ներկայացված դիմումին։

Այդ ժամանակ Զասը նշել էր, որ հակամարտության սրում չի նկատվում։ «Ընդհանուր առմամբ, այսօր խոսել այն մասին, որ ներկայումս իրավիճակն այնտեղ սրվում է, ճիշտ չէ։ Սա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա անելու սահմանի, վիճելի բոլոր խնդիրների լուծման մասով, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել էր նա։

Լուսանկարը՝ ТАСС գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter