HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, որի արժեքը հասնում է մոտ 45 մլն դոլարի

2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն  է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ:

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ որոշում է կայացվել իրականացնել  առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: Կայացված որոշման մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 256-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազը:

«Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի և Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին ներգրավվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների  տեսադաշտում:

Միջոցառման իրականացման գործում մասնակցությունն են ունեցել նաև ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տևած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետև Ուկրաինա է գործուղվել նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:

2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետև Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով ուղևորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:

Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու  կողմից Կիևում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել  ու պահեստավորվել օգտագործված ապրանքը:

Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիևում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ:

Նույն օրը Կիևում ձերբակալվել են Թուրքիայի  վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ:

Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիևում ձերբակալվել է նաև Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն: Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սև շուկայում հասնում  է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի:

Միջազգային վերահսկելի մատակարարումը Միավորված ազգերի կազմակերպության «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված միջոցառում է, որն իրականացվում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների միջև համաձայնություն ձեռք բերվելու պարագայում, որոնց տարածքներով նախատեսվում է տեղափոխել թմրամիջոցը: Այս միջոցառման գլխավոր նպատակն է հայտնաբերել և օրենքի առջև պատասխանատվության ենթարկել թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց հնարավորինս մեծ շրջանակ»,- տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Մեկնաբանություններ (1)

jean valjean
turkish-- what else ... degenerated greedy criminals the fires in south-TR are only the beginning of God's punishment , for killing insidiously , cowardly, Artsakh Armenians and helping the azerbi weakling unable to overcome little Artsakh alone , without help from 100 times bigger TR EU - reader

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter