
Ըստ Վլադիմիր Վարդանյանի` ծեծկռտուք լուսաբանելը մեդիայի գործառույթը չէ
ԱԺ նիստի բնականոն ընթացքը պետք է ապահովվի, և ԱԺ նախագահը պետք է միջոցներ ձեռնարկի: Խորհրդարանում լրագրողների աշխատանքի խոչընդոտման դեպքի մասին հարցին այսպես արձագանքեց Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Հիշեցնենք, որ նիստերի դահլիճում ծավալված միջադեպից հետո ԱԺ նախագահը կարգադրեց անջատել ուղիղ հեռարձակումը, իսկ լրագրողներին ստիպեցին դուրս գալ օթյակից:
«Ես մշտապես եղել եմ ու մնալու եմ լրագրողների պաշտպան և խոսքի ազատության ջատագով, այնուհանդերձ, եթե կան որոշակի սահմանափակումներ, որոնք կիրառելի են բոլորի նկատմամբ` առանց խտրականության, դա չպետք է դիտարկվի որպես սահմանափակում լրագրողների նկատմամբ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ լրագրողները օթյակում չգտնվելով չեն կարող լուսաբանել պատգամավորների հնարավոր ծեծկռտուքը, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Ծեծկռտուք լուսաբանելը, իմ կարծիքով, մեդիայի գործառույթը չէ»:
Ըստ Վլադիմիր Վարդանյանի` գործունեության գրեթե բոլոր տեսակներում կան որոշակի սահմանափակումներ, և դրանք անհրաժեշտ են, որպեսզի այլ իրավունքներ և գործունեության տեսակներ չտուժեն:
Նշենք, որ լրագրողների օթյակն արդեն բացվել է:
Մեկնաբանել