HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղափարը բազմապատկելու հնարավորության մասին

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հայաստանի եւ Ադրբեջանի կրթական բնագավառների մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն է: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց Հայ Կրթական Հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ, Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ Նվարդ Մանասյանի հետ

Ի՞նչ չափանիշներով է կառուցված Հայաստանի կրթական ներկա համակարգը, ի՞նչ հաջողություններ եւ խնդիրներ կան:

Բոլոր կրթական հաստատությունների համար ընդհանուրը վերջին տարիների առաջադիմությունն է կրթության բովանդակության եւ արդյունքի ազատականացման հարցում:

Նախադպրոցական կրթությունը երկար տարիներ անտեսված էր պետության կողմից, չկար կենտրոնացված ծրագրավորում: Նախակրթարանները թողնված էին համայնքների պատասխանատվությանը, վճարովի լինելու պատճառով մատչելի չէին: Բացի այդ, չկար (գուցե հիմա էլ չկա) երեխային նախակրթարան տանելու անհրաժեշտության ընկալումը: Մենք սխալմամբ կարծում ենք, որ ընտանիքում տատիկի խնամքը բավարար է երեխայի տարիքային զարգացումն ապահովելու համար, մինչդեռ տատիկները տարբեր են լինում: Առաջին դասարանում կրթված ընտանիքի երեխան արագ է սովորում, ունի հարուստ բառապաշար, իսկ մեկ ուրիշը, որը վստահված էր ոչ կրթված տատիկի խնամքին, չի ունենում բոլորի հետ հավասար զարգանալու հնարավորություն: Այժմ պետությունն ունի ռազմավարական ծրագիր եւ ստանձնել է նախակրթության երաշխիքը' եւ ֆինանսական, եւ բովանդակային տեսանկյունից:

Հանրակրթության ու բարձրագույն կրթության մասին. եթե սովետական համակարգում դասաժամի ամբողջ բովանդակությունը նկարագրված էր, եւ ես, որպես դասախոս, չունեի ազատություն ընտրելու դասագիրք, այլ լրացուցիչ ուսումնական նյութեր, ապա հիմա ես ունեմ իմ դասաժամը տնօրինելու ազատություն:

Բայց ես ազատ չեմ (եւ կարծում եմ, որ դա ազատության ճիշտ բացակայություն է) անելու լսարանում այն ամենն, ինչ ցանկանում եմ, որովհետեւ պարտավոր եմ ապահովել պետության կողմից սահմանված վերջնարդյունքներ: Այսինքն' ազատություն տալով կրթական հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան մշակել սեփական ճանապարհը, պետությունը միեւնույն ժամանակ երաշխավորում է վերջնարդյունքներ: Կա կրթակարգ կոչվածը, որով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինի հանրակրթական դպրոցի շրջանավարտը բարոյականության, իմացության, ֆիզիկական պատրաստվածության առումներով:

Կրթական չափորոշիչը հին համակարգի բառ է: Հիմա ավելի շատ խոսում են վերջնարդյունքների մասին: Այստեղ է, որ ուսուցիչը, դասախոսը պետք է ռազմավար լինի, կարողանա ծրագրավորել, վերակառուցել իր առարկան:

Պետք են մասնագետների վերապատրաստման դասընթացներ, ուղեցույցներ, մեթոդաբանական ձեռնարկներ, հետազոտություններ ու փորձեր կատարող ոչ ֆորմալ խմբեր, որոնք կփոխանակեն իրենց փորձառությունը:

Դասախոսի ու ուսուցչի գործառույթն է տալ գիտելիք եւ սովորեցնել մտածել: Այդ առումով կա առաջընթաց:

Հետադիմական միտում նույնպես կա' նորը լավը չի, եւ այդ միտումը դեռ ակտիվ է: Մենք օրենքների, թղթերի առումով շատ բան ենք արել, բայց մեր վարքագծում իներցիա կա, հնարավոր չէ թուղթ պատճենելու արագությամբ պատճենել մարդկանց վարքագիծը, փոխվելու համար մարդը պետք է մի բարոյական շրջափուլ ամբողջացնի: Նորն, իհարկե, իր վատ կողմերն ունի, բայց միանշանակ վատը չի: Շատերն ասում են, որ ազատականացումը փչացրեց մեր որակը, այն ժամանակ որակ էինք տալիս, հիմա հայտնի չէ, թե ուր ենք գնում: Էլի կա համակարգը բյուրոկրատացնելու միտում, մի բան, ինչից խուսափել ենք' հասկանալով, որ հնարավոր չէ ամեն ինչ կառավարել ու հսկողության տակ պահել: Մենք անընդհատ այդ վտանգի առաջ ենք կանգնած, պարբերաբար լսում ենք այդ քննարկումը:

Ի՞նչ մակարդակ ունի Հայաստանի դպրոցական կրթությունը, հիմնականում ինչի՞ են պատրաստում երեխաներին մեր դպրոցներում:

Ես դպրոցական համակարգի մասին շատ բան ասել չեմ կարող: Որոշ ազդակներից հասկանում եմ, որ ինչ-որ բաներ են փոխվել: Շատ ուրախալի էր, որ «Մաթեմատիկայի եւ բնագիտական հետազոտությունների» միջազգային հետազոտության տվյալներով մենք հասել ենք միջին եվրոպական մակարդակի: Հետազոտությամբ պարզվել է, որ 2003 թ. համեմատ 2007 թ. 4-8-րդ դասարանի աշակերտների բնագիտական առարկաների իմացության մակարդակն աճել է:

Ուսուցչի դերի փոփոխությունը բառով հեշտ է ասվում, բայց ճանապարհ է պահանջում: Ասում են «աշակերտակենտրոն դպրոց կամ ուսանողակենտրոն համալսարան»: Սա նշանակում է, որ ուսուցիչն այլեւս արեւը չէ, որի շուրջ պտտվում են արբանյակները: Այս փոփոխությունները նույնիսկ կրթական հաստատությունների ճարտարապետական փոփոխություններ են պահանջում: Օրինակ' հիմա արդեն պարզ է, որ օրատորիումներ պետք չեն, ավելի շատ լաբորատորիաներ են պետք: Պետք են փոքր լսարաններ եւ լայն միջանցքներ:

Առայժ չենք կարողանում ապահովել մտածելու կարողության զարգացում: Ուսուցիչներն ուզում են ինֆորմացիա տալ. այս թվականին սա մահացավ, այն թվականին սա գրավեցին եւ այլն, զուտ ինֆորմացիա: Բայց երեխան ժամանակացույցից վերլուծություն չի կարող անել, չի կարող լիարժեք գիտակցել, թե ինչո՞ւ սա պատահեց, աշխարհաքաղաքական շարժումները տեսանելի չեն դառնում: Այս մակարդակի կրթություն հումանիտար բլոկում դպրոցը դեռեւս չի կարողանում ապահովել, որովհետեւ կա վախ, նորն ամբողջապես գիտակցված չի:

Իմ գնահատմամբ' դպրոցներում դեռ այն մեթոդներն են կիրառվում, որոնք ձայնագրության նման ինֆորմացիա են փոխանցում:

Արվո՞ւմ են, արդյոք, քայլեր, որպեսզի հայաստանյան դիպլոմներն ընդունվեն արտասահմանում, ունե՞ն մեր մասնագետները պահանջարկ ուրիշ երկրներում, ո՞ր ոլորտներն են նրանք ներկայացնում:

2004 թ. Հայաստանը վավերացրեց Լիսաբոնի կոնվենցիան, իսկ 2005 թ. Բերգենում միացավ Բոլոնիայի գործընթացին: Կառավարության որոշմամբ ստեղծվեց «Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն» հիմնադրամը, որը սկսեց գործել 2006 թ. հունվարից: Հիմնադրամի ծրագրով նպատակ կա բարելավելու ակադեմիական փոխճանաչման գործընթացը եւ խթանելու սովորողների որակավորումների արդար ճանաչումը: Սա թույլ կտա նրանց հնարավորինս ազատ եւ ճկուն տեղաշարժվել բուհական համակարգերի միջեւ' չկորցնելով իրենց որակավորումների իրական արժեքը անտրամաբանական կանոնակարգերի եւ ընթացակարգերի պատճառով:

Այս ամենը կապված է ճանաչման գործառույթների հետ, որոնց միջոցով հնարավոր է օտարերկրյա որակավորում ունեցող ուսանողներին ճանաչում շնորհել, որը կարտահայտի այդ որակավորման իրական արժեքը տվյալ երկրի բուհական համակարգի հասկացություններով: Ես ենթադրում եմ, որ եւ Հայաստանում, եւ արտերկրում մեր մասնագետները պահանջարկ ունեն կիրառական, բնագիտական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Ի՞նչ ուղիներով են հիմնականում (պետական կամ մասնավոր) հայաստանյան ուսանողները մեկնում ուսման օտար երկիր: Նրանց ո՞ր մասն է արդյունքում վերադառնում եւ աշխատանք գտնում հայրենիքում:

Ես ցավում եմ, որ մեր կրթության նախարարությունը հատուկ վիճակագրություն չի վարում:

Գիտեմ, որ ուսման նպատակով ավելի շատ մեկնում են Ռուսաստան, հետո' ԱՄՆ, հիմա մեծացել է նաեւ եվրոպական բուհերում ուսանելու հնարավորությունը: Կան տարբեր կրթաթոշակներ տրամադրող հիմնադրամներ' եւ պետական, եւ միջազգային: Դրանցում կան տարբերություններ: Օրինակ' ԱՄՆ-ի տրամադրած կրթաթոշակների պայմաններից մեկն է, որ ուսանողն ուսման ավարտից հետո վերադառնա հայրենիք: «Լույս» հիմնադրամը նման սահմանափակում չունի: Ես կարծում եմ, որ պետք չէ մարդկանց սահմանափակել: Այն մարդիկ, որոնք չեն վերադառնա, միեւնույն է, չեն կորչի: Հիմա խոսում են ոչ միայն ուղեղների արտահոսքի, այլեւ' ուղեղների շրջանառության մասին: Տեղյակ չեմ, թե ուսման նպատակով մեկնածների որ մասն է վերադառնում ու աշխատանք գտնում Հայաստանում:

Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ուսման մեկնած եւ այլ երկրում հաստատված մարդիկ 40 տարվա ընթացքում վերադառնում են' ավելացված արժեքով: Նրանք միշտ գործարար մակարդակում կապ են հաստատում իրենց ընկերների հետ հայրենիքում, ու սա եւ տնտեսական, եւ գիտական տեսանկյունից կարող է նոր հնարավորություներ ստեղծել:

Եթե այդ մարդիկ արտասահմանում այնքան են տեղայնացվել, որ կարողացել են գործել եւ ապրել, ուրեմն լավ կլինի, որ նրանք այնտեղ մնան: Երիտասարդ ֆիզիկոսը հասկանում է, որ կարող է մի փորձ անել, բայց հայրենիքում չունի այդ հնարավորությունը: Եթե նա չանի այդ փորձը, ապա գաղափարը կհնանա, չի իրագործվի: Ավելի լավ չէ՞, արդյոք, որ գնա, կրթություն ստանա, աշխատի, որպեսզի հետո վերադառնա: Այստեղ է, որ լեզվի կարեւորությունն է պետք գիտակցել: Եթե մարդը հայախոս է, կվերադառնա, եթե ռուսախոս' երբեք: Գաղափարը, գիտելիքը փողի նման բազմապատկիչ էֆեկտ ունի: Երբ վերացնում ես գաղափարը հայերենով բազմապատկելու հնարավորությունը, վերացնում ես նաեւ այդ գաղափարը երկիր վերադարձնելու կամ երկրում ստեղծելու հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter