
Թալիբները վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը
«Թալիբան» շարժման գրոհայինները ներկայում վերահսկում են Աֆղանստանի տարածքի գրեթե 65 %-ը։ Այդ մասին գրում են Reuters-ը և AFP-ն՝ հղում անելով Եվրամիության իրենց աղբյուրներին։
Վերջինիս խոսքերով՝ աֆղանական կառավարական ուժերի հնարավորություններն էականորեն թուլացել են՝ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառով։
Al Jazeera-ի տեղեկություններով՝ թալիբները մեկ շաբաթից քիչ ժամանակահատվածում նվաճել են Աֆղանստանի 34 պրովինցիաներից 8-ի վարչական կենտրոնները։ Դրանցից առաջինը Զարանջն է, որը գրավվել է օգոստոսի 6-ին։ Նախօրեին էլ նրանց վերահսկողության տակ էր անցել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կունդուզ քաղաքը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն դեռ նախորդ տարի թալիբների հետ պայմանավորվել էր Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման մասին, որը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։ Ամերիկացիներն այդ երկրում էին 2001 թվականից։
Ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին «Թալիբանը» սկսել էր հարձակվել կառավարական ուժերի դիրքերի ուղղությամբ։ Հուլիսի վերջին շարժումը հայտարարել էր, որ վերահսկում են Աֆղանստանի սահմանների 90 %-ը։
Լուսանկարը՝ Noorullah Shirzada/AFP
Մեկնաբանել