HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետի աշխատակազմը «ընդունված ձևաչափ է» համարում հաղորդագրությունների բովանդակային տարբերությունները

2021 թվականի հուլիսի 13-ին ՀՀ վարչապետի primeminister.am պաշտոնական կայքում հրապարակվեց հաղորդագրություն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ավելի ուշ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն տեղադրվեց նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի state.gov պաշտոնական կայքում։ Նույն հեռախոսազրույցի մասին երկու հաղորդագրությունները ունեին բովանդակային տարբերություններ։ Եթե պետդեպի կայքի հաղորդագրությունը ընդամենը երկու պարբերություն ուներ, ապա ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում դրանք մի քանիսն էին։

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների մասին նախկին հաղորդագրություններում էլ եղել են դեպքեր, որ բովանդակային առումով տարբերվել են օտարերկրյա պետությունների պաշտոնական աղբյուրներում հրապարակված տեքստերից, որոշեցինք հարցումներ ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանում ԱՄՆ դեսպանություն։ Հարցման պատասխաններին դեռ կանդրադառնանք, սակայն այժմ նշենք այն հիմնական տարբերությունները, որոնք եղել են հայկական և ամերիկյան պաշտոնական աղբյուրներում։

Այսպես, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը՝ «․․․բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի գործադրած ջանքերը՝ երկրում նախընտրական շրջանում ստեղծված լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու ուղղությամբ»:

Screenshot_1.jpg (273 KB)

Ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ այս մասին ոչինչ չկա, ընդամենն արձանագրվել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին պետդեպարտամենտի դիրքորոշումը․ «Պետքարտուղարը ջերմ շնորհավորանքներ հղեց Հայաստանի ժողովրդին հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, որը ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ տեղի էր ունեցել ընտրողների հիմնարար իրավունքների ու ազատությունների նկատմամբ ընդհանուր հարգանքի պայմաններում, իսկ ընտրապայքարի դուրս եկած ուժերը կարողացել էին ազատորեն իրականացնել քարոզարշավը։ Նա հորդորեց շարունակել ժողովրդավարական բարեփոխումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Screenshot_2.jpg (168 KB)

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայից։ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի հաղորդագրության վերջին պարբերությունում ասվում է հետևյալը․ «Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտարկմանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել և ՄԽ համանախագահության համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը կնպաստի բանակցությունների հաջողությանը»:

Screenshot_3.jpg (223 KB)

Պետդեպարտամենտի հաղորդագրությունում ստատուս քվոյի մասին ոչինչ չկա․ «Պետքարտուղարն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների գործընթացին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման հարցում։ Նա հորդորեց Հայաստանին կառուցողական մասնակցություն ունենալ ԵԱՀԿ-ում»,- նշված է պետդեպի կայքում։

Պարզաբանումների համար հարցում ուղարկեցինք Հայաստանում ԱՄՆ դեսպանություն։ Ամերիկյան կողմին երկու հարց էինք հղել, առաջինը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության տեքստը ամբողջությամբ համապատասխանու՞մ է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի բովանդակությանը, և երկրորդը՝ արդյոք Բլինքենը իր խոսքում նշե՞լ է վերևում մեջբերված նախադասությունները։

Ի պատասխան մեր հարցմանը՝ ԱՄՆ դեսպանությունը կրկին տեղադրել է պետդեպարտամենտի կայքում հրապարակված հաղորդագրության հղումը։ Բացի այդ, ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ ընտրություններն անցել են ազատ մրցակցային պայմաններում, և որ աջակցում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին և պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագորածկցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ 

Ինչ վերաբերում է զրույցի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատվածին, ԱՄՆ դեսպանությունը նշել է հետևյալը․

 «Ինչպես նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարության մեջ և ինչպես դրանից հետո հետևողականորեն նշում է Միացյալ Նահանգները, մտահոգության տեղիք տվող մնացյալ հարցերը լուծելու համար անհրաժեշտ են հավելյալ ջանքեր։ Մենք կոչ ենք անում լիարժեք մասնակցել բանակցություններին ու երկխոսությանը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղության և տևական քաղաքական կարգավորման»։

Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ըստ էության, հստակ պատասխաներ չի տվել մեր հարցերին։

Հիմա անցնենք վարչապետի աշխատակազմին ուղարկած մեր հարցմանը։ Այդ հարցման մեջ նշել էինք հետևյալ հարցերը․ ո՞րն է հաղորդագրությունների բովանդակային տարբերությունների պատճառը, հեռախոսազրույցի ընթացքում նման բովանդակությամբ զրույց եղե՞լ է և արդյոք կողմերը միմյանց հետ չե՞ն համաձայնեցնում հաղորդագրությունների տեքստերը։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շատ կարճ պատասխան է տվել մեր հարցմանը․

«Նմանաբովանդակ մամուլի հաղորդագրություններում ընդունված ձևաչափ է տեքստերի ոչ ամբողջովին համարժեք լինելը»,- հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ ըստ էության, կրկին անհասկանալի թողնելով բարձրացված հարցերը։

Ինչպես արդեն նշեցինք, սա առաջին դեպքը չէր, երբ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հեռախոսազրույցի մասին հրապարակված հաղորդագրությունները տարբերվել են օտարերկրյա պետությունների պաշտոնական աղբյուրներից։ Մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Սև լճի տեղանքում ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու թեմայով Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Թե՛ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, թե՛ Ելիսեյան պալատի հաղորդագրությունում նշվել է՝ «Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը»:

Screenshot_4.jpg (214 KB)

Սակայն վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում չի նշվել մի շատ կարևոր հանգամանք, որի մասին նշվել է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։ Ըստ ֆրանսիական կողմի հաղորդագրության՝ «Ֆրանսիան հույս ունի, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարված իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»:

Screenshot_5.jpg (178 KB)

Այս դրվագի առնչությամբ ևս մայիսի 14-ին հարցում էինք ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ հետաքրքրվելով, թե ինչու հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ տեղ չէր գտել Ֆրանսիայի նախագահի այդ առաջարկ/ցանկությունը։ Ի պատասխան այս հարցին՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե Նիկոլ Փաշինյանը ի թիվս այլ հարցերի՝ 2021թ․ մայիսի 14-ի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում մանրամասն անդրադարձել է հեռախոսազրույցին։ Այսինքն՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը կրկին խուսափողական պատասխան էր տվել։

Այսպիսի դեպքեր գրանցվել են նաև Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցներում։ Օրինակ 2021 թվականի փետրվարի 25-ին Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին ՀՀ վարչապետի կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ «․․․Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։

Screenshot_6.jpg (158 KB)

Մինչդեռ հեռախոսազրույցի մասին Կրեմլի կայքում ասվում է հետևյալը«Վլադիմիր Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի և հանգստության, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին։ Ռուսական պետության ղեկավարը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել»։

Screenshot_7.jpg (141 KB)

Եվս մեկ դեպք ՀՀ տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման առիթով հեռախոսազրույցի ընթացքում․ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ՀՀ վարչապետի կայքում ասվում է՝ «զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով»:

Screenshot_8.jpg (222 KB)

Սակայն Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ «հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպի վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման հատվածը»։

Screenshot_9.jpg (206 KB)

 

Այսպիսով, չնայած օտարերկրյա պետությունների պաշտոնական աղբյուրների հրապարակած հաղորդագրությունների հետ բովանդակային տարբերություններին, հատկապես մեծ կարևորություն ունեցող թեմաների վերաբերյալ, վարչապետի աշխատակազմը այդպես էլ հստակ պատասխան չի տալիս և չի հիմնավորում, թե ինչով են պայմանավորված այդ անհամապատասխանությունները։

Գլխավոր լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը / © կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter