HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Panorama.am կայքի լուսանկարչին արգելել են խորհրդարան մտնել` ՊՊԾ աշխատակիցներին լուսանկարելու համար

Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանն այսօրվանից իրավունք չունի մուտք գործել խորհրդարանի վարչական շենք: ԱԺ աշխատակազմը ծանուցում է ուղարկել կայքի խմբագրություն` հայտնելով, որ վերջինս խախտել է «ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող կանոնները» և լուսանկարել ՊՊԾ աշխատակիցներին մասնագիտական գործունեություն իրականացնելիս:

Լուսանկարիչը մեզ հետ զրույցում ասաց, որ առավոտյան տնից խորհրդարան գնալու ճանապարհին է իմացել, որ խմբագրությունը նման ծանուցում է ստացել: Ասում է` լուսանկարել է պատգամավորների` նիստերի դահլիճ մուտքը, երբ վերջիններս հատուկ մետաղորսիչ սարքերով զննության են ենթարկվում: Երբ ՊՊԾ աշխատակիցներն ասել են, որ իրենց չլուսանկարի, զգուշացրել է` շրջվեն, որպեսզի պատգամավորներին կարողանա լուսանկարել: Լուսանկարել է նաև այգում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներին, ասում է` նոր կարգի մասին տեղյակ չի եղել, քանի որ նախկինում միշտ լուսանկարել է այգու տարածքում, այդ թվում` այն ժամանակ, երբ խորհրդարան է եկել վարչապետը:

ԱԺ աշխատակազմի գրության համաձայն` Լիլիան Գալստյանը խորհրդարանի առաջին նստաշրջանում ԱԺ մուտք գործել չի կարող, սակայն կարող է դիմել ԱԺ աշխատակազմին` հավատարմագրվելու 2-րդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց` այս միջադեպը չի կարող հիմք դառնալ նշված անձին հաջորդ նստաշրջանում չհավատարմագրելու համար, սակայն հավելեց` հավատարմագրման կարգն ամբողջությամբ պետք է վերանայվի: Սահմանվելու են որոշակի չափորոշիչներ, որոնց համապատասխանելու պարագայում են ԶԼՄ ներկայացուցիչները փոխվելու:

Ըստ Գրիգորյանի` ԶԼՄ ներկայացուցիչները նախապես կծանոթանան նույն կարգին, որին կցված կլինեն նաև անվտանգության ռեժիմի նոր կանոնները: Նա վստահեցրեց` լուսանկարչի այս դեպքը  նախադեպ չի դառնա:

Մեր դիտարկմանը, թե ԱԺ նոր ղեկավարությունը կարծես վախի մթնոլորտ է փորձում ստեղծել խորհրդարանում` լրագրողների աշխատանքի տեսանկյունից, Գրիգորյանն արձագանքեց. «Վախի մթնոլորտ չկա, կան կանոններ, որոնք ոչ միշտ են պահպանում ձեր գործընկերները: Եթե համեմատական իրականացնեք տարբեր երկրների խորհրդարանների հետ, մեր խորհրդարանն ամենաազատն է ԶԼՄ-ի հետ կապված հարաբերություններում, բայց ձեր շատ գործընկերներ խանգարել են թե՛ ԱԺ աշխատակազմի, թե՛ պատգամավորների աշխատանքներին»,-ասաց նա: Գրիգորյանը վստահեցրեց, որ ԱԺ հավատարմագրման նոր կարգին ԶԼՄ ներկայացուցիչները նախապես կծանոթանան:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, հուլիսի 30-ին փոխարինելով արձակուրդում գտնվող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, փոխել է ԱԺ վարչական շենքում գործող անվտանգության կանոնների որոշումը: Դրա հետևանքով այժմ խորհրդարանում աշխատող լրագրողները չեն կարողանում ազատ տեղաշարժվել:

Ըստ այդ որոշման` հատուկ վերահսկելի գոտի է համարվում Ազգային ժողովի նիստերի դահլիճը, Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակը, Ազգային ժողովի նախագահի ընդունարանը, Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Առանց համապատասխան զննման մուտքը հատուկ վերահսկելի գոտի թույլատրվում է միայն Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ:

Աշխատանքային գոտի է համարվում Ազգային ժողովի աշխատակազմի ծառայողների, Ազգային ժողովի խմբակցությունների աշխատասենյակների տարածքը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter