HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբրահամյանները վաճառել են իրենց ձկնաբուծարանը. նոր սեփականատերը մտադիր է ընդլայնել այն

«Մերի-ֆիշ» ՍՊԸ-ն մտադիր է ընդլայնել Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի իր ձկնաբուծարանը։ Ընկերությունը Շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել ձկնաբուծարանի կառուցման/ընդլայնման նախագիծը։

ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ ԱԺ նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանին պատկանող «Մերի-ֆիշ» ՍՊԸ-ն այժմ նոր սեփականատեր ունի։ 2020թ․ օգոստոսի 25-ից Հենրիկ Աբրահամյանն իր բաժնեմասը փոխանցել է Մուշեղ Գուրգենի Նիկողոսյանին, որն էլ ներկայացրել է ձկնաբուծարանի ընդլայնման նախագիծը։

Մուշեղ Նիկողոսյանը նաև «Մանանա գրեյն» ՍՊԸ-ի սեփականատերն է, Եղվարդի համակցված կերերի գործարանի, «Մանանա սթոուն» հանքարդյունահանման և վերամշակման գործարանի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի որդին։

Գուրգեն Նիկողոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում պատմեց, որ իրենք կերերի արտադրությամբ են զբաղվում և աշխատում են գիտահետազոտական ինստիտուտների հետ, պետք է իրենց արտադրած կերերը փորձարկեն, այդ նպատակով էլ ձեռք են բերել ձկնաբուծարանը։ «Իմ տղան ձեռք է բերել, որ այդ փորձարկումներն այնտեղ կատարենք։ Ինչ կոէֆիցենտ է տալիս և այլն․․․, որ մնացած գնորդները դրա հիման վրա իմանան և ճիշտ եկամուտ ստանան։ Դա նոր բիզնես չէ, շարունակությունն է և նպաստում է մեր բիզնեսին, դրա համար դա արվել է»,- բացատրեց Գուրգեն Նիկողոսյանը։

Մինչ այս ձկնաբուծարանի ձեռք բերումը, իրենց արտադրած կերերի փորձարկումները խնդրել են, որպեսզի ուրիշներն անեն։

Մեր դիտարկմանը, թե եղած ձկնաբուծարանն արդյոք բավարար չէր փորձարկումների համար, Գ․ Նիկողոսյանն ասաց․ «Ջուրն ափսոս էր, ջուրը պետք է երկու անգամ օգտագործվի գոնե, դրա համար ընդլայնում ենք կատարել, որ ինքն իրեն կարողանա պահի, նոր աշխատատեղեր են ստեղծվել։ Պոտենցիալ կար ընդլայնելու, ինչո՞ւ չընդլայնել»։

«Մերի-ֆիշ» ՍՊԸ-ն Մարմարաշենի ձկնաբուծարանում 60 գործող լճակ ունի, որոնք միասին կազմում են շուրջ 20000 քմ։ Մուշեղ Նիկողոսյանին սեփականության իրավունքով այդտեղ 6 հա ընդհանուր հող է պատկանում։ Հողամասի նպատակային նշանակությունը կամ հողատեսքը արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, արդյունաբերական օբյեկտների է։ Նա մտադիր է 3 հա տարածքի վրա ևս 38 լճակ կառուցել՝ ավելացնելով 23000 քմ ջրային մակերես։

Այսինքն՝ ջրային տարածքն ու ձկնաբուծական տնտեսությունը ավելի քան կրկնապատկվում են։

«Մերի-ֆիշ» ՍՊԸ-ն հիմնականում զբաղվում է ծիածանափայլ իշխանի և ստերլետ ձկնատեսակների աճեցմամբ։ Մարմարաշենի տնտեսությունում ունի վարչական շենք-շինություններ, ինչպես նաև՝ մանրաձկների տնտեսություն, որտեղ իրականացնում է կենսական ցիկլերի ամբողջական ապահովում՝ մայրական վտառի կազմավորումը, շարունակական ապահովումը, զարգացումը, սելեկցիան, ինկուբացիան, թրթուրի և մանրաձկան աճեցումը, կենսունակ մանրաձկան տեղափոխումը լճակներ։

Մանրաձկից մինչև ապրանքային ձկան աճեցման ցիկլը տևում է շուրջ 1 տարի։ Իշխան ձկան հաշվարկով մեկ ձկան համար մինչև 1 կգ աճեցնելու պարագայում կպահանջվի 1,8 կգ կեր, իսկ ստերլետի հաշվարկով՝ 3,2 կգ։ Ընկերության տարեկան արտադրողականությունը կհասնի 450 տ իշխանի և 300 տ ստերլետի։ Իսկ անհրաժեշտ կերը մատակարարվելու է Եղվարդի կերերի գործարանից, որի սեփականատերը, ինչպես արդեն նշեցինք, Նիկողոսյաններն են։

Նախագծում նշվում է, որ լճակների վրա տեղադրված են աէրատորներ՝ ջուրն անհրաժեշտ թթվածնով հագեցնելու համար։

Նոր կառուցվող ավազաններ ջրամատակարարումն իրականացվելու է արդեն իսկ գործող ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված տարեկան առավելագունը 20423 հազար քմ ծավալով, գործող խորքային 6 հորերից։ Օգտագործվող ջրաքանակի ավելացում չի նախատեսվում, քանի որ գոյություն ունեցող լճակներում օգտագործվող ջուրը շրջանառվելու է նաև նախատեսվող լճակներում, որից հետո հեռացվելու է Հրազդան գետ։

«Մերի-ֆիշ»-ը դատարանում հաղթել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին եւ ՊԵԿ-ին

«Մերի ֆիշ» ՍՊԸ-ում 2019-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել էր «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի և ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումներ։ Հասցված վնասը գնահատվել էր 65 մլն դրամ, ինչպես նաև տուգանք՝ 200 հազար դրամ։ Այդ ժամանակ ընկերության սեփականատեր Աբրահամյանները բողոքարկել էին տեսչական մարմնի ակտը դատական կարգով և պահանջում էին վերացնել այն։ Ավելին, ընկերությունը նաև ՊԵԿ-ի դեմ էր հայցեր ներկայացրել, քանի որ նույն ստուգման ակտերով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների վերաբերյալ էին խախտումներ արձանագրվել։

Դատական գործով 2021 թվականի հունիսի 30-ին կայացվել է որոշում, որով Վարչական դատարանը բավարարել է «Մերի-ֆիշ» ընկերությանը հայցն ընդդեմ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Պետական եկամուտների կոմիտեի։ Ըստ էության, դատարանը վերացրել է «Մերի-ֆիշ»-ի նկատմամբ ՊԵԿ ստուգման ակտը՝ միաժամանակ ճանաչելով ընկերության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջև՝ վերջինիս 14.01.2019թ.-ի՝ «Բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների)» ստուգման ակտից և դրանով արձանագրված խախտումներից բխող իրավահարաբերությունների բացակայությունը։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բողոքարկել է այս որոշումը, և օրեր առաջ՝ օգոստոսի 4-ին այն վարույթ է ընդունվել Վարչական վերաքննիչ դատարանում, սակայն նիստ է  նշանակվել մեկ տարի հետո՝ 2022թ․ օգոստոսին։

«Մերի-Ֆիշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Երեմ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ներկայացրել է «Մերի-Ֆիշ»-ի շահերը և դեռ շարունակում է, իրեն սեփականատերերի փոփոխությունները չեն վերաբերում, ինքը ընկերության ներկայացուցիչն է և միայն իրավասու է պատասխանել դատական գորրծին վերաբերող հարցերին։ Անդրադառնալով կասեցված գործերին՝ փաստաբանը նշեց, որ դրանց վերսկսվելուց հետո որևէ որոշում կկայացվի՝ կախված արդեն կայացված դատական ակտից։

«Եթե իրավահարաբերության բացակայությունն է ճանաչվել, հետևաբար էդ խախտումները հաստատված չեն։ Երբ դա օրինական ուժի մեջ մտնի, բնականաբար, դա կանդրադառնա մնացած հետևանքների վրա»,-65 մլն դրամ գնահատված վնասի խախտումների մասին ասաց փաստաբանը։  

Դատական գործերի շարունակությունն արդյոք նոր սեփականատերն է ապահովում, թե այն նախկինների վերահսկողությամբ է դեռևս ընթանում, Գուրգեն Նիկողոսյանը պատասխանեց․ «Ոչ, ես շատ օրինապահ հարկատու եմ, ամեն ինչ ժամանակին կատարում եմ, նախկին ինչ կա, պայմանագրերում արտացոլված է, ոչ մի վտանգավոր բան էլ չկա, սովորական պրոցեդուրաներ են»։

Մարմարաշենի համայնքապետարանի առաջատար մասնագետ Օհան Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ համայնքապետարանը դեռևս ընդլայնման համար շինթույլտվություն չի տրամադրել «Մերի-ֆիշ» ընկերությանը։ Օգոստոսի 18-ին ընկերությունը ընդլայնման վերաբերյալ հանրային քննարկումներ է իրականացնելու համայնքապետարանում։ 

Գլխավոր լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅ ՄԱՐԴ
ՄԵՐԻ ՖԻՇ, ՄԱՆԱՆԱ ՍԹՈՈՒՆ և այլ անգլոայլանդակություններ, մենք ինչ է բրիտանական գաղո՞ւթ ենք, թե անկախ-ազգային պետություն, ամբողջ հայաստանը լցված է այս օտար, հիմնականում անգլերեն անվանումներով, այս անտերությանը երբ պետք է վերջ դրվի, նման տխմար-կապկային-անիքնասեր օտարամոլությունը հող հանձնելուն հավասարազոր մի բան է․․․ Անդրադարձեք, խնդրում եմ այս կարևորագույն խնդրին, լրջորեն անդրադարձեք․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter