HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրաբույժ. «Ես էդքան ուժեղ մարդ մի տեղում չեմ տեսել»

Սեպտեմբերի 27-ին վիրաբույժ Գեղամ Գրիգորյանը հերթապահության էր, երբ վաղ առավոտյան կինը զանգահարել էր՝ ասելով, որ Արցախում կռիվ է սկսվել:

Բժիշկն Արցախի Մարտակերտի շրջանի Չափար գյուղից է, որտեղ ապրում են ծնողներն ու հարազատները: Սկզբից անմիջապես զանգել էր տուն, հետո՝ Ստեփանակերտում բնակվող ընկերներին: Նրանցից մեկը կատակել էր, թե «էսօրվա բուդիլնիկը մի քիչ ուժեղ է եղել»: Ապա ասել էին, որ տարբեր տեղերից հրետակոծում են, մայրաքաղաք Ստեփանակերտն էլ ռմբակոծվում է:

Հերթապահությունն ավարտելով՝ տուն էր գնացել, հավաքել իրերն ու կրկին գնացել հիվանդանոց: Այդտեղից կեսօրին բուժանձնակազմով շարժվել էին Արցախ: Խնձորեսկի մոտ բաժանվել էին երկու խմբի՝ մի խումբը գնացել էր դեպի Ջրական (Ջաբրայիլ), մյուսը՝ Հադրութ: Գեղամ Գրիգորյանը Հադրութ գնացող խմբի մեջ էր: Մինչեւ պատերազմը 3-4 անգամ եղել էր Հադրութի հիվանդանոցում, որտեղ վիրահատություններ էին անում: Ասում է՝ եւ՛ տեղանքին էր ծանոթ, եւ՛ կոլեկտիվին:

«Ղարաբաղը տխուր էր, հին Ղարաբաղը չէր: Երբ առաջին անգամ մտանք Հադրութի հիվանդանոց, երբեք չեմ մոռանա էնտեղի բժիշկների դեմքերը՝ շատ հուզված, հուսալքված: Երբ մեզ տեսել էին, ուրախացել էին: Այդ ժամանակ մենք դեռ չէինք պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում: Երբ ճանապարհին՝ Տող գյուղի մոտ, անօդաչու տեսանք, չէինք պատկերացնում, թե ինչ կարող է անել դա»,- ասում է Գեղամ Գրիգորյանը:

Մինչեւ Երեւանից բուժաշխատողները Հադրութ կհասնեին, քաղաքի հիվանդանոցն արդեն վիրավորների էր ընդունում՝ առաջին բուժօգնություն ցույց տալով: Վիրաբույժ Գրիգորյանն ասում է՝ երբ տեղ էին հասել, եւ վիրավորների առաջին խումբը բերել էին, այդ պահին հասկացել էին պատերազմի ծանրությունը: Հաջորդ օրը Ջրականի բուժաշխատողների խումբն էր միացել նրանց, եւ որոշվել էր մնալ Հադրութում, արագ պատրաստել, կահավորել վիրահատարանն ու բարդ վիրահատությունները հենց տեղում անել: Ասում է՝ ամբողջ բուժանձնակազմն առանց տրտնջալու, արտակարգ ռեժիմով աշխատում էր:

Վիրավորների հոսքն անընդհատ էր, իսկ հիվանդանոցը փոքր էր, հնարավոր չէր ծավալվել: Բուժօգնության երկու-երեք սենյակ ունեին, որտեղ արագ տեսակավորում էին վիրավորում ստացածներին, ըստ դրա էլ՝ օգնություն ցուցաբերելով: «Ամենացավալին էն էր, որ երբ զինվորին մահացած էին բերում կամ մահանում էր, պետք է արագ դուրս հանեինք, որ տեղ բացվեր հաջորդ վիրավոր զինվորի համար, ում կարող էինք օգնել»,- նկատում է բժիշկը, ապա լռում:

-Դաժան է,- լռությունը խախտում եմ:

-Դաժան է, հա, եթե կարելի է էդպես ասել,- պատասխանում է նա, ապա դարձյալ լռում:

Դժվար է հասկանալ նրա ապրումները, որ անբացատրելի տխրություն բերող են: Փոքր դադարից հետո վիրաբույժը շարունակում է. «Կհավատա՞ք, որ ես մինչեւ հիմա չեմ կարողանում վերարտադրել էն, ինչ տեսել ենք, ապրել ենք… Ի՞նչ էր՝ չեմ կարող ասել, բայց գիտես, որ պետք ես զինվորին, հայրենիքին, ու հենց էդ գաղափարի շուրջ էլ հավաքվել ենք»:

-Իսկ ի՞նչն է Ձեզ ուժ տվել, որ կարողացաք դիմակայել,- հարցնում եմ:

-Առաջին հերթին, որ իմ հողն է, իմ երկիրն է, երկրորդ հերթին՝ պիտի ուժեղ լինես, դիմակայես, հակառակ դեպքում մի քանի օրից պիտի հետ գաս, որ մնացածին էլ չխանգարես: Պետք է կայուն, հաստատակամ քո գործն անես, որովհետեւ ինչ-որ մեկն էստեղ սպասում է քո կատարած գործին: Ու գիտեք՝ էդ տղաներին որ տեսնում էինք, ինչ կարգի ներուժ կար նրանց մեջ, ես էդքան ուժեղ մարդ մի տեղում չեմ տեսել: Դու ուղղակի իրավունք չունեիր ուժեղ չլինել,- պատասխանում է վիրաբույժը:

Պատերազմի բժշկի հիշողությունները խտանում են դրվագները նշելիս: Բուժակներից մեկի մասին է պատմում, որը ոտքից վիրավորվել էր, դժվար էր քայլում, սակայն ցույց չէր տալիս: Կրակոցների տակ ռազմաճակատից վիրավորների էր օգնում՝ տեղափոխելով հիվանդանոց: Ամեն անգամ վիրավորներին բերելուց մեքենայի մի մասը ջարդված կամ խփված էր լինում: Մի օր լացելով էր վիրավորներին բերել, ավելի ուշ բժիշկներն իմացել էին, որ չէր հասցրել ընկերոջը ժամանակին հանել ճակատից, ու վերջինս զոհվել էր:

Վիրաբույժ Գրիգորյանն ասում է՝ բուժակների գործը շատ դժվար էր, եւ գուցե ամենածանրը. կյանքին վտանգ սպառնալով, կրակոցների տակ ռազմաճակատից վիրավորների էին օգնում, տեղափոխում:

Մեկ այլ դեպք է հիշում, երբ մի երիտասարդ զինվորի երկու ձեռքերն ամպուտացվել էին: Բժիշկներից մեկը նրա զինգրքույկից իմացել էր, որ նա նկարիչ-քանդակագործ է:

«Դեպքեր են եղել, երբ հայրը տղային գրկել, բերել է, եւ որդու կյանքը չի հաջողվել փրկել, դեպքեր են եղել, երբ վիրահատարանի սեղանին են մահացել՝ արյունահոսել են: Ամեն դեպքում պետք է քեզ հավաքես, թե չէ ոչինչ չի ստացվի»,- նշում է Գեղամ Գրիգորյանը:

Երեկոյան հիվանդանոցում միայն վիրահատարանի լույսերն էին միացնում: Պատուհանները փակել էին, եւ թվում էր, թե դա բունկեր է: Զրուցակիցս ասում է՝ իրականում երբ վիրահատարանում աշխատում ես ու քեզնից մի բան կախված է, ամենապահովն ես քեզ զգում:

Հոկտեմբերի 5-ին Հադրութի հիվանդանոցը տարհանելուց հետո տեղափոխվել էին Ազոխ, որտեղ, ինչպես արդեն նշել էինք նախորդ երկու պատմություններում, դպրոցը վերածել էին հիվանդանոցի: Առաջին հրադադարի օրը՝ հոկտեմբերի 10-ին, ամենաշատ վիրավորներ էին ունեցել, իսկ երկու օր անց ստիպված էին տարհանել հիվանդանոցը:

Այդ ժամանակ, ասում է, արդեն պարզ էր պատերազմի ելքը: Վիրաբույժ Գրիգորյանը Երեւան գալու երրորդ օրը որոշել էր վերադառնալ Արցախ: Ասում է՝ Երեւանում տիրող անհոգությունը, հաղթելու մասին սուտ կոչերն ուղղակի անհնար էին դարձնում այդ օրերին Երեւանում մնալը: «Երբ գալիս ես մի տեղից, որտեղ մարդիկ բառի բուն իմաստով կյանքի ու մահվան պայքար են մղում, եւ տեսնում ես, թե էստեղ ինչ է կատարվում, հետեւանքը պարզ է դառնում»,- նկատում է զրուցակիցս:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը երիտասարդ վիրաբույժի համար ամենածանրն էր: Ասում է՝ կյանքում այդ չափի կորստի զգացողություն չի ունեցել, աննկարագրելի է, եւ դրանից հետո էլ «հետո»-ն չի նշմարվում:

-Իսկ ինչու՞ պարտվեցինք,- հարցնում եմ նրան:

-Ես միայն մի բան գիտեմ՝ խրամատում կռվող զինվորը, կռվող հրամանատարները չեն պարտվել, իրենք մինչեւ վերջ պայքարել են, կռվել են գաղափարի համար եւ իրենց ուղղակի հաղթել հնարավոր չէ: Իսկ թե ինչի՞ պատերազմի ելքն էսպես եղավ, դա արդեն խորքային հարց է:

-Իսկ պարտվածի հոգեբանությունը կարո՞ղ ենք փոխել:

-Պետք է շուտ փոխենք դա, եւ ամեն մարդ պետք է մտածի այդ մասին: Պարտվածի հոգեբանությամբ ապրելը լավ բան չէ, հետո մենք պետք է պատրաստ եւ ամենակարեւորը՝ պահանջատեր լինենք, գոնե աշխատենք էնպես անել, որ մի քիչ հավասարվենք 90-ականների սերնդին: Էդքան բան:

Զրույցը, կարծես, կախման կետերով ենք ավարտում: Հեշտ չէ հասկանալ վիրաբույժի ապրումները, որ հազարավոր թելերով կապված է Արցախի հետ: Մեր զրույցի վերջում մեղմ ժպիտով ավելացնում է. «Ու հիմա ես ավելի շատ եմ սիրում Ղարաբաղը: Ասում են՝ մի բան պիտի կորցնես, որ գնահատես: Այնտեղ ավելի հանգիստ ես քեզ զգում, քան այստեղ»:

Լուսանկարները՝ Գ. Գրիգորյանի արխիվից, Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter