HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արա Բանդուրյանի վերաբերյալ երկրորդ գործը դատարանում է․ նա 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Նորատուցի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանի վերաբերյալ մեկ գործի քննությունը դեռևս չավարտված՝ երկրորդ գործն է ուղարկվել դատարան։ Բանդուրյանը մեղադրվում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու մեջ։ Մասնավորապես՝ ըստ մեղադրանքի՝ Բանդուրյանը, քրեական ենթամշակույթ կրող «գողական աշխարհի» կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ համարվում է քրեական հեղինակություն, հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման անդամ։ Քրեական ենթամշակույթ ստեղծելու կամ ղեկավարելու վերաբերյալ օրենքը Քրեական օրենսգրքում լրացվել է 2020 թվականի հունվարին։ Վարույթն իրականացնող մարմինն ասում  է՝ Բանդուրյանը օրենքի ընդունումից հետո էլ շարունակել է պահպանել իր այդ կարգավիճակն ու ղեկավարել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում: Օրենքի այս հոդվածը բուռն քննադատության առարկա է դարձել հատկապես փաստաբանների կողմից, որոնք պնդում են, որ օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին։

Արա Բանդուրյանի նկատմամբ քրեական գործի նախաքննության ընթացքում հետախուզում է հայտարարվել, խափանման միջոց ընտրվել կալանավորումը, սակայն հետագայում նրա նկատմամբ 5 միլիոն դրամ գրավի կիրառումը թույլատրելի է ճանաչվել, այժմ Բանդուրյանն ազատության մեջ է։

Բանդուրյանի հետ ամբաստանյալի աթոռին է ևս մեկ անձ՝ Հրաչիկ Գևորգյանը, որը կալանքի տակ է։ Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը 2020 թվականի հունիսի 17-ին Երևանում գործող «Բելուչի» կարաոկե ակումբի նկուղային հարկում Արթուր Գուրգենի Էլիզբարյանի, Արտյոմ Կառլենի Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով ազատությունից ապօրինի զրկել է երկուսից ավելի անձանց՝ Ալեն Աշոտի Ասատրյանին, Արթուր Աշոտի Ասատրյանին և Անուշավան Գառնիկի Առուշանյանին, որի ընթացքում Հրաչիկ Գևորգյանն Արթուր Էլիզբարյանի հետ խմբի կազմում, Արթուր Ասատրյանի, Ալեն Ասատրյանի և Անուշավան Առուշանյանի նկատմամբ բռնություն գործադրելով, Արթուր Ասատրյանից և Ալեն Ասատրյանից պահանջել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Այսպես, ըստ գործի՝ տուժող  Ալեն Ասատրյանի և հորեղբոր որդու՝ Արտյոմ Թելունցի միջև առկա է եղել ֆինանսական տարաձայնություն, որի կարգավորման հետ կապված Ասատրյանը նախկինում Արթուր Էլիզբարյանի և Հրաչիկ Գևորգյանի հետ ունեցել է պայմանավորվածություն։ Ըստ պայմանավորվածության՝ վերը նշված ֆինանսական հարցի հետ կապված ցանկացած խոսակցության մասին Ասատրյանը պետք է տեղեկացներ Էլիզբարյանին և Հրաչիկ Գևորգյանին։

2020 թվականի հունիսի 17-ին Ասատրյանը ֆինանսական տարաձայնությունների հարցով «Բելուչի» կարաոկե ակումբում հանդիպել է Արտյոմ Թելունցին, նրա եղբորը՝ Արման Թելունցին, Հրաչիկ Գևորգյանին, Արթուր Էլիզբարյանին և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց: Խոսակցության ընթացքում Արթուր Էլիզբարյանն Ալեն Ասատրյանին հայտնել է վերջինիս կողմից նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունն անտեսելու հանգամանքը՝ նշելով, թե  ֆինանսական տարաձայնությունների կարգավորման հետ կապված յուրաքանչյուր խոսակցության մասին վերջինս պետք է տեղեկացներ իրենց ու այդ հանգամանքն օգտագործելով որպես պատրվակ՝ Արթուր Էլիզբարյանը և Հրաչիկ Գևորգյանը նպատակադրվել են բռնություն գործադրելով՝ Ալեն Ասատրյանից և նրա եղբորից՝ Արթուր Ասատրյանից, շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով գումար: Ըստ Հրաչիկ Գևորգյանի մեղադրանքի՝ հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, Արթուր Ասատրյանը և Հրաչիկ Գևորգյանն իրենց խոսքը անտեսելու և սխալ պահելու պատրվակով Ալեն Ասատրյանից պահանջել են 3 127 800 դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումար, իսկ Հրաչիկ Գևորգյանը՝ ներկայացված պահանջը չկատարելու դեպքում, սպասվելիք բռնության գործադրման սպառնալիքն ավելի իրական դարձնելու նպատակով, բռնություն է գործադրել Ալեն Ասատրյանի նկատմամբ՝ երկու անգամ ձեռքով հարվածելով Ալեն Ասատրյանի դեմքի շրջանին, որի ընթացքում Արթուր Էլիզբարյանն Ալեն Ասատրյանից պահանջել է, որպեսզի վերջինս կարճ ժամանակ մտածելուց հետո նշի 3 127 800 դրամին համարժեք 6500 ԱՄՆ դոլար գումարը վճարելու կոնկրետ ժամկետ։ Հետո Ալեն Ասատրյանը հեռացել է կարաոկե ակումբից՝ պահանջված գումարի վճարման հարցը քննարկելու նպատակով։ Ասատրյանը զանգահարել և կարաոկե ակումբի մոտակայք է հրավիրել եղբորը՝ Արթուր Ասատրյանին, ով, ժամանելով ակումբ, Արթուր Էլիզբարյանի, Հրաչիկ Գևորգյանի և քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձանց հետ իջել է ակումբի նկուղային հարկ, որտեղ, ներկայացված պահանջը չկատարելու դեպքում, սպասվելիք բռնության գործադրման սպառնալիքն ամրապնդելու նպատակով, փակելով ակումբի մուտքի դուռը,  Գևորգյանն ու մյուս անձինք բռնություն են գործադրել Արթուր Ասատրյանի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին ու շարունակել պահանջել գումարը։ Հետո, ըստ մեղադրանքի, նորից նկուղային հարկ են հրավիրել Ալեն Ասատրյանին և վերջինիս հետ գտնվող Անուշավան Առուշանյանին, նրանց ևս զրկել ազատությունից։

