HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուհանում կիրականացվի բնակչության զանգվածային թեստավորում. հայտնաբերվել է COVID-19-ի մի քանի դեպք

Չինական Ուհան քաղաքի իշխանությունները հայտարարել են քաղաքային բնակչության շրջանում կորոնավիրուսի զանգվածային թեստավորում իրականացնելու մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Associated Press գործակալությունն էլ գրում է, որ նման որոշում ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքում հայտնաբերվել է կորոնավիրուսի փոխանցման մի քանի դեպք, ինչը գրանցվում է վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ։

Չինական Global Times-ի տվյալներով՝ Ուհանում գրանցվել է վիրուսի լոկալ փոխանցման յոթ դեպք, որոնք հայտնաբերվել են քաղաքում աշխատող միգրանտների շրջանում։

Ուհանում COVID-19-ի նոր բռնկման պատճառով փակվել են դպրոցները և խստացվել մետրոյում ուղևորների ստուգումը։ Այն շրջանում, որտեղ բնակվում են միգրանտները, փակվել են մի քանի կայարաններ, իսկ բուն շրջանում հայտարարվել է կարանտին։

Հիշեցնենք, որ Ուհանն առաջին քաղաքն է, որտեղ 2019 թվականի վերջին հայտնաբերվել է կորոնավիրուսը, և այնտեղից սկսվել է դրա տարածումը։ 2020 թվականի ամռանն Ուհանում, որտեղ բնակվում է ավելի քան 11 միլիոն մարդ, արդեն իսկ իրականացվել էր COVID-19-ի զանգվածային թեստավորում։

Կարողանալով հաղթահարել կորոնավիրուսի առաջին բռնկումը՝ Չինաստանը հետագայում կարողացավ հաջողությամբ հաղթահարել այն՝ ի շնորհիվ սահմանափակումների և ակտիվ պատվաստումների։ Ներկայում այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 105 հազար դեպք։ Համեմատության համար, Միացյալ Նահանգներում, որտեղ գրանցվել են ամենամեծ թվով դեպքերը, 35 միլիոն է։

Հուլիսի սկզբին Չինաստանում սկսել էր տարածվել կորոնավիրուսի դելտա տարբերակը։ Դրա պատճառով չինական որոշ քաղաքներում փակվել են օդանավակայանները, սահմանափակվել գնացքների շարժն ու մտցվել է կարանտին։ Նանկին քաղաքում, որտեղ սկսվել է կորոնավիրուսի վերջին բռնկումներից մեկը, թեստավորվել են գրեթե բոլոր բնակիչները՝ մոտ 8,7 միլիոն մարդ։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter