HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան դաշտի ձկները և ջրի իշխանները

Վերջին տասը տարում Հայաստանից թարմ ձկան արտահանման ծավալներն ավելացել են 75 անգամ: 2008թ.-ին Հայաստանից արտահանվել էր 50 տոննա թարմ ձուկ, իսկ 2018թ.-ին՝ 3725 տ։

Ավելի քան 10 տարի առաջ Արարատյան դաշտի ցածրադիր տարածքներում գտնվող Գայ, Հովտաշատ, Սայաթ-Նովա, Սիփանիկ և այլ գյուղերում ոռոգումը ինքնահոս արտեզյան ջրերով էր կատարվում։ Այդ գյուղերում հիմնականում զբաղվում էին բանջարաբուծությամբ և այգեգործությամբ: Սակայն այս համայնքներում զուգահեռաբար սկսեցին ձկնաբուծությամբ զբաղվել և գյուղատնտեսական հողերում կառուցեցին ջրավազաններ։ Ձկնաբիզնեսը սկսեց գայթակղիչ դառնալ:

Ընդերքից ավելի շատ ջուր սկսեցին օգտագործել ձկնաբիզնեսի համար, ավելի քիչ ջուր մնաց գյուղատնտեսական նշանակության հողերը ոռոգելու համար։ Արտեզյան հորերը դադարեցին ինքնահոսել, նույնիսկ չորացան։ Տասնյակ հեկտարներով հողեր մնացին անջրդի։

Արարատի մարզի Հովտաշատ համայնքում ամենից շատ են ձկնաբուծական տնտեսությունները: Հովտաշատի գյուղատնտես Ալբերտ Հովհաննիսյանն ասում է, որ Հովտաշատում 1500 հա հող կա, որից 1000-ը՝ գյուղատնտեսական նշանակության: Մշակվում է դրանից 600-700 հա-ն, մնացածը չի մշակվում ջուր չլինելու պատճառով: «Նախկինում ամբողջությամբ ոռոգվել և ամբողջությամբ էլ մշակվել է»,- նշում է գյուղատնտեսը:   

Ինչպես ցամաքը դարձավ ջուր 

Հայաստանի Արարատյան հարթավայրում արդեն 10 տարի է՝ ձկնաբիզնեսը ծաղկում է: Այն հովանավորել են պետական մակարդակով: Ինչո՞ւ, որովհետև հենց պետական համակարգի պաշտոնյաներն են ջրի անվերահսկելի ծավալներ օգտագործել և զարգացրել ձկնաբիզնեսն Արարատյան դաշտում:

Այս բիզնեսն այնքան է թափ հավաքել, որ վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանից թարմ ձկան արտահանման ծավալներն ավելացել են 75 անգամ:  

Թարմ ձկան արտահանման ծավալները՝ սկսած 2008թ․-ից
Infogram

Ստորերկրյա ջրերի հավասարակշռությունը, այն է՝ սպառումն ու վերականգնումը, սկսել է խախտվել 2008թ.-ից, երբ ձկնաբուծությունն ընդգրկվեց առաջնահերթ (գերակա) պետական զարգացման ծրագրերի շարքում, և լայն թափով ու անխնա սկսեցին օգտագործվել Արարատյան դաշտի արտեզյան քաղցրահամ ջրերի պաշարները: Զուգահեռաբար ձկան արտահանումն աննախադեպ ծավալների հասավ՝ սկսած 2010 թվականից։

Եվ ստացվել է այնպես, որ դեպի ծով որևէ ելք չունեցող Հայաստանը դարձել է հարևան Վրաստանի լուրջ մրցակիցը, որովհետև այստեղ երբեմն ավելի շատ ձուկ է արտադրվում և արտահանվում, քան Սև ծովի ափին գտնվող հարևան Վրաստանում:

Վրաստանի մեր գործընկերների միջոցով ձեռք բերեցինք իրենց երկրի արտահանման տվյալները: Այդպիսով, ծովափնյա Վրաստանը 2017թ․ արտահանել է ընդամենը 1573 տոննա ձուկ, այսինքն՝ գրեթե 2 անգամ ավելի քիչ, քան Հայաստանն է արտահանել նույն տարում։ 2018-ի առաջին 9 ամիսներին մեր հարևանն արտահանել է 3837 տ, Հայաստանը նույն ժամանակահատվածում` 2730 տ:

           Պետական պաշտոնյաները՝ Արտեզյան ավազանի գերսպառողներ  

Արտեզյան ավազանի գերսպառողները եղել և մնում են պետական պաշտոններ զբաղեցնող կամ նրանց հետ փոխկապակցված անձինք։ Կառավարության տված արտոնություններից հենց նրանք են օգտվել։ Խոշոր ձկնաբուծական տնտեսություններ են հիմնել ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և եղբայրը, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Ֆինանսների նախկին փոխնախարար Տիգրան Բարսեղյանը, Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը, Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վարորդը ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի եղբայրը, ինչպես նաև՝ այլք: Այդ մասին հրապարակումներ «Հետքը» ունի դեռևս 2010 թվականից։

Այս անգամ կանդրադառնանք ամենախոշոր ջրօգտագործողներին, որոնք նույնպես պատահական մարդիկ չեն։ Այսպիսով, համաձայն Շրջակա միջավայրի նախարարության մեզ տրամադրած ցանկի՝ 2018թ. խոշոր ջրօգտագործողների տասնյակը այսպիսի դասավորություն ունի։ 

Ջրի անսահմանափակ ծավալներ օգտագործելով` ձկնաբիզնեսում ներգրավված պաշտոնյաները միլիոններ են վաստակել` ձուկը գերազանցապես ՌԴ արտահանելով: Նրանք ապօրինի հորեր են հորատել և առանց վերահսկողության օգտագործել այնքան ջուր, որքան ձկնաբուծական տնտեսությանն է անհրաժեշտ եղել:

Արարատյան ջրավազանային կառավարման պլանի տվյալներով՝ Արարատյան արտեզյան ավազանից տարեկան միջին ջրառը հորատանցքերով 1984թ. դրությամբ կազմել էր 34.7 խմ/վրկ, որն էլ իրավասու պետական մարմնի կողմից անսահմանափակ ժամանակահատվածի համար սահմանվել էր որպես օգտագործման թույլատրելի միջին տարեկան ջրաքանակ:

Այս ջրաքանակի օգտագործման դեպքում չպետք է խախտվեր Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշիռը:

Մասնագիտական ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի գերշահագործումն իր գագաթնակետին է հասել 2014թ.-ին:

Մինչև 2014թ. հոկտեմբեր ամիսը միայն ձկնաբուծական տնտեսությունների կողմից, որոնց քանակը եղել է 250 (Արմավիրի մարզում` 128, Արարատի մարզում` 122), օգտագործվել է 60.7 մ3 /վրկ ջրաքանակ ընդհանուր 78.2մ3 /վրկ ջրառից։ 

satellite-small.jpg (1.12 MB)

Ընդ որում, ձկնաբուծական տնտեսությունների կողմից ջրառը կատարվում է բարձրորակ ջրերի՝ խմելու-կենցաղային ռազմավարական նշանակություն ունեցող ջրատար հորիզոններից:

Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այսօր էլ ձկնարդյունաբերությունը Հայաստանում գերազանցապես սնվում է Արարատյան արտեզյան ավազանից: Հայաստանում ձկաբուծական նպատակով տրված 131 ջրթույլտվություն կա, որից միայն 26-ն է այլ մարզերում: 105 թույլտվություն տրամադրվել է Արարատի և Արմավիրի մարզերում:

Մամուլի հրապարակումներից, մասնագետների ահազանգերից հետո Կառավարությունը վերահսկողություն սահմանեց Արտեզյան ավազանի ջրերի պաշարների օգտագործման վրա: Սկսվեցին ջրաչափերի տեղադրման, հորատանցքերի հաշվառման, կոնսերվացման, լուծարման և փականային ռեժիմի բերման գործընթացները: 

Մեր հարցմանն ի պատասխան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ վերջին 5 տարիներին ձկնաբուծական տնտեսություններում լուծարվել է 57, կոնսերվացվել՝ 79 հորատանցք

Մեր այցելությունները ձկնաբուծական տնտեսություններ երբեմն ողջունելի չէին սեփականատերերի համար (օրինակ՝ «Մասիս ձուկ»-ն ու «Ինտեր Ա․Կ․Վ․Ա»-ն), նրանցից ոմանք նույնիսկ դարպասներից ներս մեզ չթողեցին։ Եղան նաև բարեհամբույր սեփականատերեր (ամենախոշոր ջրօգտագործող Արմեն Կարապետյանը, Սամվել Լաբլաջյանը), ովքեր պատրաստակամորեն, բայց տեսախցիկի կադրից դուրս պատասխանում էին մեր հարցերին և ցույց տալիս ձկնաբուծական տնտեսությունը։ 

Ի՞նչ խախտումներ է արձանագրել վերահսկողը Աբրահամյաններն ընդդեմ տեսչական մարմնի

Շրջակա միջավայրի վերահսկողությունն, այդ թվում նաև ջրօգտագործման ոլորտին վերաբերող, իրականացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Մեր հարցմանն ի պատասխան, գերատեսչությունը հայտնել է, որ 2018-2019թթ. ձկնաբուծական 10 տնտեսությունում է ստուգումներ իրականացրել:

Խոշոր ջրօգտագործողներից երկուսը՝ «Էկոֆիշ թրեյդ» և «Գլոդեն ֆիլ-Կ» ընկերություններն այս տարի ստուգվել և տուգանվել են։

«Էկոֆիշ թրեյդ» ընկերությունում հայտնաբերվել են Ջրային և Հարկային օրենսգրքերի խախտումներ ջրթույլտվության վավերության և ջրի նպատակային օգտագործման վերաբերյալ: Հայտնաբերվել են նաեւ ջրթույլտվության պայմանների խախտումներ։ «Էկոֆիշ թրեյդ»-ն ընդունել և վճարել է 200 հազար դրամ տուգանքը։

«Գլոդեն ֆիլ-Կ» ընկերությունում Ջրային օրենսգրքի նույն խախտումներն են հայտնաբերվել։ 300 հազար դրամ տուգանքը ընկերությունը նույնպես վճարել է։

Մեծ չափերի խախտումներ հայտնաբերվել են ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրա հարազատների հետ առնչվող երկու ընկերություններում։ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին պատկանող «Մխչյան ֆիշ» և «Մերի ֆիշ» ՍՊԸ-ներում արձանագրվել են «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքի և ջրօգտագործման թույլտվության պայմանների խախտումներ։

Հասցված վնասը երկու ընկերություններում գնահատվել է համապատասխանաբար՝ շուրջ 585 մլն և 65 մլն դրամ, ինչպես նաև տուգանք՝ յուրաքանչյուր ընկերությանը 200 հազար դրամ։ Աբրահամյանները բողոքարկել են տեսչական մարմնի այս ակտերը դատական կարգով և պահանջում են վերացնել դրանք։ Ավելին, ընկերությունները նաև ՊԵԿ-ի դեմ են հայցեր ներկայացրել, քանի որ նույն ստուգման ակտերով բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների վերաբերյալ են խախտումներ արձանագրվել։ Եվ քանի որ խոսքը նույն ակտերի մասին է, դատարանը կասեցրել է ՊԵԿ-ի դեմ հայցերով գործերի քննությունը՝ մինչև որ հիմնական ակտերի վերաբերյալ չլինի դատարանի որոշում։

2018-ին ստուգվել է «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ի տնտեսությունը: Այն պատկանում է ախալքալաքցի գործարար Դավիթ Մեյրոյանին և նրա ռուս ու բելառուս գործընկերներին։ Հայտնաբերվել է Հարկային օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասի խախտում, այն է՝ ջրաչափի տեղադրման և կնքման մասով, ինչպես նաև Ջրային օրնսգրքի 27-րդ հոդվածի խախտում՝ ջրօգտագործման թույյլտվության վավերության վերաբերյալ: Ընկերության նկատմամբ 200 հազար դրամ տուգանք է սահմանվել, որը «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ն վճարել է:

300 հազար դրամով տուգանվել է «Գագիկ Բաղդասարյան» ԱՁ-ն, 200 հազար դրամով՝ «Գամ ֆիշ» ՍՊԸ-ն։ Երկուսն էլ «Օրինաց երկիր» խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի և նրա եղբոր՝ Արթուր Բաղդասարյանի տնտեսություններն են։ Ի դեպ, այս անձանց հետ նույն հասցեում գրանցված է Սիրանուշ Ղարիբյանը, ով նաև մասնակցություն է ունեցել «Ֆիշգոլդ» ՍՊԸ-ում մինչև 2017թ․-ը։

«Հայր և որդի Բունիաթյաններ» և «Ռապս» ՍՊԸ-ները նույնպես տուգանվել են՝ համապատասխանաբար 300 և 200 հազար դրամով։ «Բլեքդ Դայմոնդ» ՍՊԸ-ում ստուգումներն ընթացքի մեջ են։

Չնայած Կառավարության սահմանափակումներին, Արարատյան դաշտում  ձկնաբիզնեսը շարունակում է ծաղկել։ Ամենախոշոր ջրօգտագործող Արմեն Կարապետյանը շարունակում է ընդլայնել իր տարածքներն ու լճերը Սայաթ-Նովայում։ Մասիսի կադաստրի նախկին պետը նոր ձկնաբուծական տնտեսություն և լճեր է կառուցում Նորամարգ գյուղում։ 

Ձկնաբիզնեսն Արարատյան դաշտում շարունակում է ծաղկել 

Ձկան արտահանման ծավալների այս տարվա տվյալները վկայում են, որ առաջին 9 ամիսներին արդեն Հայաստանն արտահանել է 3747 տ ձուկ, այսինքն՝ ավելի, քան նախորդ ողջ տարվա ընթացքում էր արտահանել։ Եվ 3747 տ ձկան արժեքը կազմել է 19,7 մլն դոլար։ Հիշեցնենք, որ 2018թ-ին արտահանել էր 3726 տ թարմ ձուկ, որի արժեքը կազմել էր 22,6 մլն դոլար։

           Հողեր, որոնք կարող են մշակվել ջրի առկայության պայմաններում

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ բարդությունների Արարատյան դաշտի գյուղերում: Նախկինում ինքնահոս արտեզյան ջրերի 70 տոկոսն այժմ պոմպերով է հոսում:

Գայ համայնքի ղեկավարի տեղակալ Ուրշուդ Քոչարյանն ասում է, որ իրենց գյուղի հողերի 30 տոկոսն է մշակվում, իսկ մնացածը չի մշակվում միմիայն ջուր չլինելու պատճառով։ Նախկինում Սևջուր գետից ոռոգել են մեծ մասը, սակայն Սևջուր գետն այժմ ցամաքել է։ «Հո մենակ Սևջուր գետը չի, Քասախ գետում էլ ջուր չկա»,- ասում է Ուրշուդ Քոչարյանը։

Հորերի կոնսերվացման և ջրաչափական տեսքի բերման գործընթացներից հետո նոր-նոր նկատելի առաջընթաց կա։ Օրինակ՝ Հովտաշատում 5 հոր է փակվել, 7-ը՝ կոնսերվացվել: Գյուղատնտես Ալբերտ Հովհաննիսյանն ասում է` ջրի ծավալները կայունացել են և չեն նվազում:

«Տարբերությունը զգալի է, ջրի մակարդակն ահագին բարձրացել է,- հաստատում է նաև Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանը:- Ձկնաբուծարանները նախկինում եղել են խառը վիճակի, այսինքն՝ 50 լիտր թույլտվություն են ունեցել, բայց օգտագործել են 300, դրանք հիմա կարգավորվել են, բերվել են իրական պատկերի»:

Փականային վիճակի բերելուց հետո գյուղում 100 հա-ից ավելի հող է մշակվում:

Արդյոք ձկնաբուծական տնտեսությունները համայնքին որևէ կերպ աջակցու՞մ են կամ մասնակցու՞մ են համայնքի զարգացման ծրագրերին հարցին՝ գյուղապետ Հովիկ Թադևոսյանն ասում է, որ միայն անցյալ տարի այդ տնտեսություններից մի քանիսը վերանորոգել են դպրոցի դասասենյակները: Այլ աջակցություն, բացի հողի հարկերի պարտադիր և օրենքով սահմանված վճարներից, երբևէ չեն ստացել: Մյուս կողմից, սակայն, տնտեսությունները համայնքներում աշխատատեղ են ստեղծել:

«Մեր համայնքում աշխատողի խնդիր կա, աշխատատեղ շատ կա ձկնաբուծարաններում, բայց աշխատող չկա, Երևանից և հարևան գյուղերից են գալիս աշխատելու: Եթե կոպիտ վերցնեմ, 300-500 հոգի աշխատատեղ են ապահովում»,- ասում է Հովտաշատի գյուղապետը: 

Որքա՞ն հող է մնացել անջրդի

Ոռոգման ջրի բացակայության կամ սակավության պատճառով Արարատյան դաշտում հազարավոր հեկտարների հասնող ջրովի հողատարածքներ մնում են անմշակ: Դրանց մի մասն արդեն աղակալել է և հետագա օգտագործման համար դարձել անպիտան:

Արարատյան հարթավայրի տարածքում գործող բաց դրենաժային ցանցերը ծառայում են ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերի տեղափոխման համար, որը հանգեցրել է ցանցերում ջրի մակարդակի և հարակից տարածքների գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը, հողերի գերխոնավացմանը, բնակավայրերի տարածքների ջրակալմանը, հողերի աղակալմանը և ալկալիացմանը, դրենաժային ցանցերի աշխատունակության խաթարմանը, այդպիսով նաև՝ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկմանը:

Արմավիրի տարածաշրջանի Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Երասխահուն և Վարդանաշեն համայնքների շուրջ 1500 հա հողատարածքների ոռոգումը խիստ վտանգված է, և հրատապ լուծում պահանջող խնդիր է դարձել:

Արմավիրի մարզում 2017թ. փաստացի մշակված հողատարածքները կազմել են մոտ 48788 հեկտար: Նշված ժամանակահատվածում մարզում չի մշակվել 12618 հա հողատարածք: Մարզպետարանից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 5581 հա չի մշակվել ոռոգման ջրի բացակայության, իսկ 3987 հա-ը՝ հողերի աղակալման և ցածր բերքատվության պատճառով:

«Հողատարածությունների չմշակման հիմնական պատճառը ոռոգման ջրի բացակայությունը, սակավությունը և ոռոգման ցանցի բացակայությունն ու քայքայվածությունն են: Հարցի կարգավորման նպատակով մարզպետարանը առաջարկություն է ներկայացրել պետական մարմիններին մարզում հորատելու և վերականգնելու խորքային հորեր, կառուցել և վերանորոգել ոռոգման ներտնտեսային ցանցեր, կառուցել պոմպակայաններ և ջրամբարներ»,- պատասխանում են Արմավիրի մարզպետարանից:

2017թ. առաջարկություն է ներկայացվել Կառավարություն 16 համայնքներում 30 նոր խորքային հորերի հորատման և 14 խորքային հորերի վերականգնման վերաբերյալ: Դրա ապահովման դեպքում շուրջ 1039 հա հողատարածքներ կօգտագործվեին գյուղատնտեսական արտադրության մեջ, որոնք նախկինում անմշակ էին:

2017թ. տարեվերջին 49 համայնքներում կաթիլային եղանակով ոռոգվել է ընդամենը 855 հա տարածք:

satellite-small.jpg (1.12 MB)

Իսկ Արարատի մարզում 2018թ. հունիսի 1-ի դրությամբ մշակովի հողատարածքները կազմում են 42240 հա: Չի մշակվում մոտ 7770 հա հողատարածք: Մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մարզում հողերի չմշակման պատճառները տարբեր են՝ մանր հողակտորների առկայությունը, որոնք եկամտաբեր չեն, ֆինանսների բացակայությունը, ոռոգման ջրի սակավությունը, հողերի սեփականատերերի բացակայությունը և աղակալումը:

Վերը նշված պատճառներով չի մշակվում 290 հա ջրովի հողատարածք Պարույր Սևակ համայնքում, 278 հա՝ Գոռավանում, 190 հա՝ Այնթափում, 130 հա՝ Արարատ գյուղում, 139 հա  Նոր Խարբերդ համայնքում, 121 հա՝ Մարմարաշենում, 109 հա Դարբնիկում և այլն:

Արարատի մարզում աղակալած հողամասերի մակերեսը կազմում է շուրջ 500 հա: Ըստ մարզպետարանի՝ հողերի աղակալումը պայմանավորված է ստորգետնյա ջրերի բարձր մակարդակով:

Մշակովի հողատարածքներն ավելացնելու համար մարզպետարանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն առաջարկել է ոռոգման շրջանում ապահովել Մխչյանի պոմպակայանի անխափան շահագործումը, հորատել նոր խորքային հորեր: Առաջարկվել է նաև մարզում կատարել հիդրոերկրաբանական ուսումնասիրություն, որպեսզի հեղեղատարների վրա, տվյալ համայնքի հողատարածքները ոռոգելու նպատակով, կառուցվեն փոքրածավալ ջրամբարներ: Բացի այդ, առաջարկվում է ոռոգման նպատակով օգտագործել ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերը: Մարզպետարանի փոխանցմամբ՝ այդ ջրերն օգտագործվում են մարզի Հայանիստ, Հովտաշատ, Սայաթ-Նովա համայնքներում:

Վտանգվել է նաև Սևջուր գետը

Վերջին 15 տարիների ընթացքում ձկնաբուծական տնտեսությունների կողմից ստորերկրյա ջրերի անխնա օգտագործման հետևանքով նվազել է նաև Սևջուր գետի հոսքը: Ներկայում այն կազմում է առավելագույնը 0.5 խմ/վրկ, այն դեպքում, երբ 1991-1992 թթ. այն կազմել է 20-22 խմ/վրկ:

Նախկինում Սևջուր գետից ոռոգվել է շուրջ 6000 հա հողատարածք, ներկայում ոռոգվում է ընդամենը 2000 հա:

Փոխհատուցումը՝ Սևանից

Արարատյան դաշտի ջրազրկումը և չորացող բերքը փրկելու համար Կառավարությունն այլընտրանք է գտել․ քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարից՝ Սևանա լճից, հավելյալ բացթողումներ է կատարում։ 

Ինչպե՞ս Պերուն դարձավ ծնեբեկ արտահանող երկիր

Հայաստանի ձկան պատմությունը կրկնվել է հեռավոր մի երկրում, որտեղ, սակայն, ձկան փոխարեն ծնեբեկի խոշոր մշակում է սկիզբ առել։ Պերուի հարավում՝ Իկա կոչվող մարզում ծնեբեկի մշակմանը զարկ տալու համար Կառավարությունը 2008-2017թթ․ մի շարք արտոնություններ է տվել և հատուկ պայմաններ ստեղծել մի քանի ընկերությունների համար, որոնք հարյուրավոր անօրինական հորեր են հորատել, ենթակառուցվածքներ ստեղծել իրենց բիզնեսի զարգացման համար։ Այդ ամենը, սակայն, այժմ պետությունը չի կարողանում վերահսկել, որովհետև ծնեբեկի արտահանման ծավալների մեծացմանը զուգահեռ սպառվել են այդ տարածաշրջանի ստորերկրյա ջրերը։ Պերուն դարձել է ծնեբեկ արտահանող երկրներից մեկը։ Հայտնի ծնեբեկը հասել է ԱՄՆ, Իսպանիա և Մեծ Բրիտանիա, և 2016թ․-ին 420 մլն դոլարի արտահանման ծավալ ապահովել։ 

Այստեղ էլ խոշոր ընկերությունները ստորերկրյա ջրային ռեսուրսը մոնոպոլացրել են՝ խոցելի տեղական համայնքների հաշվին։ Այս երկրում էլ խոշոր ընկերությունները կարողացել են համապատասխան ջրամատակարարում ապահովել իրենց բիզնեսին, քանի որ պետությունը «սատարել է» նրանց։ Ջրային ռեսուրսների այս «յուրացումը» հասցրել է այդ համայնքների ջրազրկմանը։ Մարդիկ նույնիսկ սկսել են անմշակ թողնել իրենց հողերը ջրի պատճաոով։

Այս հետաքննության հեղինակ Ֆաբիոլա Տորեսը պարզել է, որ այստեղ էլ պաշտոնյաների ազդեցությունն իր դերակատարությունն է ունեցել, որովհետև ծնեբեկ մշակող ընկերություններից մեկը Պերուի գյուղատնտեսության նախկին նախարարինն է եղել, որի հորերի նկատմամբ վերահսկողություն տեսչական մարմնի աշխատակիցները չեն կարողացել իրականացնել, նույնիսկ տարածքի մուտքն է արգելված եղել պետական աշխատողների համար։ 

Կլիմայի փոփոխությունն ու Արարատյան հարթավայրի ջրազրկումը

Դեռևս 2014թ. գնահատվել է կլիմայի փոփոխության հետևանքով Արարատյան դաշտի մակերևութային ջրային ռեսուրսների խոցելիությունը: Այդպիսով արձանագրվել է, որ Հայաստանի ջրային պաշարները ապագայում կարող են ավելի խոցելի դառնալ կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով, քանի որ գնալով քիչ տեղումներ են արձանագրվում, օդի ջերմաստիճանը բարձրանում է, երաշտների օրերը՝ աճում:

«Սարսափելի շոգեր, երաշտ ու բնական աղետներ են տեղի ունենում կարկտի տեսքով, բայց դա մեր վրա չէր ազդում, քանի որ ջուրը կար, ոռոգում էինք, իսկ հիմա ոչ մշակում են հողերը, ոչ էլ հետաքրքրում է մարդկանց այդ խնդիրը»,- ասում է Գայ համայնքի ղեկավարի տեղակալ Ուրշուդ Քոչարյանը։

Ուսումնասիրությունն արձանագրել է, որ 1935-2013թթ. ընթացքում տարեկան օդի միջին ջերմաստիճանը ջրհավաք ավազանի տարածքում աճել է 0,73 աստիճան C-ով:  Նույն ժամանակահատվածում բարձրացել է հատկապես ամառվա ջերմաստիճանը (շուրջ 1 աստիճանով C), ընդ որում վերջին հարյուրամյակում էքստրեմալ շոգ ամառներն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում դիտվել են վերջին 15 տարիների ընթացքում (1998, 2000, 2006, 2010): Այդ տարածքում նվազել են տեղումները՝ աշնանը 20,1 %, ձմռանը՝ 8,4 % : 2011-2013թթ. աշնանային ամիսների տեղումների՝ նորմայից ցածր լինելն իր կնիքն է դրել հաջորդ տարվա գարնանային վարարումների հոսքի վրա՝ պայմանավորելով բավական ցածր արժեքներ:

Հրապարակմանն աջակցել է Գրիշա Բալասանյանը

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Խոշոր ջրօգտագործողների անիմացիոն տեսանյութը՝ Արման Յարալյանի 

Մեկնաբանություններ (2)

Գագիկ Բաղդասարյան
Ըստ Քրիստինե Աղազարյանի գրառման 300 հազար դրամով տուգանվել է «Գագիկ Բաղդասարյան» ԱՁ-ն, 200 հազար դրամով՝ «Գամ ֆիշ» ՍՊԸ-ն։ Երկուսն էլ «Օրինաց երկիր» խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանի: Հարգելի Քրիստինե Աղազարյան ձեր գրառումը իրականությանը չի համապատասխանում,զրպարտություն է : Եթե չհերքեք, ես այլ միջոցների կդիմեմ: Գագիկ բաղդասարյան ԱՁ -ն ինձ հետ որևէ կապ չունի, եթե այդպիսին առհասարակ գույություն ունի :
Սամվել Հովասափյան
Հարգելի Քրիստինե Աղալարյան, Նախորդ մեկնաբանության մեջ ես այդքան գրգռված արտահայտվեցի, քանի որ տարիներ է ինչ մի ընկերոջ միջոցով, ում քույրը Հոկտեմբերյանի գյուղերից մեկում է ապրում, նրա բազմաթիվ ընտանիքից, թոռներից, իրենց տուն տեղը թողել Ռուսաստան են գնացել, քանի որ չորացել են արտեզյան ջրերը և նրանք ոռոգելու համար ջուր չունեն։ Որքան կարող եք ավելի բարձր ահազանգեք, որովհետև Արարատյան դաշտում խախտվել է միլիոնավոր տարիներ ստեղծված էկոլոգիական հավասարակշռությունը, իսկ վաղը, չարիքը դառնալու է անուղղելի։ Ես միայն զարմանում եմ, թե մարդը որքան եսասեր կարող է լինել, որ թքած ունի հայրենի բնության և Արարատյան դաշտի գյուղացի բնակչության ճակատագրի վրա։ Ի՞նչ են անում նոր իշխանությունները։ Պետք է անհապաղ փակվեն բոլոր այդ ձկնաբուծական ավազանները, ես մի քանի անգամ հենց Հետքի նման էջերում բարձրաձայնել եմ այդ խնդիրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter