HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Օլիմպիական խաղերի եզրափակիչ

Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր մեկնարկել է պայքարը հունահռոմեկան ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգում, որտեղ 2016թ․ Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ եզրափակիչ։

Հայ ըմբիշը պայքարի մեջ մտավ 1/8 եզրափակչից, որտեղ 4:1 հաշվով  պարտության մատնեց ղրղզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովին։ Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 5։1 հաշվով առավելության հասավ Ֆինլանդիան ներկայացնող Արվի Մարտին Սալվոլաինենի նկատմամբ։

Եզրափակչի ուղեգիրը «Ճերմակ արջը» վիճարկեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադհադի Սարավիի հետ, որի նկատմամբ հաղթանակ տարավ 4։1 հաշվով։ Գոտեմարտը շատ ծանր դասավորվեց Արթուր Ալեքսանյանի համար: Նա ակտիվության համար մեկ միավոր ստացավ, սակայն պարտերից չկարողացավ հնարք կատարել իրանցի մարզիկի նկատմամբ։ Այնուհետև մրցավարները պասիվություն տվեցին հայ ըմբիշին և հաշիվը հավասարվեց, սակայն Սարավին նույնպես չկարոացավ հնարք կատարել պարտերից։

Այնուհետև պասիվություն տրվեց իրանցի ըմբիշին և պարտերից հնարք կատարելու պահին, երբ արդեն բարձրացրել էր մրցակցին, Արթուր Ալեքսանյանը կարողացավ գցում կատարել, սակայն վնասեց ազդրը և որոշ ժամանակ պառկած մնաց գորգին։ Այդ հնարքի համար հայ մարզիկին երկու միավոր տրվեց, ևս մեկ միավոր տրվեց իրանցիների անհաջող վիճարկումից հետո։ Այդ ընթացքում Արթուր Ալեքսանյանը կարողացավ ոտքի կանգնել և հաղթական ավարտի հասցնել գոտեմարտը՝ 4։1։

Օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար՝ եզրափակիչ գոտեմարտում, Արթուր Ալեքսանյանը կմրցի ռուս ըմբիշ Մուսա Եվլոևի հետ։ Եզրափակիչը կկայանա վաղը՝ օգոստոսի 3-ին։

Լուսանկարները՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (գլխավորը) և Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter