HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Համոզվել էինք, որ ամուսինս զոհվել է, մարդիկ գալիս էին ցավակցելու և հանկարծ գերիների մասին տեսանյութ ուղարկեցին»

«Պատերազմն ինչ սկսվեց՝ Լյուդվիգը գիշերները չէր քնում: Ուզում էր կամավորագրվել և մեկնել ռազմաճակատ, բայց ես ընդդիմանում էի: Մենք երկու երեխա ունենք: Երկար տարիներ տուն չունեինք, վարձով էինք բնակվում: Երեք տարի առաջ բնակարան ենք գնել վարկով, երկուսով աշխատում էինք, որ վարկը մարենք: Մտածում էի, եթե ինքը գնա, ես մենակ ինչպե՞ս եմ անելու»,- պատմում է օրերս Բաքվի դատարանի դատավաճռով 20 տարվա ազատազրկման դատապարտված հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի կինը՝ Հրանուշ Շահբազյանը:

Հրանուշն ասում է, որ հոկտեմբերի 1-ին ամուսինն աշխատանքի չգնաց, անհանգիստ քայլում էր տանը, հետո զանգեց ընկերներին, որոնք կամավորագրվել և մեկնում էին Արցախ, ասաց՝ սպասեք, հիմա հասնում եմ: Կես ժամում հավաքեց իրերը, տան վերջին գումարը վերցրեց, որ տաքսիով հասնի նրանց ու գնաց:

«Լյուդվիգը շատ հայրենասեր է, ես չեմ էլ հասկանա, թե ինչու այդպես որոշեց: Երբեմն մեղադրում եմ իրեն, երբեմն՝ արդարացնում, նրանց հոգեբանությունն ուրիշ է, դժվար է նրանց հասկանալը»,- ամուսնու վարքագծին փորձում է բացատրություն գտնել Հրանուշը: 

Նրա մեկնելուց առ ժամանակ հետո տեղեկացել են, որ Հադրութում է: Վերջին անգամ ամուսնու հետ խոսել են հոկտեմբերի 13-ին, այնուհետև զանգերը դադարել են: «Սպասում էինք, որ կզանգի, բայց երբ տևական ժամանակ չզանգեց՝ գնացի շտաբ, որտեղից մեկնել էր: Այստեղ տեղեկացրին, որ ոմանք շրջափակման մեջ են մնացել: Գնացի պաշտպանության նախարարություն (ՊՆ), ինձ ասացին, թե 10 օր սպասեք՝ կպարզենք, եթե ասենք, որ անհայտ կորած են՝ համարեք, որ զոհվել են: Օրեր անց ՊՆ-ից զանգեցին և ասեցին, որ նրանք չկան»,- պատմում է Հրանուշը: 

Ասում է՝ մարդիկ գալիս էին մեզ ցավակցելու, արդեն համոզվել էինք, որ ամուսինս զոհվել է, երբ հարազատներիցս մեկը տեսանյութ ուղարկեց: Ռազմագերիների էին նկարահանել, որի մեջ 6 հոգի էին, ամուսնուս ձայնից ճանաչեցինք: Մեկ այլ տեսանյութով նկարահանել էին, թե ինչպես են խոշտանգում և տեղադրել էին համացանցում: Տեսանյութը դիտել էր 11-ամյա որդիս և մինչև հիմա սթրեսի մեջ է, նրա հետ հոգեբան է աշխատում: 

Նոյեմբերի 13-ին Հրանուշը դիմել է Կարմիր խաչ՝ ամուսնու մասին տեղեկություն ստանալու համար: Նրան ասել են, թե այդ մարդու համար ուրիշ կին է դիմել իրենց և ասել է, որ իր ամուսինն է: Ասաց՝ ձեր տված անունով էլ կստուգենք, երկու ժամ հետո ինձ զանգեցին և ասեցին, որ իմ ամուսինն է: Ես դա համարում էի ինձ տրված աստվածային պարգև: Հետո նամակագրական կապ հաստատեցին Լյուդվիգի հետ: Ամուսինս տաք հագուստ ու ակնոց էր ուզել, որը Կարմիր խաչի միջոցով փոխանցեցինք:

Նոյեմբերի 13-ին Ադրբեջանը ՄԻԵԴ-ին հաստատել է, որ Լյուդվիգ Մկրտչյանը ռազմագերի է: Ընտանիքին հայտնել են, որ ռազմագերիների առաջին խմբի հետ վերադառնալու է, բայց անունը չի եղել ցուցակում: Այնուհետև, նրան մեղադրանք են առաջադրել: Գերեվարվածները վերադառնալուց հետո ընտանիքին պատմել են, որ Լյուդվիգին տեսել են բանտում, խոսել են հետը: 

Հրանուշն ասում է, որ երբ ամուսնուց լուր չեն ունեցել, իր հարազատներից մեկն ասել է, որ Լյուդվիգը ֆեյսբուք է մտնում: Գերությունից վերադարձածներն ասել են, որ ադրբեջանցիներն իրենց հարկադրում էին սոցիալական ցանցի գաղտնաբառը հայտնել:

«Եկել եմ այն եզրակացության, որ ինչ լինելու է՝ պիտի լինի, ոչինչ չես կարող փոխել: Առաջին ամիսներին ամեն օր եկեղեցի էի գնում, ծնկաչոք լաց եմ եղել, խնդրել եմ մինչև  ամուսինս հայտնվեց: Բայց երբ նրան չվերադարձրին և քրեական գործ հարուցեցին՝ այնքան չարացա, որ Աստծուց խռովեցի»,- ասում է Հրանուշը: Դրանից հետո նա դարձյալ հիվանդացել է, կրկին հիվանդանոց են տեղափոխել: Ասում է՝ արդեն հասկանում էի, որ հոգեկան խանգարում է սկսվում ինձ մոտ: Ամբողջ դեկտեմբեր ամիսն անկողնային վիճակում եմ գտնվել ու հետո, երբ մի քիչ ուշքի եկա, Աստծո հետ հաշտվեցի, բայց այլևս եկեղեցի չեմ գնում: Շարունակում եմ տանը մոմ վառել և աղոթել ամուսնուս համար: 

Բաքվի դատարանը 2021թ. օգոստոսի 2-ի դատավաճռով հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանին և Ալյոշա Խոսրովյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու, սահմանն ապօրինի հատելու և այլ հանցագործություններ կատարելու մեջ: Նրանցից առաջ Բաքվի դատարանը երկարատև ազատազրկման դատապարտեց ևս երեք ռազմագերու՝ Վիգեն Էուլջեքյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեց` վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով, Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով: Հիշեցնենք, որ վերջին երեք անձինք գերեվարվել են  պատերազմի ավարտից հետո: 

Այսպիսով՝ 2020թ. պատերազմի ժամանակ գերեվարված անձանցից 5-ը՝ դատապարտվեցին 15-20 տարվա ազատազրկման: Ինչո՞ւ Ադրբեջանը տարբերակված մոտեցում ունեցավ ռազմագերիների նկատմամբ մեր հարցին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասում է, որ պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված այս անձանց հարցում վճռորոշ է եղել տարիքային գործոնը և սփուռքահայ լինելը, որպեսզի մի դեպքում հիմնավորեն Արցախյան առաջին պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործություններ կատարելը, մյուս դեպքում՝ վարձկանությունը: 

Լ. Մկրտչյանի և Ա. Խոսրովյանի տարիքը հաշվի առնելով շինծու գործ են կազմել և նրանց վերագրել են՝ գերիներին խոշտանգելու, բռնությամբ ծանր վնասվածքներ հասցնելու և նմանատիպ այլ հանցագործություններ: Դատարանով փորձել են ապացուցել դրանք՝ դատակոչելով մարդկանց, որոնք ներկայացել են Արցախյան առաջին պատերազմի գերիներ և որոնք, իբրև թե այսքան տարի անց կարողացել են ճանաչել նշված անձանց, հաստատել են, որ իրենց վնասել են, խոշտանգել են, ծեծել են: Իհարկե, անհեթեթ դրվագներ ևս կան, օրինակ, ասել են, թե ռուս լրագրողների առջև ծեծել են իրենց: Դժվար թե բռություն գործադրող մարդը օտարերկրյա լրագրողների ներկայությամբ բռնություն գործադրի, բայց գործում նաև այդպիսի ցուցմունք կա:

Հանրային պաշտպանը, որն, իհարկե, լիարժեք չի իրականացրել նրանց պաշտպանությունը, կարծիք է հայտնել, որ դատախազը բոլոր մեղադրանքներից պետք է հրաժարվի և միակ մեղադրանքը, որ կարելի էր վերագրել՝ ապօրինի սահմանը հատելն է, բայց վերջնարդյունքում այս երկուսը մեղավոր են ճանաչվել մի քանի հանցագործությունների կատարման մեջ: Ըստ ադրբեջանական ընկալման՝ Արցախն իրենց տարածքն է, և նրանք ապօրինաբար են հատել այդ սահմանը:

Սիրանուշ Սահակյանն ասում է, որ թեպետ ռազմագերիներին առաջադրված մեղադրանքները տարբեր են, բայց որոշակի առումով նույնականացվում են Խծաբերդից գերեվարվածների հետ: Այդ խմբին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչական խմբավորումներ կազմելու, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու համար, բայց վերջնարդյունքում նրանց մի մասը հայրենադարձվեց առանց դատարանի առջև կանգնելու, որոշներին վերագրվել է միայն սահմանն ապօրինի հատելու մեղադրանք, իսկ մի խումբ տղաների դրանից բացի վերագրվել է նաև պայթունավտանգ նյութեր կրելու և օգտագործելու և այլ մեղադրանքներ: 

«Ադրբեջանն այս հարցում հետևողական գիծ չի որդեգրել և այս անհետևողականությունը ևս ապացույց է, որ ընթացող իրավական գործընթացները կամայական են, ավելի շատ պատվերների շրջանակում են իրականացվում, ինչն էլ խիստ փոխկապակցված է քաղաքական գործընթացների հետ»,- հայտնեց իրավապաշտպանը: 

Եվրոպական դատարանում հայ գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչները մինչև սեպտեմբեր ամիսը այս գործերով երկրորդ բողոքը կներկայացնեն ՄԻԵԴ: Բողոքը կներկայացվի արդար դատաքննության իրավունքի խախտման հիմքով, քանի որ այդ հետապնդումները շինծու են, զուրկ են իրավական և փաստական հիմքերից և նշված անձինք ապօրինի կերպով են դատապարտվել Ադրբեջանում: «Քննարկման առարկա կդարձնենք դատավճիռների բովանդակային կողմը՝ անհեթեթությունները, ինչպիսին սահմանն ապօրինի հատելու մեղադրանքն է»,- ասում է Ս. Սահակյանը: 

Իրավապաշտպանն այդ առումով լավ օրինակ է համարում Խծաբերդը: Գիտենք, որ այս տարածքները պատերազմի ավարտից՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո մնացել են հայկական ուժերի վերահսկության ներքո և այստեղ տեղակայվել են ռուս խաղաղապահներ: Միջազգայնորեն ճանաչված առաքելության պատասխանատվության ներկայացուցիչներին մեղադրել Ադրբեջանի սահման մուտք գործելու համար, ուղղակի անհեթեթություն է: Լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտություն չի նկատվում: Մենք նաև ի ցույց ենք դնում փաստական հանգամանքներին առնչվող անհեթեթությունները:

Կքննարկեն նաև կենսական դատավարական երաշխիքները, ինչպիսիք գործը քննող դատավորների անկախությունն ու անչառությունն է: Պարզել են, որ այս գործերում ներգրավված դատավորները հայտնի են նախկինում ադրբեջանցի քաղբանտարկյալների առնչությամբ ապօրինի դատական ակտեր կայացնելով: Սա պատահական չէ, այստեղ նույնպես քաղաքական ենթատեքստը պարզ երևում է: Դատարանը, եթե արձանագրում է արդար դատաքննության իրավունքի խախտումը, դրա արդյունքում ընդունված դատական ակտերը չեն ճանաչվում: Այդպես եղավ ադրբեջանցի քաղբանտարկյալների պարագայում՝ Եվրոպական դատարանի վճիռներից հետո պահանջվեց անհապաղ ազատ արձակել ապօրինի դատապարտված և պահվող անձանց: Իրավապաշտպանները ՄԻԵԴ-ից նման վերաբերմունք ակնկալում են նաև հայ ռազմագերիների վերաբերյալ գործերով: 

Ս. Սահակյանը շեշտում է, որ Ադրբեջանը ևս շատ լավ հասկանում է, որ այդ գործերը հեռանկար չունեն, իրավական առումով միանշանակ պարտության է մատնվելու, սակայն մինչև իրավական գործընթացների եզրափակումը փորձելու է քաղաքական գործընթացներում ավել մի բան ստանալ հայ ռազմագերիների դիմաց: Ռազմագերիներին երկարատև ազատազրկման դատապարտելով ընդամենը մեծացնում է գինը: 

ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերը ներկայացնող Սիրանուշ Սահակյանն ասում է, որ Ադրբեջանական իշխանությունները շարունակում են թաքցնել հայ գերիների իրական թիվը: Այս պահին հաստատված է Ադրբեջանում գտնվող 45 գերիների ինքնությունը, սակայն իրենք հիմնավոր նյութեր ունեն գերեվարված 100 անձանց վերաբերյալ, բայց, ամենայն հավանականութամբ, դրանց ճնշող մեծամասնությունը սպանվել են: Եթե նույնիսկ նոր գերիներ հաստատվեն՝ դրանք շատ փոքրաթիվ անձանց կարող է վերաբերվել: Այդ բոլոր գործերը դառնալու են սպանությունների, խոշտանգումների գործեր և պետք է հետամուտ լինենք, որ պատերազմական հանցագործությունների համար քաղաքական սանկցիաներ կիրառվեն կամ իրավական հետևանքներ ունենան: 

Ս. Սահակյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ում գտնվող գործերից մի քանիսն առաջնահերթություն են ստացել, բայց դեռևս դրական տեղաշարժեր չկան: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին որոշակի ակտիվություն են ակնկալում թե՛ դատարանից, թե՛ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter