
ՊՆ-ն առաջարկում է գլխավոր շտաբում տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի ստորաբաժանում ստեղծել
Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծել կառուցվածքային նոր ստորաբաժանում՝ տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Պաշտպանական գերատեսչությունը ընդգծում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակներում իրականացվող կառուցվածքային փոփոխությունների իրացման անհրաժեշտությամբ:
Ըստ պաշտպանության նախարարության՝ նոր ստորաբաժանումը ստեղծվում է զորատեսակների կենտրոնացված ղեկավարման նպատակով, որը կիրականացնի տարածքային պաշտպանության կազմակերպման պլանավորումը, պետական ռազմական համակարգի մարմինների հետ համագործակցությունը, կցագրված պահեստազորային ռեսուրսների կառավարման, աշխարհազորային ստորաբաժանումների պատրաստության և ներդաշնակման կազմակերպման հարցերի համակարգման գործընթացը:
Ինչպես նշված է նախագծում, նոր կառուցվածքային ստորաբաժանման ստեղծման առթիվ զինված ուժերի թվակազմի ավելացում չի պլանավորվել, այն իրականացվելու է այլ ստորաբաժանումների հաստիքների կրճատման և պաշտպանության նախարարությանը հատկացված բյուջետային միջոցների հաշվին:
Հավելենք, որ պաշտպանության նախարարության այս նախաձեռնությունը դեռևս նախագծի կարգավիճակում է, և ուժի մեջ մկտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել