HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհրաժեշտ է հետազոտել «Նահատակ» պոչամբարի պատնեշը․ փորձաքննական պահանջ՝ ռեկուլտիվացման նախագծին

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, նախքան ռեկուլտիվացման աշխատանքները սկսելը, պետք է իրականացնի պոչամբարի պատնեշի հետազոտություններ, որի հիման վրա վերացնի թերությունները, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ աշխատանքներ իրականացնի պատնեշի կայունությունը բարձրացնելու ուղղությամբ։

Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացրած՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքների նախագծին՝ փորձաքննական այս պահանջը որպես առաջնային առաջադրելով։

Բացի դրանից, փորձաքննական մյուս պահանջներից մեկն էլ, որպես առաջարկ ձևակերպված, անվտանգությունից ելնելով՝ ռեկուլտիվացված պոչամբարի տարածքն արտաքին եզրագծով ցանկապատելն է՝ 2 մ բարձրությամբ և 2630 մ ընդհանուր երկարությամբ փշալարե ցանկապատով։

«Նահատակ» պոչամբարը գտնվում է Ախթալա խոշորոցված համայնքում` Մեծ Այրում գյուղում, Դեբեդ գետի ձախակողմյան` Նահատակ վտակի կիրճում, ֆաբրիկայից 6.5 կմ հեռավորության վրա:

Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտում նշվում է, որ պոչամբարի ռեկուլտիվացիայի ենթակա մակերեսը՝ պատնեշի թեքություների մակերեսի հետ, շուրջ 18 հա է:

«Ախթալայի ԼՀԿ»-ն, հիշեցնենք, ռեկուլտիվացման երկու տարբերակ էր առաջարկել։ Ձեռնարկությունը նախընտրել է իրականացնել առաջին տարբերակը՝  պոչամբարի լեռնատեխնիկական և կենսաբանական ռեկուլտի­վացիա: Փորձաքննությունն էլ, ըստ էության, չի քննել դրանց առավելություններն ու թերությունները, այլ տվել է համաձայնությունն այն տարբերակի, որը նախընտրել է ԼՀԿ-ն։

Համաձայն նախագծի՝ լեռնատեխնիկական ռեկուլտիվացման փուլը նախատեսում է պոչամբարի մակերեսին տալ 0,3 % թեքություն դեպի ջրահեռացման առուն մթնոլորտային տեղումների հեռացման համար։ Առաջարկվում է պոչամբարի մակերեսը հաթեցնել և այն ծածկել 0,5-1 մմ հաստությամբ գեոմեմբրանով։

Գեոմեմբրանը գեոսինթետիկ, իզոլացնող նյութ է, որը կիրառվում է շինարարության մեջ հիդոիզոլացիա ապահովելու համար։ Գեոմեմբրանը տարբեր քիմիական բաղադրություն կարող է ունենալ, սակայն առավել տարածվածները պարունակում են բարձր և ցածր խտության պոլիէթիլեն, որպեսզի վերահսկվի և թույլ չտրվի հեղիուկի կամ գազի ներթափանցումը որևէ համակարգ կամ տարածք։

Պոչամբարի պարագայում գեոմեմբրանի տեղադրումը բացառելու է ինչպես մթնոլորտային տեղումների ներթափանցումը դեպի պոչեր, այնպես էլ պոչամբարի զանգվածից ջրերի ներթափանցումը ռեկուլտիվացված շերտ։ Այսինքն՝ տեղումների ջրի ավելցուկը՝ առանց պոչեր ներթափանցելու, կհեռացվի պոչամբարի մակերեսից։

Թաղանթի վրա նախատեսվում է փռել 30 սմ հաստությամբ ապարների շերտ և հարթեցնել։ Որպես ապարների շերտ կարող են ծառայել Շամլուղի բացահանքի լցակույտի դատարկ ապարները կամ նմանատիպ գրունտները։

Կենսաբանական ռեկուլտիվացիայով նախատեսվում է այդ ապարների շերտը ծածկել 20 սմ հողի բերրի շերտով և վրան տարածքին բնորոշ խոտաբույսերի ցանք անել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter