
Արամ Վարդևանյան. «Ականատես եղանք ԱԺ կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտման»
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վադևանյանն այն համոզմանն է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահում է իր լիազորություննները և խախտում ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը` անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպին:
«Ականատես եղանք ԱԺ կանոնակարգ-օրենքի կոպիտ խախտման, կանոնակարգ-օրենքը ցանկացած արարքի համար նախատեսում է պատասխանատվության տարբեր միջոցներ, սկսվում է նախազգուշացումից, հաջորդը` խոսափողի անջատում: Այսօր մենք ականատես եղանք, որ նույն արարքի համար միաժամանակ երկու պատասխանատվության միջոց կիրառվեց` խոսափողի անջատում ու դահլիճից հեռացում»,- ասաց նա: Վարդևանյանը ԱԺ խոսնակի կարգադրությունը իրավական առումով աբսուրդ որակեց:
Նրա խոսքով` նիստերի դահլիճից դուրս գալուց առաջ այդ մասին հայտնել է նաև վերջինիս:
«Պատահական չէ, որ կանոնակարգը նախատեսում է նվազից դեպի բարձր պատասխանատվության միջոց, այսինքն՝ չես կարող անմիջապես մի միջոց կիրառել ցանկացած իրավիճակի համար: Նույն արարքի համար նախկինում կիրառվել էր նախազգուշացում, արարքի ծավալը չի ընդլայնվել, ձևը կամ բովանդակությունը չի փոխվել, և առհասարակ հարց է՝ արդյոք այդ արտահայտությունն ինքնին պետք է պատասխատավություն ենթադրի»,- ասաց Վարդևանյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ նախորդ գումարման խորհրդարանում շատ ավելի թեժ բանավեճեր են եղել և շատ ավելի կոշտ բառապաշարով:
Մեկնաբանել