HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Թագուհի Թովմասյան. «Լրագրողները չեն կարող լինել առաջին կասկածյալները, չեն կարող թիրախավորվել»

Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Թագուհի Թովմասյանին հիշեցրեց ոչ վաղ անցյալում իշխանական թիմի մասը լինելու մասին: Նա հետաքրքրվեց, թե արդյոք պատգամավորը կրում է քաղաքական պատասխանատվություն իշխանության թե լավ, թե վատ արդյունքների համար այն ժամանակահատվածի համար, երբ վերջինս քաղաքական մեծամասնության պատգամավոր է:

«Ես երբեք պատասխանատվությունից խուսափող չեմ եղել, ես պատասխանատվություն եմ կրում իմ բոլոր քայլերի և դրանց հետևանքների համար, բայց սովոր եմ պատասխանատվություն կրել այն բաների համար, որոնցից տեղյակ եմ»,-արձագանքեց Թագուհի Թովմասյանը:

Պատգամավորի խոսքով` պատերազմի ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ինքն առնվազն տեղյակ չի եղել իշխանության քայլերի տրամաբանությունից, հետևաբար եթե տեղյակ չի եղել, չի կարող պատասխանատվություն կրել:

Ռուբինյանը հետաքրքրվեց, թե արդյոք «Պատիվ ունեմ» խմբակցության ամբողջ գործունեությունից տեղյակ է: Թովմասյանն ասաց, որ դաշինքը նոր է ձևավորվել, ավելի այլ ավանդույթներով, բացի այդ ընդդիմադիր խմբակցության դեպքում պատասխանատվությունն այլ է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մինչ իր հարցը տալը նկատեց` քաղաքական պատասխանատվությունից է խոսում մի թիմի ներկայացուցիչ, որը ցանկացած հարցի դեպքում ասում է նախկիններն են մեղավոր: Մանուկյանը, դիմելով Թովմասյանին, հիշեցրեց, որ երկար տարիներ լուսաբանել են խորհրդարանի աշխատանքը, քննադատել իշխանություններին, սակայն երբեք նման սահմանափակումներ չեն եղել, և լրագրողների աշխատանքը չի խոչընդոտվել այնպես, ինչպես` հիմա: Պատգամավորը հետաքրքրվեց, թե այս հարցով ինչ է պատրաստվում անել Թովմասյանն ընտրվելու դեպքում:

Թագուհի Թովմասյանն արձագանքեց` մինչև հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրվելը սկսվել է զբաղվել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ, և առաջիններից մեկն է եղել, որ բարձրաձայնել է ԱԺ ղեկավարության մտադրության մասին: Թովմասյանի խոսքով` ԱԺ ղեկավարության հետ իր պաշտոնական գրագրությունը շարունակվում է, նա հույս հայտնեց, որ այս հարցում ԱԺ ղեկավարությունը զիջումների կգնա: Նա կարևորեց պատգամավորների անվտանգությունը, սակայն ընդգծեց` այն չի կարող լինել լրագրողների իրավունքների սահմանափակման հաշվին:

«Լրագրողները չեն կարող լինել առաջին կասկածյալները, չեն կարող թիրախավորվել: Այն ինչ կատարվում է նիստերի դահլիճում և դահլիճից դուրս, հանրությունը պարտավոր է իմանալ: Մենք պարտավոր ենք հանրային դաշտում ավելի թափանցիկ լինել և հաշվետու: ԱԺ-ում չկա այնպիսի աշխատանք, իրավիճակ, որ արժե թաքցնել»,-ասաց Թովմասյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև երեկվա միջադեպին` ընդգծելով, որ օթյակում աշխատող լրագրողների մասնագիտական օրինական աշխատանքը խոչընդոտվել է, ինչը «մարդու իրավունքների ոնահարման կլասիկ դեպք է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter