
Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԵՊՀ-ում հրավիրված նիստի ընթացքում ներկայացրեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, 7-րդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին։ Հովհաննիսյանն աշխատանքի կանցնի օգոստոսի 6-ից։
Նախարարը նշեց, որ ընդունել են ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը։ Հիշեցնենք, որ Գեղամ Գևորգյանը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 23-ին։
Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ պատրաստվում է ամբիոնի ղեկավարների, դեկանների հետ առանձին հանդիպել՝ քննարկելու մտահոգություններն ու հարցերը։ «Մի կարևոր բան կա, որ համալսարանը պետք է դառնա իրապես կրթական հաստատություն՝ զերծ քաղաքական, կուսակցական բոլոր տեսակ շահարկումներից, դրանք պետք է թողնել անցյալում։ Ինքս այստեղ եմ եկել որպես ապակուսակցական, այլևս ապաքաղաքական մարդ, և համալսարանն այլևս չի տեսնելու այն, ինչ տեսել է անցյալում»,- նշեց Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է համալսարանում ապահովել աշխատանքային լավ մթնոլորտ և որակյալ կրթություն։ Համալսարանը, ըստ նրա, բաց է լինելու բոլոր քննարկումների համար։ «Եթե համալսարանը, որպես առաջամարտիկ, իր հետևից չտարավ կրթական համակարգը, մենք չենք կարող հույս ունենալ, որ Հայաստանում կլինի լավ կրթական համակարգ, և համալսարանը պետք է դառնա առաջամարտիկը, իր ետեւից քաշողը, թեկուզ պետության պատվերը ինչ-որ տեղ կատարողը, որը տարիներ շարունակ չի ձևավորվել տարբեր հարցերի հետ կապված ՝ տնտեսություն, արդյունաբերություն, կրթության տարբեր ոլորտներ և այդ տեսանկյունից բավականին շատ գործ ունենք անելու»։
Հովհաննիսյանն ասաց, որ ունի ծրագիր, բարելավելուց հետո առաջ կշարժվեն։ Ինչ վերաբերում է «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքին, հույս հայտնեց, որ այն առաջիկայում կընդունվի։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհուրդը լուծարվել է, և շուրջ 2 տարի է՝ ռեկտորի ընտրությունը չի կայանում։
Մեկնաբանել