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Հրաչիկ Գևորգյանը 2020 թվականի հունիսի 26-ին՝ ժամը՝ 02:30-ի սահմաններում, Արթուր Էլիզբարյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, Երևան քաղաքի Տիգրան Պետրոսյան 18/1 հասցեի դիմացից խաբեության միջոցով բացահայտ առևանգել է Ալեն Ասատրյանին:

Ըստ այս դրվագի՝ Հրաչիկ Գևորգյանն Արթուր Էլիզբարյանի, Արտյոմ Թելունցի և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ գնացել է Դավիթաշեն 1-ին թաղամասի 9-րդ շենքի մոտ, որտեղ  խմբով հանդիպել են Ալեն Ասատրյանին։  Հրաչիկ Գևորգյանը փորձել է բռնություն գործադրելով՝ քաշելով, Ալեն Ասատրյանի կամքին հակառակ, նրան նստեցնել Արթուր Էլիզբարյանի կողմից վարվող ավտոմեքենան, սակայն Ալեն Ասատրյանը, հրելով նրան մի կողմ, կանխել է նրա գործողությունները: Այնուհետև Արթուր Էլիզբարյանը, լրացնելով Հրաչիկ Գևորգյանի գործողությունները, խաբեության միջոցով, այն է՝ Ալեն Ասատրյանին հավաստիացնելով, որ գնալու են երկուսով առանձին զրուցեն, նրան նստեցրել է իր կողմից վարած ավտոմեքենան և շեղվելով ճանապարհից՝ Ալեն Ասատրյանին տեղափոխել Կենտրոն վարչական շրջան, որոնց մեկ այլ ավտոմեքենայով հետևել են Հրաչիկ Գևորգյանը, Արտյոմ Թելունցը, Նարեկ Հարությունյանը և քննությամբ ինքնությունները չպարզված մի խումբ անձինք: Հասնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «Մարգարյան» հիվանդանոցի դիմացի հատվածում գտնվող զբոսայգի, Հրաչիկ Գևորգյանն Արթուր Էլիզբարյանի, Արտյոմ Թելունցի, Նարեկ Հարությունյանի և այլ անձանց հետ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալեն Ասատրյանի մարմնի տարբեր մասերին, ապա Ալեն Ասատրյանին բռնություն գործադրելու սպառնալիքի ազդեցության տակ ուղեկցել Երևանում գտնվող մի տուն, որտեղ ներսից կողպել են տան մուտքի դռան փականը՝ այդ կերպ և իրենց ներկայությամբ խոչընդոտելով Ալեն Ասատրյանի տանից դուրս գալը և սահմանափակելով նրա ազատությունը:

Ըստ մեղադրանքի՝  Հրաչիկ Գևորգյանը, ներգրավված լինելով քրեական հեղինակություն հանդիսացող «Նորատուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մեջ և 2020 թվականի հունիս ամսին շարունակելով ներգրավված լինել խմբավորման մեջ, մասնակցել է Արթուր Էլիզբարյանի կողմից խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, մասնավորապես՝ ֆինանասական վեճ լուծելու և արդյունքում 3000 ԱՄՆ դոլար գումար օգուտ ստանալու գործընթացին։

Նշենք, որ նախ դատարան է ուղարկվել Արա Բանդուրյանի և Հրաչիկ Գևորգյանի, ապա՝ Արտյոմ Թելունցի և Արթուր Էլիզբարյանի վերաբերյալ գործ, դրանք առանձին կքննվեն։ Բանդուրյանի և Գևորգյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին, իսկ Արտյոմ Թելունցի և Արթուր Էլիզբարյանի գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է։

Արա Բանդուրյան  այս պահին ամբաստանվում է մեկ այլ գործով ևս։ Ըստ այդ մեղադրանքի՝ Բանդուրյանը Երևանի մեկ այլ ակումբում՝ «Հուկաման»-ում խուլիգանություն է կատարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter