HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ. «Դեմարկացիա եւ դելիմիտացիա ասելով՝ Ադրբեջանը եւ Հայաստանը ամբողջովին տարամիտվող տեսակետներ եւ ցանկություններ ունեն»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը

-Պարոն Հովհաննիսյան, թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիեւը հայտարարում են, որ մյուս կողմը պատրաստ չէ դելիմիտացիա եւ դեմարկացիա անելուն: Ըստ Ձեզ՝ ներկա իրադրությունում առաջին հերթին ո՞ւմ շահերից է բխում այդ գործընթացի իրականացումը: Կարծում եք՝ Ալիեւն իսկապե՞ս շահագրգռված է դրանում:

-Այս հարցում շատ կարեւոր է, թե կողմերից յուրաքանչյուրը ինչ է հասկանում՝ դեմարկացիա եւ դելիմիտացիա ասելով: Այս տեսանկյունից Ադրբեջանը եւ Հայաստանը ամբողջովին տարամիտվող տեսակետներ եւ ցանկություններ ունեն, ինչն էլ հանգեցնում է նմանատիպ փակուղային իրավիճակի:

Ադրբեջանի ղեկավարի, այլ պատասխանատու պաշտոնյաների եւ մերձիշխանական քարոզիչների ելույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի դիրքորոշումը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցում հետեւյալն է:

  • Սույն հարցը հստակորեն կապվում է Արցախյան հիմնախնդրի, ի մասնավորի՝ Արցախի կարգավիճակի հետ: Պատահական չէ, որ Ադրբեջանը խոսում է «համապարփակ փաստաթղթի», ոչ թե պարզապես դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին: Բաքվի կարեւոր նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը հրաժարվի Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումից եւ այն ճանաչի Ադրբեջանի մաս:
  • Ադրբեջանը չի ցանկանում զորքերը դուրս բերել 2021 թ. մայիսի 12-ից ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում զավթած տարածքներից: Դրանք հայտարարում է իբրեւ «Ադրբեջանի պատմական հողեր»: Սույն քարոզչության շրջանակներում հուլիսից սկսած այդ երկրի պետական գերատեսչությունները պաշտոնական հաղորդագրություններում ՀՀ բնակավայրերի համար գործածում են ադրբեջանական տեղանվանումներ:
  • Ադրբեջանը դեմարկացիայի ընթացքում ցանկանում է ՀՀ-ից ստանալ նաեւ նախկին խորհրդային անկլավները, սակայն միեւնույն ժամանակ որեւէ մտադրություն չի արտահայտում Արծվաշենը, կամ Տավուշի մարզում նախկին ՀԽՍՀ տարածքից գրաված հատվածները վերադարձնելու հարցում:

Այսպիսով, Ադրբեջանը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի տակ հասկանում է բացառապես սեփական շահերին համապատասխանող եւ ոչ փոխզիջումային տարբերակ:

Հայաստանի դիրքորոշումը եւ շահերը այս հարցում էականորեն տարբերվում են: Նշված գործընթացի շրջանակներում ՀՀ շահերը թելադրում են նվազագույնը նշված կետերի բավարարում:

  • Արցախի, այդ թվում՝ կարգավիճակի հարցը պետք է հստակ կերպով առանձնացվի ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացից: Արցախի կարգավիճակը պետք է որոշվի հետագա բանակցությունների միջոցով:
  • Ադրբեջանը մինչեւ սահմանազատման գործընթացին անցնելը պետք է իր զորքերը դուրս բերի ՀՀ-ից գրաված տարածքներից:
  • Սահմանազատումը պետք է իրականացվի ոչ թե հապճեպ՝ ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների շարունակականության սկզբունքի հիման վրա, այլ պետք է հետազոտվեն բոլոր խնդրահարույց հարցերը, այդ թվում՝ ԽՍՀՄ ստեղծման առաջին տասնամյակում տարածքային կամայական փոփոխությունները:
  • Պետք է հաշվի առնվեն հումանիտար հարցերը. ՀՀ քաղաքացիների կենսագործունեության համար խիստ անհրաժեշտ տարածքները պետք է թողնվեն ՀՀ տարածքում: Պարզ ասած՝ ՀՀ քաղաքացու անասնագոմը, տան մի մասը կամ այգին չպետք է հայտնվեն «Ադրբեջանի տարածքում»: Դրա փոխարեն հնարավոր է իրականացնել տարածքների համարժեք փոխանակումներ:
  • Նախկին խորհրդային անկլավների հարցը պետք է դառնա առանձին քննարկման առարկա, այդ թվում՝ պետք է մանրամասն ուսումնասիրվի ԽՍՀՄ տարիներին դրանց առաջացման հարցը, իրավական հիմքերը եւ այլն: Հարցի կարգավորումը որեւէ պարագայում չի կարող ներառել այդ բնակավայրերի եւ տարածքների՝ Ադրբեջանի կազմում ներառումը:

-Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային լարվածությունն արդյոք նպատակ ունի Հայաստանին ստիպել սկսելու դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթաց, թե՞ համամիտ եք Փաշինյանի այն դիտարկմանը, որ այդպիսի սադրանքներով Ադրբեջանը փորձում է խաթարել կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ Հայաստանին պահել բլոկադայի մեջ:

-Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի հանդեպ ագրեսիայի քաղաքականությունը ունի ոչ թե մեկ, այլ մի քանի նպատակ: Այդ թվում՝ ճշմարիտ են հարցում ներկայացված երկու պնդումները: Ադրբեջանի նպատակների թվում են թե՛ Հայաստանին մեկուսացման մեջ պահելը եւ զարգացման հնարավորությունները հնարավորինս սահմանափակելը, թե՛ Հայաստանի վրա ճնշում գործադրելը՝ միակողմանի զիջումների գնալու համար: Այդ թվում՝ նշված զիջումները ենթադրում են թե՛ դեմարկացիան Ադրբեջանի՝ վերը նշված տեսակետի համաձայն իրականացնելը, թե՛ Արցախի հարցից հրաժարվելը, թե՛ կոմունիկացիաների հարցում Ադրբեջանին ձեռնտու «ապաշրջափակում» իրականացնելը, թե՛ այլ նմանաբնույթ հարցեր:

-Ըստ Փաշինյանի ՝ դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացն ու ԼՂ հակամարտության կարգավորումը միմյանց որեւէ կերպ չեն խաչվում, այնինչ մայիսին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ դելիմիտացիան եւ դեմարկացիան պետք է մաս կազմեն ԼՂ հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի: Վարչապետի եւ դիվանագիտական կառույցի ակնհայտ հակասական դիրքորոշումներն ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Կարծում եմ, որ նշված հարցի հասցեատերերը հայտարարությունների հեղինակներն են, քանի որ դրանք կարող են արված լինել այնպիսի կոնտեքստում, որը ենթադրում է նաեւ ներկուլիսային որոշակի մանրամասների տիրապետում: Իսկ բացառապես ցիտված հատվածների համադրությունը միանշանակ հիմք չէ արձանագրելու, որ դրանք հակասող տեսակետներ են:

Արցախյան հիմնախնդիրը այսպես թե այնպես կապված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ: Խոսքը կարգավորման գործընթացը անջատելու մասին է՝ հաշվի առնելով Ադրբեջանի տեսակետը: Չանջատելու դեպքում փակուղի մտնելու հավանականությունն ավելի մեծ է: Սակայն որոշակի իրավիճակում կարող է դիտարկվել նաեւ համապարփակ լուծումը, եթե Ադրբեջանը պատրաստ է լինում փոխզիջումների գնալ: Նման մտադրություն, սակայն, Ադրբեջանի կողմից մինչ օրս չի զգացվել: Ընդհակառակը, Ադրբեջանն անընդհատ կոշտացնում է իր քաղաքականությունը եւ շարունակում վարել խիստ ագրեսիվ քաղաքականություն:

Եթե փորձենք ավելի պարզ կերպով վերլուծել ասվածները, ապա, ըստ իս, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը նշանակում է, որ դեմարկացիա իրականացնելու դեպքում Հայաստանը ո՛չ դե ֆակտո, ո՛չ դե յուրե Արցախը չի ճանաչելու որպես Ադրբեջանի մաս: ԱԳՆ խոսնակի հայտարարությունն իր հերթին կարող է նշանակել, որ մինչեւ Ադրբեջանը չհրաժարվի Արցախի կարգավիճակի մասով իր նախապայմաններից, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց չի կարող լինել: Երկու պնդումներն էլ հանգում են ի պատասխան առաջին երկու հարցերի ներկայացված տեսակետներին, որ հարցը փակուղային իրավիճակից դուրս կգա բացառապես այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ եւ ճնշումային քաղաքականությունից: Նման ընթացքի դեպքում արդեն կմնա հստակեցնել մեխանիզմների հարցը. կա՛մ Արցախի կարգավիճակի եւ դեմարկացիայի քննարկումները լինում են զուգընթաց, եւ կարգավորումը լինում է մեկ փաթեթով, կա՛մ առաջին հերթին քննարկվում է դեմարկացիան, իսկ Արցախի կարգավիճակի հարցը մնում է հետագային, սակայն Ադրբեջանը հրաժարվում է իր տեսակետից, թե «Արցախի հարցը փակված է», եւ «կարգավիճակի հարց չի կարող քննարկվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter