Պարտության համար պատասխանատու է իշխող ուժը. Սեյրան Օհանյան
Բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում ու Հայաստանի և Արցախի շուրջ: «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց Ազգային ժողովում այսօր՝ օգոտսոսի 9-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի ընտրությունից առաջ:
«Այս օրերի ընթացքում նկատում եմ, որ ինքնաքննադատության մի կետ չկա, մեղքի զգացումը ընդհանրապես բացակայում է որոշ մարդկանց մոտ, իսկ ամբիոնի մոտ պահվածքը, ընդհատելը խոսում է քննարկումների մշակույթի բացակայության մասին»,-ասաց նա:
Օհանյանն անդրադարձավ իշխանական խմբակցության պատգամավորների` մեկը մյուսի աշխատանքին տրվող գնահատականի մասին, թե մի հանձնաժողովի աշխատանքը փայլուն է կամ պատվով է կատարվել:
«Փայլուն գնահատական գոյություն չունի, գոյություն ունեն անբավարար, բավարար, լավ և վատ գնահատականներ: Ես երբեք իմ աշխատանքը լավ չեմ գնահատել: Արդյոք փայլուն էր ձեր կատարած աշխատանքը և փայլուն էր այն, որ երկարատև պատմություն ունեցող բանակցային ամբողջ ռեսուրսը մսխվեց, և Ադրբեջանը մարտական գործողություններ սկսեց: Մենք միայն փայլուն կերպով մեր դիրքերը փայլեցրեցինք ու տվեցինք ադրբեջանցիներին»,-ասաց նա:
Ըստ Օհանյանի` պարտության համար պատասխանատու է իշխող ուժը, Ադրբեջանը ևս մեղավոր է իր սադրանքի համար, սակայն, ցավոք, մինչ այս պահը միջազգային հանրությունը համապատասխան գնահատական չի տվել Ադրբեջանի սադրանքին:
«Մենք ասում ենք՝ բանակի կառավարումը ձերն է, դուք ասում եք՝ ժողովրդինն է: Այս իշխանությունների օրոք է, որ բարեփոխումների շրջանակում խաթարվել է այնպիսի կարևոր սկզբունք, ինչպիսին ՊՆ-ի ու շտաբի միջև եղած հարաբերություններն են: Այդ դու'ք եք գլխավոր շտաբի պետի պաշտոնը քաղաքականացրել, չափից ավելի երիտասարդացրել ԶՈՒ ղեկավար կազմը, ԶՈՒ կենտրոնական ապարատը ձեր ժամանակ է ուռճացվել»,-ասաց նա:
Այսօրվա նիստում անդրադարձ եղավ նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի զինծառայությանը: Վերջինս Արմավիրում նախընտրական քարոզարշավի ընթացքում ասել էր, թե 2000-2002 թվականներին Արմավիրում ծառայելիս զորամասը ջրի ու ուտելիքի խնդիր է ունեցել: Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ելույթում հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ է այդ տարիներին ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Մելքոնյանը ՔՊ ցուցակով պատգամավոր դարձել: Օհանյանն անդրադարձավ Սիմոնյանի զինծառայությանը
«Ինձ համար ամենակարևոր հարցը հետևյալը պետք է լիներ` ինչո՞ւ պարոն Սիմոնյանը հենց իր ծառայության ժամանակ ծառայում եր երևանամերձ զորամասերից մեկում, երբ 150 կմ հեռավորությունը պետք է պահպանվեր»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանի ելույթից հետո ելույթով հանդես եկավ Ալեն Սիմոնյանը` ասելով, որ համալսարանից հետո ծառայել է ուսումնական զորամասում` Արմավիրում:
«Երբ ինձ ուղարկել են Հորադիզ, հայրս մահացել է, և օրենքի բերումով, որ միակողմանի ծնողազուկ եմ, վերադարձրել են ինձ նույն զորամաս»,-ասաց Սիմոնյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել