HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մեկ ամսից կհանգուցալուծվի հայկական պանրի ճակատագիրը

Պանիրը հայ սպառողի սեղանին ուրույն տեղ ունի: Եւ ստացվում է, որ սպառողն իր ընտանեկան բյուջեից ամեն ամիս զգալի գումար (1 կգ-ի համար' 1500-3500 դրամ) է հատկացնում մի սննդամթերքի համար, որը խիստ վտանգավոր կարող է լինել իր կյանքի եւ առողջության համար: Նման բացահայտում է արել Կառավարությունը:

Տնտեսական գործունեության արդյունավետ վարման եւ աջակցման միջոցառումների իրականացման համար 2010 թ. պետական բյուջեից «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին հատկացվել էր 126.9 մլն դրամ' օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման եւ արտահանման զարգացման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար: Գործակալության եւ պանրագործների ասոցիացիայի համատեղ ջանքերով անցյալ տարի ստեղծվեց 50/50 մասնաբաժնով պետական եւ մասնավոր ընկերություն' «Հայկական պանիր»=ը, որի նպատակը հայկական պանրի արտադրության եւ իրացման ծավալների ավելացումն է, ինչպես նաեւ նոր շուկաների բացահայտումն ու պանրի արտահանումը: Ստացվել են ՌԴ եւ ԱՄՆ շուկաներ մուտք գործելու համապատասխան թույլտվություններ:

Այս համատեքստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Կառավարության մարտի 24-ի նիստում հայտարարեց, որ պանրի լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է մարդու կյանքի եւ առողջության համար վտանգավոր աղիքային ցուպիկի խմբի եւ այլ մանրէներ, տեխնոլոգիական ստանդարտներին եւ մակնշմանը, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիական ցուցանիշների անհամապատասխանություն:

Վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը թվերով փաստել էր բազմաթիվ խախտումների մասին: Դրանցից մեկը վերաբերել է պանրի մեջ խմորասնկերի չափից շատ լինելուն: Ասենք' խմորասնկերի նորմատիվը 100 միավորից ոչ ավելի պետք է լինի, մինչդեռ լաբորատոր ստուգումները ցույց են տվել անգամ 100 հազ. միավորի առկայություն: Ծառայությունն ուսումնասիրությունն իրականացրել էր 36 մեծ ու փոքր խանութներից ընտրելով 47 արտադրողի 115 պանրի նմուշ: Պարզվել էր, որ 12 ընկերությունների արտադրած պանրի 15 նմուշները մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչը կարող է վտանգավոր լինել մարդու առողջության համար:

Ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ են հայտնաբերվել նաեւ պանրի ֆիզիկաքիմիական հատկանիշների մասով: Պանրի յուղայնությունը, խոնավությունը, ինչպես նաեւ աղի քանակը չեն համապատասխանում պիտակներին ծանուցվող թվերին: Սարգիս Գրիգորյանը նշել էր միայն մի քանիսը. օրինակ' «Լոռի» պանրի յուղայնությունը 50%-ի փոխարեն 17.2% է, խոնավությունը 44-ից ավելի չպետք է լինի, բայց եղել է 54.1 եւ այլն:

Ուսումնասիրություններից հետո մոտ 615 կգ մանրէաշատ պանիր ոչնչացվել էր: Թե ինչպես է Կառավարությունը նման որակի պանիր արտահանելու եվրոպական շուկա' անհասկանալի է: Եթե նույնիսկ «հրաշքով» հայկական պանիրը հատի Եվրոպայի սահմանը, ապա, անկասկած, կարճ ժամանակ անց այն կհայտնվի եվրոպական շուկայի «սեւ ցուցակում»:

Հավանաբար եվրոպական շուկայում հայկական պանրի «վախճանի» տխուր տեսլականով մտահոգված' վարչապետ Տիգրան Սարգսյանը անհրաժեշտ համարեց 6 ամիս անց եւս մեկ լաբորատոր ստուգում կատարել, որպեսզի պարզ դառնա' նախորդ ստուգումների արդյունքում բացահայտված թերություններն ու խախտումները վերացվե՞լ են, թե՞ ոչ: Ըստ վիճակագրության' Հայաստանում ամսական սպառվում է մոտ 1000 տոննա պանիր, որի 90%-ը բավարարվում է տեղական արտադրության հաշվին:

Սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության նորանշանակ պետ Արման Գեւորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդեն ստացել են վարչապետի հանձնարարականը' երկրորդ անգամ պանրի որակի ստուգում իրականացնելու վերաբերյալ: Ստուգումներ կիրականացվեն նաեւ 70 մլն դրամից ցածր շրջանառություն ունեցող ձեռնարկություններում, ինչը հնարավոր է միայն վարչապետի հանձնարարականով:

Նախապատրաստական բոլոր փուլերն արդեն ավարտված են, աշխատանքային խմբերը ձեւավորվել են, առաջիկա օրերին ուսումնասիրությունները կսկսվեն, եւ արդյունքները կդրվեն վարչապետի սեղանին: Արման Գրիգորյանն ասաց, որ առավել մանրամասն տեղեկություններ կարող է տրամադրել միայն այն ժամանակ, երբ կատարողականը լինի վարչապետի մոտ, իսկ գործընթացը լիովին ավարտված լինի: Ըստ Ա. Գեւորգյանի' ստուգումները կավարտվեն մոտավորապես հունիսի 10-ին:

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանի տրամադրած տեղեկատվության համաձայն' արդեն կնքվել են մոտ 100-120 տոննա պանրի արտահանման պայմանագրեր, որոնց իրականացումը սկսվելու է այս տարվանից: Մինչդեռ «Հայկական պանիր» ընկերության հիմնադիրներից մեկը' Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը, ասաց, որ արտահանման պայմանագրեր դեռ չեն կնքվել:

«Այս պահին ոչ մի պայմանագիր չի կնքվել: Սպասում ենք, որ որոշ հարցեր լուծում ստանան: Ադ հարցերը պանրի որակի հետ կապ չունեն, եւ Հայաստանում պանրի որակը բնութագրվում է դրական»,- նշեց Արմեն Գիգոյանը: Վերջինիս համոզմամբ' Հայաստանում վատ որակի պանիրը շատ չէ, իսկ ինչ վերաբերում է հայկական պանրի արտահանմանը, ապա պայմանագրերը կկնքվեն աշնանը: Այս պահին նույնիսկ հայտնի էլ չէ, թե ինչ քանակի պանիր կարտահանվի: «Աշնանը կերեւա»,- ավելացրեց Ա. Գիգոյանը: Պանրագործների ասոցիացիայի տնօրենի ասելով' վարչապետի վերահսկողական ծառայությունը ստուգել է ոչ լավ, այսինքն' «վատ գործարանների» պանիրները, քանի որ «լավ որակի գործարանների պանիրներին չէին կարող նման գնահատական տալ»:

Հիշեցնենք, որ 2011 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ' 2010 թ. հոկտեմբերի 18-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե հայկական պանրի արտահանումն այս տարի կտրուկ կավելանա նախ դեպի Ռուսաստան, այնուհետեւ' դեպի այլ շուկաներ: Մինչդեռ, ըստ մաքսային վիճակագրության, 2011 թ. առաջին եռամսյակում Հայաստան է ներմուծվել 219 տոննա պանիր' նախորդ տարվա 147 տոննայի համեմատ: Իսկ նույն ժամանակահատվածում արտահանվել է 40 տոննա պանիր' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52 տոննայի համեմատ: Ստացվում է, որ վարչապետի կանխատեսումն իրականանում է հակառակ արդյունքով' ավելի շատ պանիր ներկրում ենք, քան ատահանում:

Ինչո՞ւ չեն հրապարակվում վտանգավոր նյութերի անունները

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը մտահոգություն հայտնեց, որ չեն հրապարակվում վարչապետի վերահսկողական ծառայության ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների մանրամասները, ասենք' պանրի մեջ հայտնաբերված այն նյութերի անունները, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդու կյանքի եւ առողջության համար: «Ինձ պետք է, որ ասեին, թե ինչ նյութեր են հայտնաբերել, ինչ ծանր մետաղներ: Ընկերության անունը չեն հրապարակում, դա մի կողմ, բայց գաղտնիք չի կարող լինել հայտնաբերված վտանգավոր նյութը: Մեզ ստույգ արդյունքներ են պետք, եթե այլ մղումներով են նման բացահայտումներ արվում, ապա դա ճակատագրական կլինի մեզ համար»,- ասում է Արմեն Պողոսյանը:

Որպես վառ օրինակ նա նշում է «Ջերմուկ» հանքային ջրի դեպքը, երբ ամբողջ աշխարհում կորցրեց իր շուկան:

«Մենք պարտավոր ենք պանիրն արտահանել, այլ նպատակ չկա: Եթե մարդ մի բան արտադրում է ու դա չի ընդլայնում դեպի դուրս, ուրեմն, մեղմ ասած, սխալ ճանապարհի վրա է»,- ավելացնում է Սպառողների ասոցիացիայի նախագահը:

Արմեն Պողոսյանի կարծիքով' պանրի փաստաթղթային եւ որակական մոնիտորինգ անելն իրենց ուժերից վեր է, քանի որ ֆինանսական զգալի միջոցներ են պետք: Սպառողներից ստանում են բողոքներ, ահազանգեր, եւ դրանց հիման վրա միայն կարելի է դատողություններ անել պանրի որակի մասին: Ասոցիացիան պանրի լաբորատոր ստուգում վերջին անգամ իրականացրել է 2 տարի առաջ: Այդ ժամանակ վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:

Սննդամթերքի լաբորատոր ստուգումն իրականացվում է մի քանի պարամետրերով, յուրաքանչյուր պարամետրի լաբորատոր ստուգումն արժե 1500-3000 դրամ: «Եթե 7 կամ 20 պարամետրի ստուգում ենք պատվիրում, զգալի գումար է ստացվում: Բացի այդ, մեկ անգամով հնարավոր չէ եզրահանգման գալ, ստուգումները պետք է պարբերաբար արվեն: Պետական կառույցներն այդ գումարներն ունեն: Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն էլ, սննդամթերքի անվտանգության տեսչությունն էլ այդ գումարներն ունեն, թող ստուգումներն անեն: Եթե, իրոք, չարաշահումներ են հայտնաբերվում, մեղավորներին պատժեն»,-հավելում է Ա. Պողոսյանը:

Պանրի շուկայում թեեւ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ չկա, սակայն շուկայում մեծ տեղ ունի «Աշտարակ-կաթ» ընկերությունը: Ընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ մի ստուգող ատյան իրենց պանրի որակի մասին վատ բան չի ասել, քանի որ իրենց պանիրը որակյալ է եւ տարբերվում է մյուսներից:

Աշոտ Ափոյանը հենց որակական հատկանիշներով է բացատրում այս աշնանը իրենց պանրի գնի թանկացումը: Այդ գինը, սակայն, «սպառողների շահից ելնելով' նորից իջեցրին»:

Ըստ սեփականատիրոջ' «Աշտարակ-կաթ»-ի արտադրած պանիրը մասնակցում է տարբեր մրցութային ցուցահանդեսների եւ պատվավոր տեղեր զբաղեցնում:

«Այստեղ որակի հարց կար, այսօր էլ մեր ներկայացրած «Լոռի» տեսակի պանրի եւ մյուսների «Լոռիի» մեջ շատ մեծ տարբերություն կա: Քանի որ շուկայում գները բարձրացան, մենք նվազեցրինք պանրի բացթողման գինը: Եւ դա եղավ ի վնաս ընկերության, բայց մենք հասկանում ենք, որ շուկայում սթրեսային երեւույթներ ստեղծելը լավ չէ»,- ասում է Աշոտ Ափոյանը:

Թե ինչով կավարտվի հայկական պանրի ոդիսականը' պարզ կլինի մոտ մեկ ամսից:

Մեկնաբանություններ (1)

Aram
Where the h...is the health Minister Dr.....? Isn't it his job to protect the healh of the people? How come he is stiil not fired?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter