HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի մտել կենտրոն, գոնե` վերջին 3 տարվա ընթացքում». արյունաբանական կենտրոնի տնօրեն

«Այն լուրերը, որ երեկ շրջանառվեցին, ամենևին որևէ աղերս չունեն իրականության հետ, սա վստահորեն կարող եմ ասել։ Այն գումարները, որոնց մասին խոսվում է, կետ առ կետ ունեն իրենց պատասխանները, ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի մտել կենտրոն, գոնե՝ վերջին 3 տարվա ընթացքում»,- այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն»  ՓԲԸ տնօրեն Սամվել Դանիելյանը։

Տնօրենի խոսքով՝ երեկվա դատախազության տարածած հայտարարությունը, ըստ որի արյունաբանական կենտրոնում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների մասին տվյալներ, արատավորում են նրանց անունը։

«Մենք ունենք հիվանդների բավականաչափ մեծ հոսք, և այդ հիվանդները պետք է վստահ լինեն, որ իրենք դիմում են մարդկանց, երբ իրենց կյանքին լուրջ վտանգ է սպառնում և այս մարդիկ են, որ պիտի հոգան իրենց առողջական խնդիրները»,- նշեց նա։  

Սամվել Դանիելյանի խոսքով՝ երեկվա տարածված հաղորդագրությունից անհանգստացած են նաև հիվանդները, որոնք բուժում են ստանում արյունաբանական կենտրոնում։

«Այդ մարդիկ մեզ վստահել են կյանք, կյանքի որակ, ու մենք պետք է փառքով ու պատվով դուրս գանք ստեղծված իրավիճակից, յուրաքանչյուր մարդ, որն այսօր այստեղ ներկա է, նրանք, ովքեր բացակայում են, ամեն ինչ անում են, որպեսզի հիվանդանոցում պառկած կամ հսկողության տակ գտնվող յուրաքանչյուր հիվանդ մաքսիմալ ստանա այն, ինչը հասու է այսօրվա ժամանակակից բժշկությանը»- ասաց տնօրենը։

Դանիելյանը նշեց, որ կենտրոնի գործունեության 25 տարիների ընթացքում նրանք ունեցել են բազմաթիվ հաջողություններ, դրանցից ամենագլխավորը՝ հազարավոր կատարյալ առողջացած պացիենտներն են։

Խոսելով պատերազմի օրերին արյան մատակարարման մասին՝ տնօրենն ասաց, որ շատերը տեսել են արյունաբանական կենտրոնի բակում կուտակված հերթերը, բայց չեն տեսել շուրջօրյա աշխատող բժիշկներին։

«Դուք չեք տեսել, սակայն, առավոտյան ժամը 8-ին սեղանի վրա քնած բժշկուհիներին ու բժիշկներին, որոնք աշխատել են շուրջօրյա, որպեսզի արյան կարիքի պատճառով որևէ վիրավոր չտուժի»,- իր խոսքում նշեց նա։

Տնօրենը ընդգծեց, որ արյունաբանական կենտրոնը տարիների իր նվիրված աշխատանքի արդյունքում վայելել է բոլորի վստահությունը, ու այսօրվա հանդիպումը ձեռք բերված վստահությունը պահելու համար է։

«Պրոֆեսոր Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հանդիսանում է 100 տոկոս պետական հիմնարկ։ Առևտրային կազմակերպություն շահույթ հետապնդող, որի շահույթը տարեվերջին ամփոփվելու դեպքում ամբողջ տոկոսով հետ է վերադառնում պետությանը, շահաբաժնի տեսքով ընկերությունը մասնավոր չէ, այսինքն՝ որևէ մոտիվացիա չի կարող ունենալ, որպեսզի հավելյալ չաշխատած շահույթ գեներացնի, և հետևաբար, որևիցե չարաշահման մոտիվացիա չկա գումար գանձել պետությունից ծառայության համար, որը չի մատուցվում»,- նշեց կենտրոնի ֆինանսատնտեսական գծով փոխտնօրեն Սարո Պապիկյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասում էր, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՊՎԾ-ի կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում պետությանն ընդհանուր պատճառվել է շուրջ 120 մլն դրամի վնաս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter