HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աղվան Վարդանյանը` Հակոբ Արշակյանին. «Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում կամաց-կամաց վերածվում ենք բռնապետական երկրի»

Խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխխոսնակի թեկնածու Հակոբ Արշակյանի ընտրության հարցը: Նախկին նախարարի թեկնածությունն առաջադրել է քաղաքական մեծամասնությունը: «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը, դիմելով Հակոբ Արշակյանին, հետաքրքրվեց խորհրդարանում հավատարմագրված լրագրողների աշխատանքի սահմանափակումներից:

«Ձեր հայտարարած սկզբունքներն ու գործը միմյանց հակասում են: Չեք պատրաստվում արդյոք ընտրվելու դեպքում վերանայել լրագրողների նկատմամբ սահմանափակումները»,-հարցրեց նա:

Հակոբ Արշակյանն արձագանքեց` առաջարկվող փոփոխությունները ոչ թե սահմանափակումներ են, այլ` ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Նա վստահեցրեց, որ պատգամավորներից յուրաքանչյուրն ազատորեն շփվելու է լրագրողների հետ, իրենք պարզապես փորձում են նախադրյալներ ստեղծել լրագրողների աշխատանքը խորհրդարանում ավելի կազմակերպված իրականացնելու համար:

«Բազմաթիվ կառավարական շենքեր ունենք, որտեղ այդ սահմանափակումները դրված են, հույս ունեմ մեր լրագրող-գործընկերները կոնստրուկտիվ կմոտենան այդ հարցին»,- ասաց Արշակյանը:

«Ձեր ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքում մենք կամաց-կամաց վերածվում ենք բռնապետական երկրի»,- արձագանքեց Աղվան Վարդանյանը:

Հակոբ Արշակյանը նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ միջադեպից հետո:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանն ասաց, որ հայտնի միջադեպից երկու շաբաթ անց Արշակյանը հրաժարական է ներկայացրել, սակայն ստացվում է պատասխանատվության չի ենթարկվել, այժմ էլ նման բարձր պաշտոնի է հավակնում: Նա նաև հավելեց, որ ըստ իր տեղեկությունների մինչ այժմ տուժածի հետ առերեսում չի եղել: Խամոյանը հետաքրքրվեց, թե պատգամավորը սովորել է արդյոք կառավարել իր էմոցիաները, թե ոչ:

Արշակյանն արձագանքեց` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դատապարտում է ցանկացած բռնության կիրառում, ապա հավելեց, որ հանրությունը ևս իր գնահատականն է տվել, ինքը մանդատ է ստացել ու հայտնվել խորհրդարանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter