HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Ջավախյան

Հեղափոխության գործիքակազմը

Արմենը երբեմն մռայլվում ու դժգոհում էր մահկանացուն կնքած այս կամ այն մարդուց: Մի օր էլ ասի.

-Արմեն, մեռած մարդ ա, էլ միտք ունի՞ հետևից խոսալ...

-Հենց մեռածի հետևից պիտի խոսաս,- ասաց,- որ սաղ են լինում՝ նեղանում են...

Արմենի խոսքը մեծ խորհուրդ ուներ՝ մեռնելու գնով չվաստակել լավ մարդու անուն: Նա իր վաստակի տերն էր: Գրական և արվեստասեր հանրությունը կսկիծով է արձագանքում պոետի մահվան լուրին: Արմեն Շեկոյանն իմ շրջապատում երբեմնի ամենապարզ և ամենաբարդ մարդն էր, որին էդպես էլ հասու չեղա...

Գնաց Արմեն Շեկոյանը՝ մեզ թողնելով իր գրականությունն և այս խրթին ու շփոթ կյանքը... Գնաց, որ էլի ապրի...

Նա վեպ էր գրում: Մահը գրողին տարավ, բայց վեպը գրվում, գրվում՝ չէր ավարտվում: Ասում էր, որոշել եմ Գինեսի ռեկորդ սահմանել: Երևի դրան մոտ էր. քսանմեկերորդ հատորն արդեն անցել էր: Կյանքը թե վերջ ուներ՝ էնպես էլ Շեկոյանի «Հայկական ժամանակ» -ը: Թվում էր, թե դա անվերջանալին էր... Իրապատում արձակ էր, մի շարք գլուխներ հենց ինձ՝ Լևոն Ջավախյանիս էր նվիրված: Գործող անձ էի, որտեղ էլ ես չէի՝ Արմեն Շեկոյանն էր՝ իմ անվան տակ ծպտված: Շատ դեպքերում նա իր ասելիքն իմ բերանով էր արտաբերում: Եվ Առավոտի կայքում շարունակվում էր պատմությունն ըստ Արմեն Շեկոյանի: Սակայն ամեն ինչ իր վերջն ունի:  Շեկոյանն այսօր մահացավ՝ 29.07.21 թ. առավոտյան,  այո՛, այո՛, հենց այս պահին, երբ մտահղացել էի հերթական պատմվածքս: Դժվար թե այլևս շարունակվի անվերջանալին... Դեռ տասը տարի առաջ էր ինձ ասել.

-Ես իմ վեպում քո մասին այնքան եմ գրել, որքան դու պատմվածք չես գրել...

Ճիշտ էր ասում: Քանակով խիստ էի զիջում: Որոշեցի այս գործը նվիրել Արմեն Շեկոյանին՝ գոնե մի պատմվածքով տարբերությունը կրճատելու միտումով...

Իմ ընկեր Արամը պատմում էր.

-Վաղ կոմունիստական շրջանում Հանրային գրադարան պորտֆելով տարիքն առած մի մարդ սկսեց հաճախել: Էս մարդը կաշվե հնամաշ պայուսակը բացում էր, ասես մի կարևոր գործողության պատրաստվեր... Պայուսակից հանում՝ սեղանին էր դնում մի կծիկ թել, մի մախաթ, թղթերն իրար կարող մի մետաղական սարք, մի պլասկագուպցի, մի շիշ սոսինձ, մի բիզ, մի քյալփաթին, երկու վրձին... Բայց և այնպես նրա ամենակարևոր գործիքը բութ մատն էր, որ օգտագործում էր ռետինի փոխարեն, երբեմն էլ՝ կարտոֆիլի նման խոր սերմնաբներով քիթը քչփորելու համար: Որ շատ փորում էր՝ մի բան դուրս էր գալիս: Եղած-չեղածը երկու մատով գլլում էր, գլլում ու կտտցնում անորոշ ուղղությամբ: Վա՛յ  նրան, ով պատահաբար գնդակոծության տակ էր հայտնվել: Դա ձեռքի հետ... Բուն գործունեությունը ընթացիկ ջնջումներն էին: Թքում էր բութ մատին ու եռանդով ջնջում: «Վիրահատական» գործընթացը ուղեկցվում էր անդրաշխարհիկ ձայներով. ընթերցելիս կոպալ քիթը ֆսֆսում էր, գեր մարմինը պարավոզի նման փնչփնչացնում էր՝ եփ գալիս, հընթացս,  անհոդաբախշ, վանկանման կապակցություններ էին արտածվում՝ պըսպըս ֆըսպիս պիսպի սպըս օօօ՜ֆ տըսծըծը ծըմըրթռչու աահֆը նչմընչ... Հնչյունային մի արտասովոր համակարգ, որով հմտորեն վերանում էր ընթերցանության և երաժշտության ժանրային տարբերությունը...  Տող առ տող ֆսֆսոցով, փնչոցով, խնչոցով, դանդաղ, բայց համառ աշխատանքով առաջ էր գնում... Գործող օրգանական համակարգը, անկասկած, չէր զիջի որևէ անօրգանական շարժակազմի: Հասել էր Լենին 14-րդ հատորին: Եղած գործիքակազմը երևի չեր բավականացնում: Ինձնից,- շարունակեց Արամը,-  14  համարի կլուչ ուզեց... Բութ մատը մի մեծ պարբերության էր հասել: Մատն ասես երկաթյա  հաստ պնդողակի դեմ առած լիներ՝ սեղմում էր ու գռսում, թքում էր ու գռսում... Ձեռքի տակ եթե Լենինի պնդերես հատորը չլիներ՝ երևի թերթերը վաղուց ևս Էին ելել: Իլյիչը չէր զիջում...

-Բա որ,- ասի,- Նիկոլի «Երկրի հակառակ կողմը» կարդալիս լիներ՝ ի՞նչ կլուչ պիտի ուզեր...

-Երևի ռազվադնոյ... ,- ասաց Արամը փոքր-ինչ երկմտելուց հետո:

Ահա թե որտե՞ղ է թաքնված հեղափոխության բացիլը: Հեղափոխությունը պիտի բացահայտել նույնպիսի գործիքակազմով, այսինքն, բանվորական միջոցներով... Միշտ պետք է գիտակցել. առանց Երկաթյա մանդատի և այն սպասարկող մետաղական գործիքակազմի՝ հնարավոր չէ որևէ հեղափոխություն: Պատահական չէր երկաթյա մուրճի հայտնվելը Նիկոլի ձեռքում: Մուրճ, որի պոչն անգամ գործածական էր: Իր հայտնագործությունով նույնիսկ Նիկոլն էր զմայլվել: Հանրությանը սիրով ցուգադրում էր գործիքի ունիվերսալ կողմերը՝ պոչի տափակ ելուստը, որով կարելի էր մեխի փոխարեն մարդ հանել և ուղղանկյուն մետաղական  կտցարը, որով կարելի էր մեխին հարվածելու փոխարեն՝ մարդու գլխին հարվածել: Ամբոխը հրճվում էր... Հեղափոխության համար մեծ խելք պետք չէ: Հեղափոխության ամենամեծ զենքն ատելությունն է և տգիտությունը:  Գրադարանի մարդը դրա դասական օրինակն էր: Ամբոխին խելագարեցնելու համար կամ Լենին է պետք, կամ առնվազն, Նիկոլ: Էդ գործը ոչ մանրուք է հանդուրժում, ոչ խիղճ, ոչ կարեկցանք և ոչ էլ նահանջ. Եթե ոչ՝ կգա դառը զղջումը:

Մեր հարևան Անուշևանն այլևս երկնային է: Գնացել էի գյուղ՝ նրա թաղմանը: Մահը բացվող վարագույր է արթնացող հուշերի համար: Ուզում եմ հարևանիս հիշատակին մի բան պատմել, ավելի շուտ խոստովանություն, որ նա ինձ արեց վաղ առավոտյան, ախտմխտին, միանգամայն լուրջ, երբ դեռ չէր հասցրել բերանը գոնե մի բաժակ թթան օղի գցել: Մահը մեռնողաց, կյանքը թող ապրողաց լինի, հատկապես, կյանքի միջի ուրախությունը... Անուշևանն անուղղելի խմող էր, ես կասեի՝ հարբեցող: Նա իր ապրած իննսուն տարիների ընթացքում էդպես էլ անբաժան մնաց բթուլկից: Սառնախպրի որքում դրած շշերի կողքով անգամ անտարբեր չէր անցնի: Կասեր, բարլիս ա բթուլկենի... Բթուլկեքն էլ իրեն էին բարլիս ասում, ապացույցը՝ շշերի տակ մնացած արաղը ...  Ով էլ նրան խմելիս չէր տեսել՝ մեյդանում կանգնած շվարել էր, թե բարլիսախառն էդ ո՞նց հաջողացրեց... Ղսմաթը ծմծման ախպրի նման գալիս էր... Բայց միշտ չէր ապրածից գոհ: Երբեմն էլ շատ ապրելուց դժգոհում էր, ասում էր, ըմանչում եմ, որ չեմ մեռնում, ինձանից ջահելնին գնում են, բայց ես ղուզղունի պես բայղուշին տված՝ մնում եմ... Կյանքից դժգոհում էր, բայց կոնծելուց՝ երբեք... Ընդհակառակը.

-Լովիկ ջիե՜ն,-  մի օր ինձ ասաց,- դենն ու դենը մի տաս տարի առաջ՝ տաս օրով խմիելը թարգել էի... Տղա ջիե՜ն,- ծոր տվեց,- էռնակ իմանաս, թե ինչքան եմ փոշմանել...

Էդպես էլ է լինում, բա՜... Իննսուն տարվա մեջ էդ տասը օրվա օղայ կյանքը դարդ էր դառել Անուշևան անունով  հարևանիս համար...  Նեա զղջումը գրեթե հեղափոխականի զղջում էր... Իսկ հեղափոխականի դրոշին գրված էր. ոչ մի կաթիլ թշնամուն, ոչ մի կարեկցանք հոսած արյան համար, նավարկել փոթորկոտ ծովում, վայելել արկածախնդիր ադրենալինը՝ չխնայել ոչինչ, ոգելիցի կաթիլն անգամ, որը կբավականացնի՝ խաբուսիկ տենչով և արբեցած ուղեղով ձեռք մեկնելու բարեկամ թուրքերին, որոնք պոետի խոսքով ասած. «զինավառ գալիս են ձեր փայփայած հայ-թուրքական բարեկամության կենացը խմելու՝ ձեր օջախներում, ձեր իսկ արյամբ...»:

Խմիչքը բարիք է՝ քանի դեռ չի դարձել չարիք: Անուշևանն երբեմն էլ, խմում, տռածակը կորցնում էր: Քեֆը լավ, մի բթուլկա էլ ծոցագրպանը խոթած, գնացել էր էրկու տուն դենը՝ Վրթանեսանց տուն՝ «խնամախոս»: Ասել էր.

-Վրթանես ջիե՜ն, մեր Օֆոն մի տասհինգ օրով հորանց ա գնացել, բի կլի քու Վարթուշին ինձ տու, մի քանի օր բեջարեմ, մինչև մեր Օֆոն կգա՝ պարտքդ եդ կտա...

Միանգամայն հեղափոխական վարքագիծ...Կենցաղից քաղաքականություն՝ մի քայլ է: Մենք էլ մեր հողերն ենք տալիս հարևանին, ճիշտ այնպիսի պատրաստակամությամբ, ինչպես Անուշևանն իր կնոջը: Անուշևանը գոնե կանխակալ ինչ-որ միտում ունի՝ մեր ստացա՞ծն ի՛նչ է... Կին՝ պարտքի դիմաց, կամ թե, պարտք՝ խաղաղության դիմաց:  Ե՞րբ պիտի դուրս գանք թմբիրից... Ութսունութին ոմն մեկն ասում էր՝  Երկիր Նաիրի վրա սև ամպեր են կուտակվել...  Փչում է խորշակը, թե՛ հարավից, թե՛ հյուսիսից... Ամայանում են սարեր, դաշտեր, ձորեր, Արցախը դարձել է կորուսյալ աշխարհ.... Մեռնում են գյուղեր, շեններ, ավաններ, քաղաքներ, մեռել է և հարարազատ քաղաքս՝ Ալավերդին... Նոր եմ եկել այնտեղից, թվում է՝ հանգուցյալի մոտից.  քաղաքը թաղված է խոր ձորում՝ շուլալված Դեբետի երկանքով: Ոչ մի կենդանություն, ձայն, ծպտուն...  Ասես լեշի վրայով՝ սև անգղներն են սավառնում... Երկու կողմերում կոփածո ժայռեր են, ավերակներ ու քարե՜ր, քարե՜ր... քաղաքը կարծես դագաղում լինի: Բարակ երիզով հազիվ նշմարելի է երկինքը: Ինչ-որ մեկը մոռացել էր դնել կափարիչը...

Սիրտս տեր է, հայրենիքի կարոտ, թագ եմ ուզում, թա՛գ... Այս ավերակաց վրա ինչպե՞ ս թագավորեմ... Թագավոր եմ ուզում, որ նախնյաց թագավորների զարմից լինի ու սերված չլինի ձախ ու ծուռ զանգվածներից, խաժամուժից, պլեբսից...  Բայց որտեղի՞ց...Մեր ազնվականաց դասը թրատվեց դեռևս միջնադարում...  Կուշտ եմ, սիրտ խառնելու չափ կուշտ՝ թե միտինգներից, թե ցույցերից և թե խելագարված ամբոխների չդադարող երթերից: Երեսուն տարի ապագա ենք ստեղծում ու մեր առջևն էլի նույն կոտրած տաշտն է: Շարունակ իններորդ ալիքի վրա ենք, միևնույն ալեկոծ ծովում: Տարերքն է իշխում երկիերը: «Ձայն բազմաց՝ ձայն Աստծո»... Մեզ ժողովուրդն է մանդատ տվել...,- ականջներս սղոցվում են շարունակ: Այո՛, հենց այն ժողովուրդը, որի ցանկությամբ խաչ բարձրացվեց հենց ինքը՝ Աստծո որդին: Հիմա նրան մանդատ են տվել, մի այլ, պողպատե մանդատ... Էլի Աստծո զավակներ են բարձրանալու խա՛չ...  Աշխարհում ամենավատ բաներն արվում են ժողովրդի անունից... Միայն թե՝ բոլորը չէ, որ բոլորի նման են մտածում: Վերնիսաժ ինձ այցի կրկին ընթերցող էր  եկել: Ես,  նախկին վարժապետս,  որ միշտ ժրաջան էի սովորեցնելու մեջ՝  ինքս էի սովորում: Հայրենյաց դժոխքի բոլոր պարունակներով անցած տղան, կրկին Արմեն անունով, ասում էր.

-Լևոն Տեր-Պետրոսյանը վատն էր, Սերժ Սարգսյանը վատն էր, Ռոբերտ Քոչարյանը վատն էր, բայց շատ անգամ վատն է ժողովրդի, ես կասեի՝ զանգվածի, հավաքական կերպարը... 

Քանի դար է իրար միս ենք կրծում: Որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում... Չգիտեմ: Իսկ Շեկոյանը գիտեր.

Դու եկել ես անժամանակ,

Բայց կգնաս ճիշտ ժամին:

...Թոխմախ Գյոլից ձախ ենք թեքվում: «Հայկական ժամացույցի»-ը վայր էր ընկել: Վերջին խոսքն ասված էր...  Միթե՞ կոտրվել էր... Սակայն, կարծես թե, ժամանակը կանգ չէր առել. թիկ-թա՛կ, թիկ-թա՛կ՝ թրթռալեն պտտվում էր ժամանակի անխոնջ սլաքը: Նոր ժամանակներ էին սկսվում, որտեղ պոետի խոսքը պիտի որ վերջ չունենար՝ ինչպես իր «Հայկական ժամանակ»-ը: Փոսը բուռեբուռ հող էինք լցնում: ...Ցամաք էր ելել՝ այն ափ: Ականջներումս ժամանակի երգն էր.

Էս ընթացքում շատ խոսեցինք

Հայոց հարցից ու Արցախից:

Վերջին խոսքս ես ձեզ կասեմ

Թոխմախ Գյոլում (մուտքը՝ ձախից):

01.08.21թ.

Ճիշտ այս օրը հուղարկավորում էինք Արմեն Շեկոյանին:

Մեկնաբանություններ (1)

Վարդգես
Շատբ տպավորիչ էր։ Լևոն եղբայր, մի՞ գուցե շարունակեիք կիսատ մնացած մտքերը, դրա անհրաժեշտությունը շատ զգայական է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter