HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանի պաշտպանությունն ամբողջովին Ռուսաստանին հանձնելու դեպքում կանգնելու ենք վտանգի առջեւ»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքական գործիչ, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը

-Պարոն Մարտիրոսյան, Հայաստանի սահմանին իրադրությունը լարված է: Ոչ միայն Գեղարքունիքի, այլեւ Արարատի մարզի ուղղությամբ թշնամին պարբերաբար կրակում է: Սակայն արտաքին սպառնալիքները, կարծես, ներքաղաքական լարված, միջկուսակցական հարաբերություններում երկրորդ պլան են մղվել: Արդյոք վերընտրված իշխանությունը կարող է լուծել երկրի առաջ ծառացած ռազմաքաղաքական խնդիրները:

-Ցավալի է, որ ունենք նմանատիպ իրավիճակ, երբ արդեն Հայաստանի գրեթե ամբողջ սահմանը, բացառությամբ Թուրքիայի եւ Վրաստանի հատվածի, կարծեք թե, վտանգի տակ է: Որոշ հատվածներում ունենք ադրբեջանական ներթափանցում: Իհարկե, եթե նորմալ երկիր լինեինք, ունենայինք նորմալ իշխանություն եւ հասարակություն, որին այդ հարցը պետք է շատ մտահոգի, ապա այսօր ներքաղաքական հարցերի այդ ամբողջ ներկապնակի մեջ ճնշող մեծամասնությունը կկազմեին արտաքին սպառնալիքներին վերաբերող հարցերը: Բայց այդպես չէ, եւ մենք տեսնում ենք, որ ինչպես նախընտրական ժամանակահատվածում, այնպես էլ հիմա իշխանությունների «հին-նոր», «սեւ-սպիտակ» ներկայացումն է շարունակվում, որը կեղծ օրակարգ է, եւ ժամանակն արդեն ապացուցել է, որ Հայաստանում իշխանությունը երբեւիցե չի փոխվում, եւ այն համակարգը, որը ձեւավորվել է այս տարիներին, այդպես էլ մնացել է:

Եթե նայենք այսօրվա խորհրդարանին, ապա իշխանության կազմում կտեսնենք եւ՛ օլիգարխներ, եւ՛ հին բարձրաստիճան զինվորականներ, եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, տարատեսակ նմանատիպ անձանց, որոնք անմիջականորեն կապված են եղել նախորդ իշխանությունների հետ:

Բացի դրանից՝ եւս մեկ անգամ ապացուցվեց մեր այն խոսքի ճշմարտացիությունը, որ Արցախը ոչ թե Հայաստանի զարգացման խոչընդոտն էր, այլ մեր անվտանգության ողնաշարն էր, եւ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության սահմանները կարելի է ասել ոչ միայն անառիկ էին, երբեմն Տավուշում էին ինչ-ինչ միջադեպեր լինում, իսկ, օրինակ, Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիները չեն խիզախել մի կրակոց արձակել, որովհետեւ հասկանում էին, թե ինչ իրավիճակում կհայտնվեն, ուստի, այս ամենը տեսնելով, կարող ենք ասել, որ մեր երկրում տեղի ունեցող քննարկումների ֆորմատն ու շրջանակն ու այն սպառնալիքները, որ կան Հայաստանի նկատմամբ, չեն համապատասխանում իրար:

Տարածաշրջանը եռում է: Ակնհայտորեն Արցախյան պատերազմի հետեւում բավականին խաղացողներ կային, այդ թվում՝ Թուրքիան, Ռուսաստանը, եւ առանց Ռուսաստանի թույլտվության՝ Ադրբեջանը չէր խիզախի հարձակում իրականացնել, կամ Թուրքիան ակնհայտորեն պաշտպաներ Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական մասնագետների անմիջական մասնակցությամբ, «Բայրաքթարների» մատակարարմամբ, զինվորականների, Սիրիայից ահաբեկիչների եւ վարձկանների այստեղ բերելով:

Հարցադրմանն ի պատասխան՝ ասեմ, որ այսօրվա իշխանությունները չեն կարող լուծել այդ հարցը, որովհետեւ իրենք մեր այս իրավիճակի մեղավորն են:

Նախկիններն էլ օբյեկտիվորեն մեղավոր են պարտության համար, որովհետեւ իրենց գործողությունների արդյունքում երկիրը բավականին թուլացավ, տնտեսական լծակներրը մի քանի հոգու կամ Ռուսաստանի ձեռքին հայտնվեցին, ինչի հետեւանքով պետությունը բավարար չափով եկամուտներ չստացավ, այդ թվում՝ ստվերային տնտեսության պատճառով բյուջե միլիարդավոր դոլարներ չմտան, տնտեսության մոնոպալացման պառճառով եկամուտները կուտակվեցին մի քանի հոգի ձեռքում, արտաքին դաշտում, ըստ էության, սպասարկում էր գնում իշխանության լեգիտիմության, սխալ քայլերի չեզոքացման ուղղությամբ, այլ ոչ թե Հայաստանի իրական, կենսական շահերի ուղղությամբ. այս ամենը նախկինների ժամանակ եղել է:

Նախկինների կողմից նաեւ այս իշխանության ձեւավորման մեղքը կա, որի քայլերի հետեւանքով մենք պարտություն ունեցանք: Օրվա իշխանությունն է պատասխանատու եւ՛ կազմակերպչական հարցերով, եւ՛ անհրաժեշտ ժամանակահատվածը սխալ օգտագործելու առումով: Նկատի ունեմ, որ շատ հապճեպ պետք էր քրեաօլիգարխիկ համակարգից գումարներ հայթայթել եւ հակաօդային պաշտպանությունը համապատասխան մակարդակի բերել, պետք էր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել անվտանգության տեսանկյունից, եւ ունենենայինք սպառազինության այլընտրանքային մատակարարումներ: Բազմաթիվ հարցեր կան, որոնք չլուծվեցին:

Ուստի, եթե նայենք, թե ովքեր են այսօր խորհրդարանում, կտեսնենք, որ այն ուժերն են կամ, ավելի ճիշտ, այն քաղաքական գործիչները, ովքեր մեղավոր են այս ամենի համար՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան: Խնդիր է նաեւ այն, որ մեր քաղաքացիները նախընտրական ժամանակահատվածում կարեւորեցին ներքաղաքական թամաշա-շոուն եւ իրական խնդիրները լուծելու քայլերի փոխարեն նայում էին, թե ով ում ոնց վիրավորեց, տրվեցին նաեւ մանիպուլյատիվ քարոզչությանը, ըստ որի՝ կա՛մ Ռոբերտ Քոչարյանը պիտի լինի, կա՛մ Նիկոլ Փաշինյանը: Իրականում ընտրությունը շատ ավելի լայն էր:

Տեսնելով այս ամբողջ ներկապնակը իշխանություն-ընդդիմություն շրջանակում՝ հույս չունեմ, որ կունենանք լուծումներ, հակառակը՝ այդ ուղղությամբ խնդիրներ կան, որոնցից ամենագլոբալն ինձ համար այս պահին ռուսական զորքի այդպիսի լայնածավալ տեղաբաշխումն է ՀՀ տարածքում: Եթե նախկինում ռուսական զորքը մասնակցություն էր ունենում բացառապես հայ-թուրքական սահմանի պաշտպանության գործում, ապա հիմա տեսնում ենք, որ ՀՀ շատ տարածքներում հենց այդպիսի առաքելություն է դրված ռուսական կողմի վրա: Սա անընդունելի է ինձ համար: ՀՀ սահմանների պաշտպանությունը պետք է լինի բացառապես ՀՀ լիազորությունների շրջանակում, եւ իշխանությունները պարտավոր են ապահովել այդ ամենը: Եթե մենք չկարողանանք նվազագույն պաշտպանություն ապահովել ու ամենը տանք որեւէ երկրի, մենք գործընկեր չենք համարվի, այլ մի երկիր, տարածք, որտեղ, ըստ էության, անվտանգություն ենք մուրում այլ պետությունից, որն իրավունք է ունենալու որոշելու մեր քայլերը, ինչն էլ, ըստ էության, հիմա տեսնում ենք: Իհարկե, անվտանգության խնդիրը կա, որը օբյեկտիվ խնդիր է, բայց տեսնում ենք, որ հակառակ Սահմանադրության, առանց պայմանագրային համապատասխան լիազորությունների՝ Հայաստանի սահմանների մեծ մասը թողնում ենք ռուսական պաշտպանությանը:

-Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական ամբողջ սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու հարցը: Օրերս էլ հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում արդեն ռուսական ուղեկալ է տեղադրվել: Սա ի՞նչ է նշանակում: Հայաստանն այլեւս ի վիճակի չէ՞ լուծել իր անվտանգության հարցը:

-Փաշինյանի ասածն անընդունելի է: Ես չգիտեմ, թե որ պայմանագրի հիման վրա են ռուս զինվորները խաղաղապահ գործունեություն իրականացնում Ոսկեպարում, որովհետեւ Ռուսաստանի հետ դաշնակցության պայմանագիր ունեինք եւ ստրատեգիական գործընկերություն, բայց չունեինք պայմանագիր, որով Ռուսաստանը խաղաղապահ գործունեություն է իրականացնում սահմանին:

Հույս չունեմ, բայց գուցե հրաշք տեղի ունենա, եւ իշխանությունները փորձեն մեր արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել: Բայց այս պահին այդ խնդիրները չեն կարողանում լուծել, տեսնում եմ, որ կարճաժամկետ հատվածում նույնպես չեն լուծելու, քանի որ այն ուղղությունը, որ վերցրել են, ամբողջովին ռուսամետ է եւ Ռուսաստանի շահերը սպասարկող:

Սա միանշանակ խիստ բացասական եմ գնահատում: Կարծում եմ՝ նույնիսկ հիմա Հայաստանը կարող է ապահովել իր անվտանգության հարցերը, եթե մի քանի անհրաժեշտ քայլեր իրականացնի: Առաջին քայլը, բնականաբար, երկրի ներսում այնպիսի մթնոլորտ, իրավաքաղաքական, կազմակերպչական վիճակ ստեղծելը պիտի լինի, որի պարագայում համերաշխության մթնոլորտում հնարավոր կլինի միասնական քայլեր իրականացնել, եւ հասարակությունը տարանջատված չի լինի պետական պաշտպանական ծրագրերից: Այս պարագայում տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում:

Երկրորդ՝ պետք է հստակ արտաքին քաղաքական, հատկապես անվտանգային դիվերսիֆիկացնող քայլեր իրականացնել: Այդ դեպքում հնարավոր է, որ ռուսական կողմը սաբոտաժի ենթարկի եւ փորձի Հայաստանում իշխանափոխության քայլեր իրականացնել: Սակայն նմանատիպ քայլեր կլինեին, եթե ունենայինք իրական, այլ ոչ թե Ռուսաստանի կամակատար իշխանություն: Համոզված եմ՝ եթե Հայաստանը ճիշտ քայլեր կատարեր, ապա Ռուսաստանը կփորձեր Հայաստանին վերաբերվել որպես գործընկերոջ, այլ ոչ թե վիզը ծուռ մի սուբյեկտի, որը դույզն-ինչ չի փորձում իր անվտանգության հարցերով զբաղվել եւ ծույլիկ աշակերտի նման այդ ամենը թողնում է «գործընկերոջ» վրա: Տեսնում ենք, որ Ռուսաստանը ոչ թե գործընկեր է մեզ, այլ Ադրբեջանի, ռուս-թուրքական խոշոր ծրագիրն է կյանքի կոչում, ինչը դարեր շարունակ եղել է: Ռուսաստանն իր ստրատեգիական կամ տակտիկական որոշ խնդիրներ միշտ լուծել է Հայաստանի հաշվին, 100 տարի այդպես է:

Իշխանությունը երկու կարեւորագույն ֆունկցիա ունի՝ երկրում ռազմական անվտանգության ապահովումն ու քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծումը: Այս երկու խնդիրներից որեւէ մեկը ներկա իշխանությունները չեն արել եւ հիմա էլ չեն անում: Ասվածի ապացույցը Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունն է եւ այսօր Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցի զինվորների առկայությունը, ինչպես նաեւ տնտեսական իրավիճակը, երբ մեր քաղաքացիները հերթական անգամ մեծ գնաճի առջեւ են կանգնել, չնայած նրան, որ աշխատավարձերն այդ արագությամբ չեն բարձրացել: Այսինքն՝ սոցիալ-տնտեսական հարցերը եւս լուծված չեն:

-Ըստ Ձեզ՝ Հայաստանը քաղաքական ի՞նչ գին է վճարելու մեր երկրի սահմանային անվտանգության ապահովումը գրեթե ամբողջությամբ ռուսներին պատվիրակելու համար:

-Իհարկե, շատ բարձր գին: Մենք անընդհատ տեսել ենք, որ ռուսական զորքն ինչ-որ պահի հեռանում է տարածաշրջանից, չնայած նույնիսկ այն ժամանակ երբ տարածաշրջանում էր, Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, եւ ռուսական զորքը շատ հաջող առաջխաղացումներ էր կարողանում ապահովել հատկապես հայ զինվորների, բնակչության հաշվին: Էլ չեմ ասում, որ Ռուսաստանը Լենին-Աթաթուրք պայմանավորվածությունների շրջանակներում հնարավորություն տվեց պահպանել Թուրքիան, եւ բոլշեւիկյան ռազմական ագրեսիա տեղի ունեցավ անկախ Հայաստանի նկատմամբ: 1990-ականներին էլ մենք տեսանք, որ հենց ռուսական զորքի ներկայությամբ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում տեղի ունեցան հայկական կոտորածներ, ցեղասպան քայլեր: Հենց նույն ռուսական զորքի օգնությամբ տեղի ունեցավ «Կոլցո» օպերացիան, Շահումյանի հայաթափումը: Ավելի մանրակրկիտ նայելու դեպքում պետք է նշենք, որ ռուսական կողմն ավելի շատ օգնել է ադրբեջանական, նախկինում՝ թաթարական կողմին:

Խնդիրը շատ մեծ է, եւ մտավախություն ունեմ, որ Հայաստանի պաշտպանությունն ամբողջովին Ռուսաստանին հանձնելու դեպքում կանգնելու ենք այն վտանգի առջեւ, որ Ռուսաստանն իրեն հարմար գնով հայկական շահը վաճառելու է Թուրքիային: Վտանգը մեծ է, եւ հույս ունեմ, որ նմանատիպ խնդրի առաջ այլեւս չենք կանգնի, գոնե պատմությունից դասեր կքաղենք:

-Նոր ձեւավորված խորհրդարանը, ըստ էության, փոխադարձ մեղադրանքների փոխհրաձգության տեղ է դարձել: Այդ ֆոնին երկրի անվտանգության հարցն օրեցօր սրվում է: Նոր խորհրդարանից այս առումով ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ունեցանք մուրճի, մանգաղի եւ աստղի սիմվոլիկայով խորհրդարան. ակնհայտորեն ձեւավորվեց ամբողջովին պրոռուսական պառլամենտ: Հիմա որքան էլ փորձեն չհամաձայնել այդ տեսակետին, այնուամենայնիվ, ամենապրոռուսական որոշումները կայացվել են այս իշխանությունների ժամանակ:

Իրականում Արեւմուտքը, նաեւ իր շահերից ելնելով, փորձում է աջակցել Հայաստանին, եւ այդ շահերն այս պահին համընկնում են Հայաստանի շահերին, ու տեսնում ենք, որ ի տարբերություն ռուսական, ադրբեջանական, թուրքական կողմերի՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրոպան, խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելու մասին, հայտնի երեք սկզբունքները կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ սկսելու մասին, որոնք են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի միջոցով խնդիրների լուծման բացառումը, տարածքային ամբողջականությունը: Եթե այս ֆորմատը նորից առաջ է քաշվում, իհարկե, նպաստավոր է Հայաստանի համար:

Բայց հասարակությունը, կարծես, անհաղորդ է: Մենք տեսնում ենք, որ մինչեւ հիմա հաղորդագրություններ են տարածվում, որ այսինչ հատվածում նորից հայ զինվորի աճյուն գտան, ինչը նշանակում է, որ պատերազմը դեռեւս չի ավարտվել, ունեցել ենք խայտառակ պարտություն, բայց հասարակությունն այդ հարցը չի քննարկում, այլ այն, թե խորհրդարանում ով ում ինչ պիտակ կպցրեց: Ըստ էության, մեծամասնությունը, որ ընտրել է այս իշխող ուժին, ընտրել է ոչ թե անվտանգության հարցերի համար, այլ նախկիններին իբրեւ թե հետ չբերելու եւ պատժելու համար: Երեք տարի այս իշխանությունն ի՞նչ արեց՝ նրանց պատժելու համար, առավել եւս հիմա ի՞նչ պետք է անի, երբ նախկին իշխանություններն այլեւս խորհրդարանի մաս են, այսինքն՝ պաշտոնական ընդդիմություն:

Խորհրդարանն այդպես էլ քաղաքական չձեւավորվեց. չնայած նրան, որ կան պատգամավորներ, որոնք կարող են քաղաքական մտքեր գեներացնել, խորհրդարանական մեծամասնությունը, ըստ էության, կախված է մեկ անձից, դա Նիկոլ Փաշինյանն է, իսկ ընդդիմադիր խմբակցությունները՝ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից: Այսինքն՝ նորից գալիս ենք ոչ թե համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությանը, այլ երեք կամ, ավելի ճիշտ, երկու ղեկավարների ազդեցության ոլորտների ճշգրտմանը. գուցե նաեւ Նիկոլ Փաշինյանն էլ է այլեւս պայքարում որոշակի ազդեցության ոլորտների համար, բայց այս պահին պայքարն ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

Ինձ համար սպասելի էր այսպիսի խորհրդարան, որը ոչ թե օրինբուն մտահոգված է անվտանգության հարցերով, այլ հիշեցնելով, թե ով է ավելի սեւ, սպիտակ, ով է ավելի մեղավոր, բայց ոչ մեղավորներն են պատժվում, ոչ էլ տեսնում ենք, որ իրական քայլեր են իրականացվում բարեփոխումների ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter