HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Հայաստան» դաշինքը պահանջում է ազատ արձակել Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին. վարման կարգը սկսվեց վիճաբանություններով

Խորհրդարանում շարունակվում է ութերորդ գումարման մեկնարկային նիստը: Պատգամավորները նոր էին գրանցվել, երբ «Հայաստան» դաշինքի անդամները, մեկը մյուսին հերթ չտալով, վարման կարգով խոսք պահանջեցին: Նրանք բարձրաձայնում էին իրենց դաշինքով պատգամավոր ընտրված Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի կալանքի տալ գտնվելու հարցը: Պատգամավոր Սեյրան Օհանյանը, դիմելով նախագահողին, պահանջեց պատգամավորների ներկայությունն ապահովել նիստերի դահլիճում: Նախագահող Կնյազ Հասանովն արձագանքեց` հարցն իր իրավասության ներքո չէ, իրավապահների տիրույթում է:

Նույն դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ հավելեց` երկու պատգամավոր կալանքի պատճառով, իրենց կամքին հակառակ չեն կարողանում նիստին մասնակցել:

«Եթե համարում եք, որ ոչինչ չի եղել ու անցնել օրակարգի, էս սկզբունքով լավ տեղ չենք հասնի: Իրավունք չունեք ԱԺ կանոնակարգի ոտնահարումով գնալ առաջ, մեր երկու պատգամավորը գտնվում են կալանքի տակ, սա անհարգանք է խորհրդարանի նկատմամբ»,- ասաց Ռուստամյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը համաձայնեց` պատգամավորներն ունեն անձեռնմխելիության իրավունք, սակայն այժմ իրավիճակ է, երբ մինչև մանդատ ստանալը, անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով:

Նա կոչ արեց չխաթարել խորհրդարանի բնականոն գործունեությունը և հնարավորություն տալ նախագահողին ձևավորել ԱԺ մարմինները, որից հետո քննարկել ցանկացած հարց:

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդևանյանը հակադարձեց` Վլադիմիր Վարդանյանը այնպես է մեկնաբանում Սահմանադրությունը, որ ցանկացած դատախազ կամ դատավոր կարող է շրջանցել Սահմանադրությունը:

Վարդևանյանը պնդեց, որ Սյունիքի նախկին համայնքապետերը պատանդի կարգավիճակում են, նրանց հնարավորություն չի տրվել մասնակցել նիստերին:

Այնուհետև վարման կարգով խոսքի իրավունք պահանջեցին «Հայաստան» դաշինիքի գրեթե բոլոր պատգամավորները, Կնյազ Հասանովը արձագանքեց` եթե բոլորին խոսքի իրավունք տա, մինչև առավոտ կարող են խոսել:

Նա կոչ արեց սպասել խորհրդարանի ձևավորմանը, սակայն ընդդիմադիրներն անվրդով էին: Արմեն Ռուստամյանն ասաց, որ որպես խմբակցության քարտուղար 20 րոպե ընդմիջում է պահանջում:

Երկար բանավեճերից հետո նիստն ընդմիջվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter