HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը հայ գերիներ Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման, որոնք մեղադրվում էին, իբր, լրտեսության մեջ։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատավճռի մեջ նշվում է, որ պատիժը կրելուց հետո նրանք կարտաքսվեն Ադրբեջանից։ Առաջին հինգ տարիները Դավթյանն ու Սուջյանը կանցկացնեն բանտում, իսկ շինծու գործով պատժի մնացած մասը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հաստատությունում։

​​Ավելի վաղ, Trend գործակալությունը հայտնել էր, որ Սուջյանն ու Դավթյանը դատարանում զղջացել են։ Հայտարարվել էր դատավարության ավարտը։ Մեղադրող դատախազը պահանջել էր գերիներից յուրաքանչյուրին դատապարտել 16 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, հայտնի էր դարձել, որ Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ 

Ավելի վաղ, դատարանում Սուջյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական կազմակերպության ղեկավարն է։ «Պատերազմի սկզբում իմ ծանոթներն սկսեցին օգնություն տրամադրել։ Ես հավաքում էի դրանք, օգնում զինծառայողներին, Ստեփանակերտի բնակիչներին։ Ամեն ինչի մասին կիսվել եմ ֆեյսբուքյան իմ էջում։ Օգնություն էի հավաքում Գորիսում, ուղարկում Մարտունու զորամաս։ Այդ ժամանակ եկել էի Շուշի, որ աղոթեմ։ Այնտեղ լրագրողներին էլ հարցազրույց տվեցի, պատրաստեցի տեսանյութեր Ստեփանակերտում առկա իրավիճակի մասին և կիսվեցի սոցիալական ցանցերում»,- նշել էր Գևորգ Սուջյանը։

Վերջինիս խոսքերով՝ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության օրը որոշել էր մեկնել Ստեփանակերտ, որպեսզի օգնություն հասցնի։ «Ժամը 11-ին Լաչինի միջանցքում մենք անցանք ռուս խաղաղապահների մոտով։ Մեր մեքենան ստուգեցին, այնուհետ թույլտվություն տվեցին։ Շարունակեցինք մեր ճանապարհը։ Մեկ էլ ճանապարհին ադրբեջանական դրոշ տեսանք ու կանգ առանք այնտեղ։ Այդ ժամանակ մեզ մոտեցան ադրբեջանցի զինծառայողներն ու ձերբակալեցին մեզ»,- հավելել էր Սուջյանը։

Վերջինս նաև բացառել էր իր կապը հայկական հատուկ ծառայությունների հետ՝ ընդգծելով, որ մարտական գործողությունների վայրում նկարվել է միայն մեկ անգամ՝ զենքը վերցնելով այլ զինծառայողից։

Դատական նախորդ նիստի ժամանակ ընթերցվել էր Սուջյանի ավելի վաղ տված ցուցմունքը, որտեղ, վերջինս, իբր, խոստովանել է, որ համագործակցում է Հայաստանի ԱԱԾ-ի հետ, իսկ նրան հավաքագրել է ոմն Արտակ։ APA գործակալությունը, մեջբերելով այն, գրում էր, որ Գևորգ Սուջյանը սկսել է համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ, քանի որ խնդիրներ է ունեցել փողերի լվացման հետ կապված։ Նրա նկատմամբ սպառնացել են գործ հարուցել, որի պատճառով վերջինս դարձել է ԱԱԾ գործակալ։

Հիշեցնենք, որ այս շինծու գործով նախնական դատական նիստը կայացել էր հուլիսի 6-ին։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter