HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու նոր ժամանակակից էլեկտրագնացքներ` Հարավկովկասյան երկաթուղում

Օգոստոսի 6-ին, Երևանի երկաթուղային կայարանում, ներկայացվեցին միանգամից երկու նոր ԷՊ2Դ էլեկտրագնացքներ, որոնք Հարավկովկասյան երկաթուղին գնեց ռուսաստանյան արտադրողից`«Տրանսմաշհոլդինգ» ընկերությունից: Այս մասին տեղեկացնում է «ՀԿԵ» մամուլի ծառայությունը։

Էլեկտրագնացքները կսպասարկեն ներհանրապետական ուղերթները դեպի Գյումրի և Երասխ, ինչը զգալիորեն կբարձրացնի փոխադրումների հարմարավետության մակարդակը: Այսպիսով, ՀԿԵ-ն ունի արդեն 4 նոր շարժակազմ, և արդիականացման ծրագիրը հետևողականորեն իրականացվում է: 

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ կորոնավիրուսի և սահմանների փակման հետ կապված ոչ մի ժամանակավոր դժվարություն չի խանգարել այս ծրագրի իրականացմանը, էլեկտրագնացքները մատակարարվել են խոստացված ժամկետներում և այժմ անհրաժեշտ ստուգումներ կանցնեն:

«Վստահ եմ, որ մեր ուղևորները կգնահատեն հաճելի նորամուծությունները և կընտրեն երկաթուղին՝ հանրապետությունում ուղևորություններ կատարելու համար», - ասաց ընկերության ղեկավարը:

Հաջորդ տարի ՀԿԵ-ն նախատեսում է գնել ևս մեկ նոր էլեկտրագնացք և 50 նոր բեռնատար վագոններ: 

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան, արտադրող ընկերության ներկայացուցիչները: 

Միջոցառման շրջանակներում ՀԿԵ-ն Բաց դռների օր կազմակերպեց մոտ 100 դպրոցականների համար, ովքեր ծանոթացան Երկաթուղու թանգարանի նորացված ցուցահանդեսին, ինչպես նաև ընկերության նոր շարժակազմին: Մոտ օրերս երիտասարդների շրջանում երկաթուղին հանրայնացնելու նպատակով ՀԿԵ-ն դպրոցականների համար նոր էլեկտրագնացքով Երևանից Գյումրի շրջագայություն կկազմակերպի:

ԷՊ2Դ էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: 

Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար։ Գնացքում ծխելն արգելում է: 

Նշենք, որ 2020 թվականի առաջին կիսամյակում ՀԿԵ-ն ներհանրապետական հաղորդակցությունում տեղափոխել է 137 հազար ուղևոր, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ՝ գրեթե 180 հազար ուղևոր ՝ ապահովելով 31% աճ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter