Ադրբեջանցիները Երասխում թիրախային կրակ են արձակել սնունդ տեղափոխող մեքենայի վրա․ տուժածներ չկան
Հուլիսի 31-ի՝ ժամը 18:10-ից մինչև 18:50-ը, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի`տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ թիրախային կրակ է արձակվել թիկունքային ապահովման (սնունդ տեղափոխող) մեքենայի վրա` լրջորեն վնասելով այն:
«Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան:
Ժամը 22։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- նշված է ՊՆ հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել էր, ամրաշինական աշխատանքները դադարեցվել էին։
Մեկնաբանել