HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ դատավորը ստանձնում է ԱԱԾ ներկայացուցչի դերը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցադիմումն ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասին:

«Հետք»-ը 2020թ. հուլիսի 14-ին «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով լուր էր հրապարակել: Տավուշում հուլիսյան մարտերն էին, եւ տեղեկացրել էինք, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը: Կատարվածին ականատես էին եղել խմբագրության՝ տեղում աշխատող թղթակիցները:
Կայքում հրապարակված լուրի իսկությունը նույն օրը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր այդ օրերին Իջևանում ստեղծված ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի մամուլի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշել էր, որ Ադրբեջանը թիրախավորել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար սահմանամերձ համայնքները, իսկ Բերդ քաղաքը` հրետակոծության ենթարկել:

«Հետք»-ի հրապարակումից և պաշտոնական հաստատումից մեկ օր անց՝ 15.07.2020թ., Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ կից տեսանյութով, կոչ անելով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի չտալ սադրանքներին և խուճապային տրամադրության ձևավորմանը, ձեռնպահ մնալ տեղեկատվական ցանկացած հարթակում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, մտացածին օգտատերերի կողմից հրապարակվող չճշտված ու չհաստատված տեղեկությունների տարածումից:

Հաղորդագրությանը կից տարածված և Ազգային անվտանգության պաշտոնական կայքում հրապարակված տեսանյութի կադրում հայտնվում է նաև «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով «Հետքի» լուրը՝ «Ապատեղեկատվություն» ջրանիշով (watermark):

«Հետք»-ը դիմել էր ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել, թե թերթի վերը հիշատակված և ԱԱԾ տեսանյութում տեղ գտած նյութում կոնկրետ ո՞ր տեղեկությունն է ապատեղեկատվություն։
ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Ն. Մարգարյանի ստորագրությամբ, էլեկտրոնային փոստով ստացվել էր գրության պատասխանը, ըստ որի՝ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի կողմից սույն թվականի հուլիսի 15-ին պատրաստված և տարածված տեսանյութում զետեղված «Հետք»-ի հրապարակումը՝ «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը», hetq.am կայքում հրապարակվել էր սույն թվականի հուլիսի 14-ին՝ ժամը 17:35-ին, սակայն պաշտոնական աղբյուրներն այն հաստատել են ավելի ուշ:

ԱԱԾ մամուլի կենտրոնի կողմից տեսանյութի պատրաստման և տարածման պահին «Հետք»-ի տարածած տեղեկատվությունը դեռևս պաշտոնական հաստատում չէր ստացել և այդ պահի դրությամբ, ժամանակագրական առումով, այն համարվել էր ապատեղեկատվություն»:

ԱԱԾ-ի ներկայացուցիչները նույնը պնդել են նաև դատարանում: Այսինքն, ԱԱԾ-ն «ապատեղեկատվություն» է որակում հրապարակումը` հաշվի առնելով ոչ թե դրա բովանդակությունը, այլ՝ ժամը: Եթե լուրը հրապարակվեր պաշտոնական հրապարակումից հետո, այն կդիտվեր «իրական լուր», բայց քանի որ հրապարակվել է պաշտոնական հաստատումից ժամեր առաջ, ապա այն, ըստ ԱԱԾ-ի, «ապատեղեկատվություն» է:

Դատարանը հաստատված է համարել, որ տեսանյութում ներառված է «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով հրապարակումից էջի նկարը։ Ամբողջ տեսանյությում առկա է «ապատեղեկատվություն» գրառմամբ ջրանիշը: Սակայն, նպատակ ունենալով բոլոր դեպքերում մերժել «Հետաքննող լրագրողներ»-ի հայցադիմումը, դատարանը վճռում չի անդրադարձել մի շարք հանգամանքների: Մասնավորապես, նախ՝ ԱԱԾ-ն տարածել է տեսանյութ, որտեղ երևում էր «Հետքի» ապրանքային նշանը, այնուհետև իր կայքից հեռացնելով տեսանյութը՝ տարածել էր նորը, որտեղ, թեև աղավաղել էր լրատվամիջոցի ապրանքային նշանը, սակայն հրապարակումից վերցրած նկարով պատրաստված տեսանյութում հստակ երևում էր, որ այն «Հետք»-ի հոդվածն է, լրատվամիջոցի անվանումը պահպանվել էր:

Տեսանյութը դատարանում հետազոտելիս լրատվամիջոցի ներկայացուցիչը խնդրել է կանգ առնել կոնկրետ կադրի վրա և դատավորին հատուկ ցույց է տվել, որ լրատվամիջոցի անվանումը հստակ երևում է: Դատարանին ներկայացվել էր նաև ԱԱԾ-ի պաշտոնական կայքում առաջին անգամ հրապարակված տեսանյութից արված նկար, որտեղ երևում էր «Հետքի» անվանումը, ապրանքային նշանը: Այս հանգամանքը ևս խեղաթյուրել է դատարանը՝ նշելով, թե որևէ ապացույց չի ներկայացվել: Ավելին, խեղաթյուրել է փաստերը՝ վճռում հանգելով հակասական եզրահանգման:

«Վերոնշյալ փաստերի համադրման արդյունքում Դատարանը գալիս է եզրահանգման, որ տեսանյութի դիտումից հնարավոր չէ գալ հետևության, որ այն որևէ կերպ վերաբերում է Հայցվորին՝ իր կողմից «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով լուրի հրապարակման հետ կապված։ Միայն տեսանյութի մանրակրկիտ և դանդաղ հետազոտմամբ կարելի է ունենալ կարծիք, որ օգտագործվել է «www.hetq.am» կայքում 14․07․2020 թվականին «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» վերնագրով հրապարակումից քաղվածք, սակայն կայքի լոգոն փակված է»,-նշված է վճռում:

Դատարանը մի կողմից հաստատված է համարել, որ տեսանյութում տեղ գտածը հրապարակումից էջի նկարն է, մյուս կողմից, տեսանյութում հստակ կարդալով «Հետք»-ի անունը, հրապարակված հոդվածի վերնագիրը, տեսնելով լուրի հետ տարածված լուսանկարը, նշում է, թե հնարավոր չէ գալ հետևության, որ այն որևէ կերպ վերաբերում է թերթին:

Ավելին, դատավոր Սարգիս Երիցյանը որոշել է ստանձնել ԱԱԾ-ի ներկայացուցչի դերը՝ խեղաթյուրելով հաղորդագրության բովանդակությունը: Վճռում նշվում է, թե տեսանյութում հնչող մեկնաբանությունը և կոչը վերաբերում են առավելապես ադրբեջանական աղբյուրների կողմից կեղծ տեղեկություններ տարածելու հանգամանքին, որը կարող է տարածվել լրատվամիջոցների կողմից։ Մինչդեռ ԱԱԾ-ի հաղորդագրությունը միանգամայն այլ շեշտադրում ունի:

Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել նիստերի դահլիճում քննարկված այն հարցին, որ լուրի հրապարակման պահին երկրում ռազմական դրություն հայտարարված չէր, և լրագրողների համար չէին գործում սահմանափակումներ:

Չի անդրադարձել դատարանում քննված այն հարցին, թե որպես ականատես լրագրողի տեսածն ինչո՞ւ պետք է պաշտոնական հաստատում ստանար:

Չի անդրադարձել այն հարցին, թե ինչու է լրատվամիջոցի նշված հրապարակումը տեղ գտել ԱԱԾ-ի տեսանյութում, եթե խոսքը միայն ադրբեջանական ռեսուրսներից օգտվելու մասին էր: Ավելին, լրատվամիջոցի ներկայացուցչի հարցադրումներին ի պատասխան՝ ԱԱԾ ներկայացուցիչը դատարանում այդպես էլ չի ներկայացրել գեթ մեկ փաստ առ այն, որ հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանել: Չի կարողացել ապացուցել, որ նշված հրապարակման մեջ օգտագործվել է ադրբեջանական աղբյուրից ստացված տեղեկատվություն:

Մինչդեռ դատավոր Երիցյանն իր վճռում նշել է, թե՝ «այնուամենայնիվ, կայքի լոգոն փակ ներկայացնելը ենթադրում է տեսանյութի հեղինակի բարեխղճությունը, հավասարակշռությունը և դիտավորության բացակայությունը։ Անաչառ դիտորդի մոտ չէր կարող տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը վերաբերում է Հայցվորին կամ նրա հրապարակած կոնկրետ նյութում տեղ գտած փաստերի հերքմանը։ Տեսանյութում տեղ գտած բառերը և կադրերը առավելապես վերաբերում են գործող զանգվածային լրատվության միջոցներին»:

Դատարանը քննարկման առարկա չի դարձրել նաև այն հանգամանքը, որ եթե իրականում տեսանյութում տեղ գտած բառերը և կադրերը առավելապես վերաբերում են գործող զանգվածային լրատվության միջոցներին, ապա մի քանի տասնյակ լրատվամիջոցներից ինչո՞ւ է առանձնացվել «Հետք»-ի հրապարակումը և տեղ գտել ԱԱԾ-ի տեսանյութում, որտեղ նշված են նաև ադրբեջանական լրատվամիջոցներ: Մի՞թե նպատակին հասնելու համար հնարավոր չէր կոչով հանդես գալ՝ առանց լրատվամիջոցի հրապարակումը ցուցադրելու:

Ավելին, անտեսելով տեսանյութի ուսումնասիրմամբ բացահայտված տվյալները՝ մասնավորապես «Հետք»-ի անվանումը, դատարանը նշել է, թե տեսանյութում թերթի մասին հիշատակում առկա չէ, որևէ կերպ հնարավոր չէ ստույգ բնորոշել նյութի աղբյուր հանդիսացած լրատվամիջոցին:

Անդրադառնալով հանրային գերակա շահի հարցին՝ դատարանն արձանագրել է, որ թեև լրատվամիջոցի գործունեությունը՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ լրատվության փոխանցումն ինքնին պայմանավորված է հանրային գերակա շահով, սակայն, պայմանավորված ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և մարդու կյանքի իրավունքով, այն չի կարող համարվել բացարձակ: Տվյալ իրադրությունում հանրային գերակա շահ տեղեկատվության ստացումը կարող է սահմանափակվել՝ անձի կյանքի իրավունքը, պետության տարածքային ամբողջականության իրավունքը պաշտպանելու համար: Անհրաժեշտ սահմանափակումներն էլ իրենց հերթին պետք է նախատեսված լինեն օրենքով, լինեն համաչափ և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:

Այս ամենը քննարկման առարկա է դարձել դատարանում, մինչդեռ դատավոր Սարգիս Երիցյանը վճռից դուրս է թողել: Ավելին, դատավորը նիստերի դահլիճում քմծիծաղով էր ընդունում լրատվամիջոցի ներկայացրած փաստերը: Սա արձանագրվել է, երբ լրատվամիջոցի ներկայացուցիչը նիստի ժամանակ հիշատակել է այդ մասին:

Դատարանը հիշատակել է ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներ, որոնք բացառապես լրատվամիջոցի օգտին էին: Սակայն, իրական վերլուծություն կատարելու փոխարեն, միանգամայն այլ բովանդակությամբ վճիռ է կայացրել՝ նշելով, թե «Տեսահոլովակի տեղադրումն անմիջականորեն բխել է Ծառայության գործառույթներից և նպատակ է ունեցել կանխել ՀՀ սահմանների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվության տարածումը: Ծառայությունն այդպիսով նպատակ է ունեցել կանխելու ազգաբնակչության շրջանում հնարավոր խուճապային տրամադրությունների տարածումը, սադրանքներից զերծ պահելու սահմանային բնակավայրերի ազգաբնակչությանը: Այսինքն՝ Ծառայությունը գործել է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, չի միջամտել զանգվածային լրատվության միջոցների աշխատանքներին, չի սահմանափակել նրանց ազատ գործունեությունը»:

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկելու է վերադասության կարգով։

Տես նաև՝

Մեկնաբանություններ (1)

Արամ
Այս դատավոր կոչվածին այս՝ ԵԴ/16359/02/18 գործից հետո պետք էր վռնդել դատական համակարգից: Միայն վերջին տարում դատավորի դրամային արժույթով դրամական միջոցներն աճել են 9,2 մլն-ով: Հայտարարագրում նշված է, որ Սարգիս Երիցյանը ավելի քան 104 հազար ամերիկյան դոլարի չափով փոխառություններ ունի տրված, որի տոկոսներից ստացված եկամուտը կազմել է 637 հազար դրամ: Դատավորի հայրը՝ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, հարկային տարվա ընթացքում 5 անշարժ գույք է ստացել: Հայտարարագրի «եկամուտներ» բաժնում նշված է, որ Սերգո Երիցյանը ժառանգության կարգով ստացել է 13 մլն 650 հազար դրամի չափով եկամուտ՝ բնամթերքով, ինչպես նաեւ 14,5 մլն դրամ եկամուտ, որից 6,8 մլն դրամը՝ աշխատանքի վարձատրությունից, 7,7 մլն-ը՝ փոխառություններից ստացված տոկոսներից: #Դատավորների ունեցվածքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter