HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Թոռանս տեսնելիս հիշում եմ Գևորգիս կիսատ մնացած երազանքների մասին»,- ասում է զոհված Գևորգ Համբարձումյանի մայրը

Գևորգ Համբարձումյանը ռազմաճակատ մեկնել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նրանց ստորաբաժանումը Ակնայի դիրքերում էր: Հոկտեմբերի 25-ին նրան ուղարկել են Ավետարանոց՝ մասնակցելու գյուղի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 26-ին կասետային ռումբի պայթյունից ստացած բեկորային վնասվածքից Գևորգ Համաբարձումյանը զոհվել է։ Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանական զինուժը գրավեց Ավետարանոցը։

Գևորգը մոր, կնոջ ու 1 տարեկան դստեր հետ ապրում էր Ավետարանոցում։ 

Այժմ Գևորգի կինը՝ Նանար Գրիգորյանը, ու դուստրը՝ Լուսեն, վարձով ապրում են Արցախի Մարտունի քաղաքում։ Մայրը՝ Բելա Համբարձումյանը տեղավորվել է Ստեփանակերտում՝ աղջկա տանը։

Մեր այցելության ժամանակ Բելլան պատրաստվում էր Մարտունի գնալ հարսին ու թոռանն այցելության։ Կնոջ համար Արցախի ճանապարհներով անցնելն էլ դժվար է դարձել, ասում է՝ կարծես ուրիշ տեղ լինի, իր իմացած Արցախից ոչինչ չի մնացել։ «Ընտանիքս կիսվել է, ամեն ինչ կորցրել ենք, գնալու տեղ չունենք»,- ասում է Բելլա Համաբարձումյանը։

Գևորգի կնոջ՝ Նանարի հայրական տունը գտնվում է Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Ազոխը ևս անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Պատերազմից առաջ Նանարն ու Լուսեն Ազոխում էին։ Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսվել է, մոր հորդորով Գևորգը կնոջն ու դստերը բերել է Ավետարանոց ու նույն օրը մեկնել ռազմաճակատ: Մայրը որդուն ասել է, որ Ավետարանոցն ամենաապահով վայրն է։ 

Պատերազմի առաջին օրերին Արցախի տարբեր շրջաններում ապրող իրենց հարազատները հավաքվել են նրանց տանը, քանի որ կարծել են, որ թշնամին Ավետարանոց հասնել չի կարող։

«Գևորգն ամեն օր տուն էր զանգահարում։ Համ ինձ հետ, համ Նանարի հետ առանձին խոսում էր, մեզ ասում էր դուք մի զանգեք, որ հարմար պահ լինի, ես զանգելու եմ, բայց ոնց էլ ուզում էր լիներ, օրվա մեջ մի պահ հարմարացնում էր, էդ մի ամսվա մեջ չի եղել մի օր, որ չզանգի»,- պատմում է մայրը։

Գևորգը անընդհատ զանգել ու տան անդամներին խնդրել է դուրս գալ գյուղից։ Նանարը և Լուսեն գյուղից դուրս են եկել սեպտեմբերի 29-ին: Նրանք տեղափոխվել են Արմավիր հարազատների մոտ: Որդին մոր հետ խոսելիս խնդրել է, որ ինքն էլ դուրս գա գյուղից։ Հոկտեմբերի 7-ին Բելան էլ է դուրս եկել: Նա հարսի և թոռան հետ գնացել է Թալին՝ Նանարի հարազատներից մեկի տուն։

Մինչև հոկտեմբերի 25-ը Բելան ու Նանարն իմացել են, որ Գևորգը Ակնայում է։ Այդ օրը երեկոյան զանգահարել է հարազատներին ու ասել, որ իրեն ուղարկում են Ավետարանոց, քանի որ թշնամին գրեթե գյուղ է հասնում, ու գյուղի պաշտպանությանը մասնակցելու համար մարդիկ են պետք, որոնք նաև ծանոթ կլինեն տեղանքին։

Այդ օրը Գևորգը նաև տուն է այցելել, մոր հետ խոսելիս ասել է, որ տանն է, ցնցուղ է ընդունել, ճաշել, ասել է, որ գնալու են գյուղի «Հղցկոտ» կոչվող տեղամասում տեղակայվելու։ Գևորգն ասել է, որ գյուղում ամեն ինչ կարգին է, չանհանգստանան։

Նա վերջին անգամ կնոջ հետ խոսել էր հոկտեմբերի 26-ին՝ առավոտյան ժամը 9-ին։ «Երեխուն պիտի տանեի ստուգման, ասեցի արյուն պիտի հանձնի, ասեց չէ, չեմ ուզում երեխուս ծակեն, ինքը շատ նուրբ ա»,- հիշում է կինը։ Նույն օրը կեսօրին՝ մոտավորապես ժամը 13:00-ին, Գևորգը զոհվել է։

Ավետարանոցի ղեկավար Սմբատ Մադաթյանի պատմելով, երբ Գևորգը ծանր վիրավորվել է, տղաները մոտ 100 մետր նրան գրկած իջեցրել են դեպի շտապօգնության մեքենան, բայց ճանապարհին տեսել են, որ Գևորգը մահացել է, բեկորային վնասվածքները խորն ու ծանր էին։

Գևորգի  մահվան մասին ընտանիքին հայտնել են Ավետարանոցի համայնքապետարանից։ «Սկեսուրիս զանգեցին, ես սենյակում էի, ուժեղ գոռոց լսեցի, ես ավելի շատ եղբորիցս էի վախենում, որովհետև ինքը Ջաբրայիլում էր, ու մի քանի օր չէր զանգել, մտածում էինք, որ Գևորգին բան չի պատահի, մեր գյուղում էր, հարազատ տարածք էր, բայց փաստորեն լուրը Գևորգիս մասին էր»- պատմում է Նանարը։

Բելան ու Նանարը չեն կարողացել մասնակացել Գևորգի հուղարկավորությանը։ Այդ օրերին Արցախ գնալը վտանգավոր էր, քաղաքացիականներին չէին թույլատրում։

Նրա հուղարկավորությունը կազմակերպել են Արցախում գտնվող իրենց հարազատները։ Գևորգը հուղարկավորված է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։

Ավետարանոցում նրանց ընտանիքը հողագործությամբ էր զբաղվում։ Գևորգը կահույքագործ էր, բայց վերջին տարիներին մասնագիտությամբ չէր աշխատում։ Զբաղվում էր հողագործությամբ։ Պատերազմից առաջ «Ար. տոբակո» ընկերությունում աշխատանքի առաջարկ էր ստացել։ 

Լուսեն արդեն 1,5 տարեկան է։ Տատն ասում է, նոր է սկսել խոսել։ «Թոռանս տեսնելիս  հիշում եմ Գևորգիս կիսատ մնացած երազանքների մասին»,- ասում է Բելլա Համաբարձումյանը։

Գևորգ Համբարձումյանի մոր՝ Բելա Համբարձումյանի լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter